Երեկ Երեւանի պետական համալսարանում կայացավ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նորայր Պողոսյանի «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակություններ» վերնագրով գրքի շնորհանդեսը: Հրատարակությունը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակն ասաց, որ 1512 թվականից տպված հայկական գրքերի էջերին կամ կազմին պահպանվել են հայ գրագետ մարդկանց (գիրքը նվիրողների, գնողների, գրքեր վերանորոգողների) ձեռքով գրված գրություններ: Հենց այդ է, որ պարոն Պողոսյանը ներկայացնում է իր գրքում:
«Դրանք պարունակում են լեզվական, պատմական, ազգագրական եւ այլ փաստեր: Հիշատակագրողներից մեկը նշել է իր կողմից գնված գրքի անունը ու թե որքանով է այն ձեռք բերել: Դրանով էլ մենք կարողացել ենք պատկերացում կազմել այդ ժամանակի գրքի գնի, գիրքը ստեղծելու, գրքի տարածման աշխարհագրական միջավայրի մասին: Այս ամենն էլ կարեւորելով՝ ծնվեց գիրքը գրելու ցանկությունը»,- ասում է հեղինակը:
«Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակությունների» մեջ քննվել են 200 տարվա ընթացքում (1512-1712թթ.) տպագրված հայերեն գրքերում հանդիպող ձեռագիր հիշատակագրությունները: Պողոսյանի կարծիքով, դրանք հարուստ նյութ են՝ վաղ աշխարհաբարի ուսումնասիրման համար:
Նորայր Պողոսյանն իր գրքի վրա աշխատել է մոտ 2 տարի, գիրքը տպագրվել է ԵՊՀ հովանավորությամբ: Տեղեկությունների աղբյուրներ հանդիսացել են գրադարաններում պահվող հնատիպ գրքերը: Հեղինակի խոսքով, կարելի է շարունակել ուսումնասիրությունները ու քննել նաեւ եվրոպական գրադարանները. «Ամեն նոր հիշատակարան ուսումնասիրելիս՝ նոր փաստեր ես հայտնաբերում մեր ժողովրդի պատմությունից»:
ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ