Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՄՈՒԿ ԵՎ ԱՂԱՂԱԿ

Մայիս 25,2012 14:08

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասնմեկերորդ

ԱՂՄՈՒԿ ԵՎ ԱՂԱՂԱԿ

Եթե ինձ, այնուամենայնիվ, հաջողվի հանդիպել Ջանիբեկյան Կարենին, ես իրենից ոչ թե իրենց էդ համատեղ ու անձնական երջանկության մասին տվյալներ ու մանրամասներ եմ փորձելու կորզել, այլ համառորեն ու վճռականորեն փորձելու եմ իրենից կորզել իրենց էդ անձնական ու համատեղ երջանկության մասին գրելու իրավունքը, եւ եթե նույնիսկ Կարենն էդ իրավունքն ինձ չտա, միեւնույն է, արդեն սկսածիցս հետ չեմ կանգնելու ու բստրելով  շարունակելու եմ իրենց անձնական ու համատեղ երջանկության մասին էս բստրածս, եւ չնայած հասկանում ու գիտակցում եմ, որ եթե մեկ այլ արձակագիր իմ իսկ անձնականի մասին էսքան բստրեր, ես կտրականապես էի դեմ լինելու, այդուհանդերձ, նաեւ հասկանում ու գիտակցում եմ, որ եթե էդ այլ արձակագիրն իմ անձնականի մասին բստրելով էսքան գրեր, ու ես էլ դեմ լինեի անձնականիս մասին իր բստրելով գրելուն, միեւնույն է, էդ այլ արձակագիրն իմ դեմ լինելուն չէր նայելու եւ ոչ միայն իր արդեն բստրածն էր տպագրելու, այլեւ շարունակելու ու առնվազն հարաբերական ավարտի էր հասցնելու իմ իսկ անձնականի վերաբերյալ իր իսկ բստրածը, բայց քանի որ հիմա դժվարանում եմ պատկերացնել էդ այլ  արձակագրին, որի բստրածներն «Առավոտը» վեց ու յոթ տարի շարունակ տպագրեր, ստիպված եմ ինքս ինձ վրա կանգ առնելով ու կենտրոնանալով՝  մտածել ու հասկանալ՝ արդյոք ճի՞շտ եմ անում, որ Լիանայի էդ մեծ  եւ Կարենի էդ մեծ ու հերթական երջանկությունն էսպես ինձանից բստրելով՝ ներկայացնում ու հրամցնում եմ ձեզ, եւ շտապելով ու ինքս իմ հարցին պատասխանելով՝  պիտի պատասխանեմ ու հետեւյալն ասեմ. ճիշտն ու սխալը չգիտեմ, բայց որ մեր երջանիկ նորապսակների մասին առ էս պահը որեւէ վատ կամ բացասական բան չեմ գրել, ոչ միայն ես, այլեւ ինքներդ էլ  կարող եք վկայել ու հաստատել, ընդ որում՝ ոչ միայն Կարենի ու Լիանայի, այլեւ իմ էս հորինովի պատմության երկրորդական մասնակիցների մասին էլ որեւէ վատ կամ բացասական բան չեմ գրել, եւ ընդհանրապես՝ ես որեւէ մեկի մասին վատը կամ  բացասականը շեշտելու սովորություն չունեմ, եւ, ընդհակառակը, ցանկացած մարդու մեջ լավն ու դրականը հայտնաբերելու, նշելու, շեշտելու ու ներկայացնելու սովորությունն ունեմ, որովհետեւ համարել ու համարում եմ, որ ցանկացած՝ նույնիսկ ամենավատ մարդու մեջ դրականն ու լավը գոյություն ունեն ու կան, եւ եթե ինձ հակառակվելով ասեք թե՝ բնության ու իրականության մեջ կան նաեւ մարդիկ, որոնք բացարձակապես զուրկ են լավ  ու դրական հատկանիշներից, ես, ձեր ասածն ի գիտություն ընդունելով հանդերձ, կխոստովանեմ, որ, բարեբախտաբար, առ էսօր էդպիսի մարդու չեմ հանդիպել, իսկ ինչ վերաբերում է իմ հերոսներին ու հատկապես իմ էս վերջին պատմության հերոսներին, նրանց մեջ լավն ու դրականն էնքան շատ են, որ եթե նույնիսկ ուզեի էլ, չէի կարող  իրենց մասին վատ ու բացասական բաներ գրել, իսկ ինչ վերաբերում է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավենին, իր հյուրընկալությունն ու հյուրասիրությունն անձամբ վայելել եմ ընդամենը մի քանի օր առաջ, երբ Հայկունու ու Օրթախ Աբոյի հետ Աբոյի  մոսկվացի հյուրին տարել էինք Փարաջանովի թանգարան, եւ մեր բախտից թանգարանի տնօրեն Զավենը տեղում էր, ու մեր պատվին սեղան գցեց՝ կոնյակով, սուրճով, մրգերով ու քաղցրավենիքով, եւ Զավենի  կոնյակն էնքան ընտիր էր, որ նույնիսկ  Հայկունին չկարողացավ էդ կոնյակին անուն կպցնել. այսինքն, որ ասում էի թե՝ Կարենի ու Լիանայի պատմությունը ծայրեծայր եմ բստրել, փաստորեն էնքան էլ էդպես չի, որովհետեւ Զավենի անզուգական կոնյակն ընդամենը մի քանի օր առաջ եմ ըմբոշխնել՝ Հայկունու, Օրթախ Աբոյի եւ Օրթախի ֆիզիկոս հյուրի հետ համատեղ, եւ չնայած Զավենի կոնյակով Օրթախի մոսկովյան ուսանողական ընկեր Սաշա  Մորոզովն էր առանձնապես հիացած, Զավենի էդ կոնյակը մեր կողմից էլ բարձր գնահատականի արժանացավ. Հայկունու քսանբալանոց սիստեմով՝ ամբողջ տասնեւութ բալ, եւ նմանապես Փարաջանովի կոլաժներն ու գեղանկարչական աշխատանքները Հայկունու կողմից բարձր գնահատականի արժանացան՝ տասնութուկես բալ, եւ եթե ուզում եք իմանալ, թե Հայկունու շնորհած էդ տասնութուկեսն իրականում ինչ արժեք ունի, պիտի ձեզ  տեղեկացնեմ ու իրազեկեմ, որ Հայկունու  էդ քսանբալանոց սիստեմով քչերն են տասնութից բարձր բալի արժանացել՝ Այվազովսկին, Պիկասոն, Սարյանը, Արշիլ Գորկին եւ էլի որոշներ, գրողներից՝ Մարկեսն ու մի քանի ուրիշներ, իսկ տասնիննի՝ Չարենցը, Տոլստոյը, Դոստոեւսկին, Գոգոլն ու Սերվանտեսը, եւ  Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմով գրականության բնագավառից առ էսօր միայն Նարեկացուն է հաջողվել  Հարությունյան Հայկունուց ամբողջ քսան բալ կորզել, մինչդեռ կինոգործիչներից  որեւէ մեկը Հայկունու կողմից քսանի չի արժանացել, եւ կինոգործիչներից միայն Ֆելինին ու Փարաջանովն են Հայկունուց տասնիննուկես  ստացել. այսինքն, եթե հաշվի առնենք, որ կինոյի բնագավառում Հայկունու տասնիննուկեսին արժանացած  Փարաջանովն իբրեւ գեղանկարիչ նույն Հայկունուց տասնութուկես է կորզել՝ Սարյանի, Այվազովսկու, Պիկասոյի ու Արշիլ Գորկու չափ, պիտի ընդունենք, որ Հարությունյան Հայկունին Փարաջանովի  գեղանկարչական աշխատանքներն ու կոլաժները չափազանց բարձր է գնահատում, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ Փարաջանովի էդ աշխատանքներն ինձ, Օրթախին ու Օրթախի մոսկովյան ուսանողական ընկեր Սաշա Մորոզովին էլ էին ապշեցրել, պիտի համաձայնության  գանք, որ Փարաջանովի գեղանկարչական աշխատանքներն ու մանավանդ կոլաժները նույն հաջողությամբ կարող էին ապշեցնել նաեւ Ջանիբեկյան Կարենի երջանկության առարկա Անթառանյան Լիանային, եւ էս վերջին հանգամանքն ընդունողներից որեւէ մեկն արդեն ինձ չի կարող մեղադրել, որ Կարենին ու Լիանային հենց Փարաջանովի տուն-թանգարանում հանդիպացրի, ավելի ճիշտ՝ դա ոչ թե տուն-թանգարան է, այլ՝ պարզապես թանգարան, որովհետեւ, ինչպես Թումանյանին, Փարաջանովին եւս բախտ չվիճակվեց իր իսկ ապագա թանգարանում գոնե մի քանի օր ապրել եւ ստեղծագործել, եւ սա, իհարկե, հայի բախտ ու հայի ճակատագիր է՝ ապրել ու ստեղծագործել օտարության մեջ եւ  մեռնել ու անմահանալ Մայր հայրենիքում, բայց հայի բախտի ու ճակատագրի մասին էս դատողություններս ժամանակավորապես դադարեցնելով եւ Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմն էլ մի կողմ թողնելով՝ ուզում եմ վերստին վերադառնալ երիտասարդ խոստումնալից դրամատուրգ Անթառանյան Լիանայի առաջին եւ ժողովրդական  դերասան Ջանիբեկյան Կարենի հերթական երջանկությանը, իսկ ավելի ստույգ՝ ես Կարենի ու Լիանայի անձնական ու համատեղ երջանկությանը վերադառնալով՝ ամենեւին էլ չեմ վազն անցնում հայի ճակատագրից ու Հայկունու քսանբալանոց սիստեմից, որովհետեւ երիտասարդ խոստումնալից դրամատուրգ Անթառանյան Լիանան եւ ժողովրդական  դերասան Ջանիբեկյան Կարենը միանգամայն զտարյուն ու որակյալ հայեր լինելով՝ չեն կարող դուրս գտնվել հայի բախտ ու հայի ճակատագիր կոչվող ընդգրկուն ու անսահման տարածությունից, եւ նմանապես Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմից չէին կարող դուրս մնալ, որովհետեւ մաթեմատիկոս Հարությունյան Հայկունու հեղինակած ու մշակած քսանբալանոց սիստեմը ոչ միայն արվեստի, գիտության ու քաղաքական գործիչներին է վերաբերում, այլեւ բնության ու իրականության մեջ գոյություն ունեցող զանազան երեւույթներին՝ ներառյալ մարդկային երջանկությանը, եւ, համոզված եմ, եթե Հայկունին մոտիկից ճանաչեր Ջանիբեկյան Կարենին,  վերջինիս ու Լիանայի էս անձնական ու համատեղ երջանկությանն ամբողջ քսան բալ կշնորհեր. ավելին. եթե Հայկունին մոտիկից ճանաչեր Ջանիբեկյան Կարենին, ոչ միայն վերջինիս էս վերջին երջանկությանը քսան բալ կշնորհեր, այլեւ՝ Կարենի նախորդներին էլ, որովհետեւ ինձ պես ինքն էլ է համարում, որ մարդկային երջանկությունն ունեցվածքի  ու փողի հետ բացարձակապես կապ չունի, ու էդպես համարելով՝ էդ օրն իմ, ֆիզիկոս Օրթախ Աբոյի ու Օրթախի  ֆիզիկոս ընկեր Մորոզով Սաշայի հետ Փարաջանովի տասնութուկես բալանոց արվեստն ու Զավենի տասնութ բալանոց կոնյակն ըմբոշխնելով՝ Փարաջանովին բացարձակ երջանիկ մարդ եւ քսանբալանոց կինոռեժիսոր հայտարարեց, մինչդեռ, նախքան էդ, ինքը Փարաջանովին որպես կինոռեժիսոր ընդամենը տասնիննուկես էր գնահատում, եւ որպեսզի ձեզ համար ավելի հասկանալի լինի, պիտի մի անգամ եւս նշեմ, որ Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմով՝ հայերից քչերն են տասնութից բարձր գնահատականների արժանացել. Վիկտոր Համբարձումյանն՝ առաջին հերթին, այնուհետեւ՝ Սարյանը, Խաչատրյանը, Թամանյանն ու Թումանյանը, Փարաջանովը, ինչպես նաեւ՝ Դուրյանն ու Մեծարենցը, եւ եթե որեւէ մեկին մոռացա, թող հարազատները, ժառանգներն ու անձամբ Հարությունյան Հայկունին ինձ ներեն, իսկ ինչ վերաբերում է Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմի  կոնկրետ քսան բալին, էս քսանին, նախքան Հայկունու Փարաջանովյան էդ վերջին ոգեւորությունը, հայերից միայն Նարեկացին էր արժանացել, եւ որպեսզի ձեզ համար էլ պարզ լինի, որ դա հայերիս համար առանձնահատուկ պատիվ է, պիտի նաեւ հավելեմ, որ շատ ու շատ երեւելի ժողովուրդներ Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմում ընդհանրապես քսանբալանոց ներկայացուցիչ չունեն. այսինքն, Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմի  քսանբալանոցները՝ Նարեկացին, Նյուտոնը, Միքելանջելոն, Լեոնարդոն ու մի քանի այլ երջանիկներ Հայկունու քսանբալանոց սիստեմում առանձնապես մեծ շրջապատ չունեն, եւ չնայած Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմը հիմնականում գիտության, արվեստի ու քաղաքական գործիչներին է վերաբերում ու ներառում, բոլոր ժամանակների քաղաքական գործիչներից որեւէ մեկին բախտ չի վիճակվել Հարությունյան Հայկունու քսանին արժանանալ, եւ չնայած իր էդ քսանբալանոց սիստեմը հիմնականում արվեստի ու գիտության մարդկանց  եւ քաղաքական գործիչներին է վերաբերում, Հարությունյան Հայկունին մի ընդլայնված ցուցակ էլ ունի, որը ոչ միայն արվեստի, գիտության ու քաղաքական գործիչներին է ներառում, այլեւ՝ ընդհանրապես մեծ մարդկանց, եւ ի պատիվ հայերիս պիտի ասեմ, որ էդ ընդհանրապես մեծերի ցուցակում եւս մենք քսանբալանոց ներկայացուցիչ ունենք՝ Մեսրոպ Մաշտոցը, ավելի ստույգ՝ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը միասին, որովհետեւ շատերի պես Հարությունյան Հայկունին էլ է համարում, որ առանց Սահակի Մեսրոպը դժվար թե հայոց տառերի ստեղծման էդ բարդ ու պատասխանատու գործը գլուխ բերեր, եւ չնայած լավ չեմ հիշում՝ էդ ցուցակում Մեսրոպից ու Սահակից բացի ուրիշ ովքեր կային, շատ լավ հիշում եմ, որ Սահակն ու Մեսրոպն էդ ցուցակի վերին տեղերում էին, եւ որպեսզի Սահակն ու Մեսրոպն իրենց մենակ չզգան, երկար բանավեճերից ու Օրթախի ակտիվ միտջամտությունից հետո Մեսրոպի ու Սահակի  կողքին Կիրիլի ու Մեֆոդիի անուններն էլ Հարությունյան  Հայկունու ձեռամբ ավելացվեցին. այսինքն, ուզում եմ ասել, որ չնայած էդ քսանբալանոց սիստեմի գաղափարն ու հեղինակային իրավունքը Հայկունունն են, եւ չնայած Հարությունյան Հայկունին արվեստի, գիտության, քաղաքական գործիչների եւ ընդհանրապես մեծ մարդկանց մասին իր սեփական կարծիքն ու սեփական ցուցակներն ունի, այդուհանդերձ, մենք էլ մեր կարծիքն ունենք, եւ Հարությունյան Հայկունին մեծահոգաբար համաձայն է, որ իր քսանբալանոց համակարգից օգտվելով՝ մենք էլ մեր հայեցողությամբ նմանատիպ  ցուցակներ կազմենք. ընդ որում, շատ հաճախ մեր շրջապատում Հայկունին ի՛նքն է քննարկումներ ու քվեարկություններ կազմակերպում, որպեսզի, ինչու չէ,  նաեւ մեր կարծիքները հաշվի առնելով՝ իր իսկ ցուցակների որոշ ճշգրտումներ ու լրացումներ կատարի, բայց, նախքան ճշտումներ ու լրացումներ կատարելը, Հայկունին բոլորիս հետ մեկ առ մեկ  քննարկում ու այնուհետեւ քվեարկություն է անցկացնում, եւ  քանի որ էդ քննարկումներն ու քվեարկությունները սովորաբար չափազանց բուռն ու չափազանց աղմկոտ են անցնում, իմ առաջարկությամբ ու նախաձեռնությամբ էդ քննարկումներն ու  քվեարկություններն անց ենք կացնում Սադոյան Արշակի կուսակցության գրասենյակում, որը, երեւի քչերդ գիտեք, գտնվում է Պոնչիկանոցի շենքի երկրորդ հարկում, այսինքն՝ անմիջապես Պոնչիկանոցի վրա, եւ անձամբ Արշակն էլ դեմ չի, որ մեր էդ քննարկումների ու քվեարկությունների աղմուկն ու աղաղակն իր իսկ կուսակցության տարածքում ծավալվեն, որովհետեւ Արշակը, ի տարբերություն սովորական մահկանացուների, էս կյանքում հատկապես վեճերն ու աղմուկներն է սիրում, եւ, ի տարբերություն սովորական մահկանացուների, ամենեւին դեմ չի, որ էդ վեճերն ու աղմուկներն իր իսկ կուսակցական օջախում ծավալվեն. այսինքն, Սադոյան Արշակը լավ էլ հասկանում է, որ մազութի գործի բացակայության պայմաններում իր քաղաքական դիվիդենտները հողին  հավասարվելով՝ սպառնում են ընդհանրապես հօդս ցնդել, եւ բոլորս էլ հասկանում ենք էն՝ ինչը Սադոյան Արշակը բոլորիցս լավ է հասկանում. բոլորս ու մանավանդ Արշակը հրաշալի հասկանում ու գիտակցում ենք, որ կուսակցության ու մանավանդ քաղաքական գործչի ամենամեծ թշնամին լռությունն է, ընդ որում՝ ոչ էնքան տվյալ կուսակցության կամ տվյալ քաղաքական գործչի նկատմամբ լռությունը, ինչքան որ՝ տվյալ կուսակցության ու տվյալ քաղաքական գործչի ներսի լռությունը, եւ Սադոյան Արշակն էս հասարակ բանն, իհարկե, բոլորիցս լավ է հասկանում, որովհետեւ ժամանակին հենց Սադոյան Արշակն է բոլորից ավելի ճաշակել, վայելել ու ըմբոշխնել քաղաքական գործչի համար հույժ ցանկալի եւ հույժ պարտադիր աղմուկներն ու աղաղակները, ճիշտ էնքան՝ ինչքան որ էս պահին Տիգրան Կարապետովիչն է վայելում ու ըմբոշխնում, եւ էս պահ ասելով՝ նկատի ունեմ ԱԼՄ հեռուստաալիքի կասեցմանը հաջորդած էս մի քանի  օրերը, որոնք մեկը մյուսին հաջորդելով՝ Կարապետովիչին, բոլորին ու հատկապես Սադոյան Արշակին հավաստիացնում են, որ ընդդիմադիր քաղաքական գործչի վիճակն ու կարգավիճակն անհամեմատ երեւելի ու հաճելի է, քան՝ ԱԼՄ Հոլդինգի հիմնադիր տնօրենի պաշտոնը, եւ Կարապետովիչը, Արշակն ու շատերը նաեւ հասկանում են, որ էս պահին Մատենադարանին հարող տարածքում պատկառելի քանակությամբ ժողովուրդ հավաքելը մեկին գումարած մեկի պես բան է, որովհետեւ գազի, ջրի ու մնացած տարրական բաների գների տակ ճկռած ժողովուրդն արդեն ցանկացածի հետեւից ցանկացած ուղղությամբ կգնա՝ էդ ցանկացածին ձրիաբար պարգեւելով  քաղաքական գործչի համար ցանկալի ու պարտադիր  աղմուկն ու աղաղակը, եւ էս բանը բոլորից լավ հենց Սադոյան Արշակն է գիտակցում ու հասկանում, բայց էս պահին Արշակն էդ հաճույքը մեծահոգաբար ու գիտակցաբար Կարապետիչին է զիջել՝ ոչ միայն էն պատճառով, որ մազութի գործի բացակայության պայմաններում ինքը ժողովրդին առանձնապես ասելիք չունի, այլեւ էն պատճառով, որ իր տան անվերջանալի շինարարությունն իրենից լիքը ժամանակ է խլում, եւ եթե հաշվի առնենք, որ իր տան  շինարարությունը կարող է էս վեպիցս էլ երկար շարունակվել, պահեստի ընդդիմադիր գործիչ Սադոյան Արշակն առայժմ ստիպված է իր կուսակցության գվրասենյակում Հարությունյան Հայկունու ու մյուսներիս ծավալած աղմուկներով  ու աղաղակներով բավարարվել ու  սահմանափակվել, ընդ որում՝ ոչ թե պարզապես բավարարվում է էդ աղմուկներով ու աղաղակներով, այլեւ էդ ընդհանուր աղմուկին ու աղաղակին իր անկրկնելի ու անզուգական աղմուկն ու աղաղակն է գումարում:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031