Այսօր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտական դասարանի սաների «վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան զինվորականներ:
Շնորհավորելով վարժարանի 84 շրջանավարտներին՝ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանն իր խոսքում նշեց, որ վարժարանում անցկացրած տարիների ընթացքում շրջանավարտները հասունացել, սովորել են ապրել զորանոցային պայմաններում, կոփվել ոչ միայն մարմնով, այլեւ հոգով, եւ արել ամեն ինչ, որպեսզի հայոց հաղթանակած բանակի սպա դառնալու երազանքն իրականանա: Դիմելով շրջանավարտներին՝ գնդապետ Ոսկանյանն ասաց. «Ուրախ եմ, որ այս տարվա շրջանավարտներից շատերը դիմելու են Հայաստանի եւ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ: Շնորհավորում եմ, ու բարի երթ մաղթում բոլորիդ»:
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն էլ իր շնորհավորական խոսքում ասաց.«Այսօր ռազմամարզական վարժարանը իր հերթական սերունդն է ուղարկում կյանքի մեծ ճանապարհ, որը կոչվում է զինվորական ծառայություն եւ հերթական այս սերունդը հարստացնում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատմությունը. պատմություն, որը սկսել է դեռ պատերազմական ժամանակահատվածում եւ այդ փորձություններով անցնելով՝ վարժարանն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները: Առաջին հերթին, որ նա կրում է լեգենդար Մոնթեի անունը, շրջանավարտները փորձում են նմանվել Մոնթեին, այսինքն՝ լինել նրա նման մարդկային, վսեմ հատկանիշներով օժտված, եւ զինվորական հմտություններով, ունակություններով հարուստ փորձ ունեցող անձնավորություններ»: Նախարարի խոսքով՝ վարժարանը տվել է շուրջ 1000 շրջանավարտ եւ նրանցից շատերն այսօր զորամասերի հրամանատարների ու հրամանատարների տեղակալների պաշտոններում են իրենց ծառայությունը տանում եւ իրենց փորձը տալիս հայոց բանակի մարտունակության ամրապնդմանն ու զարգացմանը. «Փառք Աստծո, այսօր մենք խաղաղ պայմաններում ենք ծառայում, խաղաղ պայմաններ, որ ապահովում են ՀՀ զինված ուժերը: Միջազգային երաշխիքները չեն առաջին հերթին, որ ստիպում են մեր հակառակորդներին զերծ մնալ ոտնձգություններից, դա սպաների եւ զինվորների անհատական պատրաստվածությունն է, ստորաբաժանումների համախմբվածությունն ու ներդաշնակությունն է ստիպում հակառակորդին զերծ մնալ ռազմական ոտնձգություններից, որովհետեւ գիտեն, որ մեր բանակը մարտունակ է եւ պատրաստ է ապահովել մեր ժողովրդի խաղաղ անդորրը»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ