Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԷ-ում արեւը տաք է, բայց չի ջերմացնում

Մայիս 25,2012 13:49

Նախկին հայաստանցու տպավորությունները

«Հայաստանաբնակ հայերի մոտ այնպիսի կարծիք կա, որ եթե ապրում ես Արաբական Միացյալ Էմիրություններում, ուրեմն մարմնավաճառ ես կամ, լավագույն դեպքում՝ անբարոյական»,- իր տարակուսանքը հայտնեց տիկին Թամարան, ով 2005 թվականից բնակվում է ԱՄԷ Շարժա քաղաքում: «ԱՄԷ-ը մուսուլմանական երկիր է եւ, որպես կանոն, ունի շատ խիստ բարոյական չափանիշներ: Այստեղ՝ փողոցներում, հասարակական վայրերում չես հանդիպի կարճ, բաց զգեստով կնոջ կամ հարբած, հայհոյող տղամարդու, մինչդեռ Հայաստանում դա շատ սովորական բան է, էլ չեմ խոսում «նախատեսված» վայրերում կանգնող մարմնավաճառների մասին»,- նշում է զրուցակիցս:

Տիկնոջ խոսքերով, թեեւ դպրոցական տարիներին վատ չի սովորել աշխարhագրությունը, բայց չգիտեր, որ կա ԱՄԷ, ուր հայտնվելու է ճակատագրի հեգնանքով, 5-րդ տասնամյակը բոլորելուց հետո, Երեւանում թողնելով իր տասնյակ տարիներով ստեղծած, արած-դրած տունը: Շարժայում գտնվելու համար նա ունի հարգելի պատճառ՝ խնամում է թոռներին, քանի որ Հայաստանում աշխատանք չունենալու պատճառով նախ աղջկա, ապա տղայի ընտանիքը հանգրվանեց ԱՄԷ-ում: Թամարան համոզված է. «Լավ կյանքից չէ, որ այսօր հազարավոր ընտանիքներ լքում են հայրենիքն ու օտար երկրներում բախտ որոնում՝ ամեն ինչ սկսելով զրոյից, չէ՞ որ դրսում էլ հաց վաստակելը հեշտ չէ, բայց այլ ելք չունեն: Ամբողջ կյանքս աշխատել եմ, բայց անկախացումից հետո հերթով փակվեցին բոլոր գործարանները, աշխատատեղերը, ամբողջ ընտանիքով մնացինք առանց աշխատանք, ինչ էր մնում անելու, ոնց ապրեինք…»:

Սկզբում դժվար էր. օտար երկիր, լեզու չգիտեր, սակայն ունենալով շփվող, կենսուրախ բնավորություն, կամաց-կամաց սովորում է անգլերեն, ինչն օգնում է նրան ծանոթանալ ու հաղորդակցվել բազմահարկ շենքում ապրող բազմազգ հարեւանների անց ու դարձին, դարդ ու ցավին, անգամ «հայավարի» հասնում է, օգնում՝ մի քանի ժամ երեխայի է պետք զբաղեցնել, թե խանութից է պետք ինչ-որ բան բերել: Արձակուրդ գնացող հարեւանները նրան են վստահում իրենց տան բանալիները: Չնայած այս ամենին, տիկինը կարոտով է հիշում Հայաստանը. «Հայ հարեւանն ուրիշ է, այստեղ չկա հայկական անմիջականությունը, ջերմությունը, ոչ ոք քեզ իր տուն չի հրավիրի սուրճ կամ թեյ խմելու, միայն դրսում հանդիպում են, ջերմ բարեւում, անցնում: Քիչ թե շատ արաբ հարեւաններն են շփվում, քանի որ շատերը Սիրիայից ու Լիբանանից են, լավ գիտեն հայերին, նրանց սովորույթները»:

Այս ամենն, իհարկե, ուրախացնում է տիկին Թամարային, սակայն երջանիկ չէ, քանի որ կգերադասեր մնալ իր երկրում՝ ամուսնու, հարազատների մոտ: Մինչդեռ ստիպված է ապավինել երեխաներին, ժամանակ առ ժամանակ որոշ գումար ուղարկելով Երեւանում մնացած գործազուրկ ամուսնուն, որպեսզի վերջինս կարողանա իր գոյությունը պահպանի:

Տիկին Թամարան, թոռներին խնամելուց զատ, դասավանդում է նաեւ բարեգործական հիմունքներով գործող Շարժայի հայկական կիրակնօրյա դպրոցի մանկապարտեզի՝ «բողբոջ» դասարանի երեխաներին: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցում հատ ու կենտ հայաստանցի երեխաներ կան, քանի որ ուսուցումն արեւմտահայերեն է: Այստեղ ուսուցումն էլ է տարբեր՝ հայեցի են դաստիարակվում, ազգային ոգին բարձր է, բոլոր դասարաններում ամեն անգամ դասը սկսվում է «Հայր մերով», ավարտվում՝ Հայաստանի հիմնով: Նա ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին սերտացել է մշակութային կապը Հայաստանի հետ, հաճախ են հայ երգիչ-երգչուհիներն այցելում: Տեղի հայ համայնքը ջերմ է ընդունում, քանի որ քաղց ունեն ազգային մշակույթի նկատմամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ
Երեւան-Շարժա-Երեւան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031