Այսօր ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն Իտալիայում ընթացող այդ տարիքային խմբի Եվրոպայի 11-րդ առաջնության էլիտ ռաունդի 7-րդ խմբում հանդիպելու է Բելգիայի իր հասակակիցների հետ, իսկ զուգահեռաբար պայքարելու են Իտալիան եւ Իսպանիան: Հայ ֆուտբոլիստներն ընտրական փուլի արգելքը հաղթահարել են անցած տարվա աշնանը՝ 10-րդ խմբում Հունաստանից հետո գրավելով երկրորդ տեղը, որին զիջել էին 1:2 հաշվով եւ պայքարից դուրս թողնելով Սլովակիայի եւ Անդորրայի ընտրանիներին, որոնց նկատմամբ առավելության էին հասել, համապատասխանաբար, 2:1 եւ 1:0 հաշվով:
Իտալիայում՝ «Միզիանո Ադրիատիկո Նուովո» ստադիոնում կայացած մեկնարկային հանդիպումում Վարազդատ Ավետիսյանի սաները Եվրոպայի գործող, իսկ ընդհանուր առմամբ՝ հնգակի չեմպիոն իսպանացիների հետ խաղի միայն լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին գոլ բաց թողեցին ու դաշտից հեռացան պարտված՝ 1:2: Դա բավականին դժվարացրեց հուլիսի 3-ից 15-ը Էստոնիայում կայանալիք եզրափակչի միակ ուղեգիրը նվաճելու հեռանկարը: Նույն խմբում Իտալիան նույնպես 2:1 հաշվով պարտության մատնեց մեր այսօրվա մրցակցին:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակում հավաքականները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:
Կարդացեք նաև
1. Իսպանիա 1 1 0 0 2-1 3
2. Իտալիա 1 1 0 0 2-1 3
3. Բելգիա 1 0 0 1 1-2 0
4. Հայաստան 1 0 0 1 1-2 0
Էլիտ ռաունդի վերջին խաղը մեր տղաները կանցկացնեն մայիսի 28-ին: Այդ օրը նրանք ուժերը կչափեն դաշտի տերերի՝ իտալացիների հետ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ