Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջայինով դիմորդներին քննությունից կհեռացնեն

Մայիս 25,2012 13:53

Զգուշացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղարը

Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական եւ միասնական քննությունները, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձեւավորված 8 քննակենտրոններում՝ հայտագրված է 1260 դիմորդ:

ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բոլոր քննասենյակներում տեղադրված կլինեն տեսախցիկներ, եւ ծնողները մոնիտորների միջոցով կարող են հետեւել, թե ինչ է կատարվում քննասենյակներում: «Բացի այն, որ քննասենյակում տիրող իրավիճակը տեսախցիկների միջոցով կփոխանցվի մոնիտորին՝ այդ կերպ ուղիղ կապ ստեղծելով քննասենյակի ու ծնողի միջեւ, նաեւ կտեսագրվի քննության ամբողջ ընթացքը, որպեսզի հետագայում, եթե խնդիրներ առաջանան կամ հարցեր լինեն, տեսագրության միջոցով կարողանան վեր հանել այն պատկերը, որը առկա է եղել քննասենյակում»,- հավելեց Գայանե Մանուկյանը:

Հարցին՝ քննակենտրոններում տեղադրվելու են խլացուցիչներ, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Երբ խլացուցիչների հետ կապված հարցադրում է լինում, միշտ փորձում եմ շրջանցել այդ թեման, քանի որ ներքին անհամաձայնություն ունեմ այդ իրողության հետ՝ կնախընտրեինք, որպեսզի երբեւիցե անհրաժեշտություն չզգացվեր դիմելու այդ սարքին: Լիահույս եմ, որ մոտ ապագայում փոխադարձ վստահությունն այն աստիճան բարձր կլինի մեր հասարակությունում, որ խլացուցիչները կբացակայնեն քննակենտրոններից: Դիմորդը եւ նրան քննակենտրոն ուղեկցող ծնողը շատ լավ գիտեն, որ արգելվում է քննության ներկայանալ բջջային հեռախոսով, սակայն քննություն հանձնողների գրեթե կեսից ավելին քննասենյակ է մտնում բջջայիններով, փորձում թաքցնել դրանք՝ հույս ունենալով որպես «հուշարար» օգտագործել: Այդ իսկ պատճառով քննության կազմակերպիչները դիմում են ծայրահեղ քայլի՝ քննակենտրոններում տեղադրելով խլացուցիչներ: Քանի որ խոսք գնաց այդ մասին՝ շեշտեմ, որ եթե դիմորդի մոտ հայտնաբերվի հեռախոս, նրան անմիջապես կհեռացնեն քննությունից»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս օրերին ԳԹԿ վերապատրաստումների բաժինը դասընթացներ է կազմակերպում քննական գործընթացում ներգրավված անձանց հետ (նրանք ոչ միայն ԳԹԿ աշխատակիցներ են, այլ ուսուցիչներ, հ/կ-ների ներկայացուցիչներ) եւ նրանց հստակ հրահանգվել է՝ դիմորդի մոտ հեռախոսի առկայության դեպքում նրան անմիջապես հեռացնել քննությունից:

 

Գայանե Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե որ մարզում քանի դիմորդ կա այս տարի, եւ քանի քննական կենտրոն կձեւավորվի յուրաքանչյուր մարզում։

Ըստ այդմ՝ Երեւանում դիմորդներների թիվը 5981 է ( 2010թ.՝ 6161 է եղել)։ Երեւանում կձեւավորվի 14 քննական կենտրոն, Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա (2010թ.՝ 730). այս մարզում կձեւավորվի 2 քննակենտրոն։

Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ (2010թ.՝ 1119). այստեղ կգործի 3 քննական կենտրոն։

Արմավիրում 1267 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝ 1330), եւ կլինի 3 քննակենտրոն։ Գեղարքունիքում դիմում-հայտ է ներկայացրել 1216 դիմորդ (2010թ.՝ 1248). կձեւավորվի 3 քննակենտրոն։

Լոռու մարզից 1437 դիմորդ կա. (2010թ.՝ 1430). քննակենտրոններն էլ 3-ն են, Կոտայքի մարզում 1310 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝ 1293) ու էլի 3 քննակենտրոն։ Շիրակի մարզում դիմորդների թիվը 1540 է (2010թ. 1522). Շիրակը 3 քննակենտրոն է ունենալու։

Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ (2010թ.՝ 838): Այս մարզում կձեւավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։

Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ (2010թ.՝ 381)՝ 1 քննակենտրոնում։ Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել (2010թ.՝ 728). այստեղ 2 քննակենտրոն կգործի։

Դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել Արցախի Հանրապետությունում։ Այստեղ 2010թ.-ին դիմորդների թիվը եղել է 876, իսկ այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 1260 դիմորդ։ Արցախի Հանրապետությունը կունենա 8 քննական կենտրոն։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031