Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորը չի կարող ինքն իրեն դատավոր լինել»

Մայիս 25,2012 13:38

Փաստաբան Լուսինե Սահակյանը բացարկ է հայտնում ճանաչված դատավոր Մխիթար Պապոյանին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22 ամիս է, ինչ քննվում է 2010թ. Ամանորից հետո «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն դրամի գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը:

Անդրանիկ դատական նիստերը 5 ամիս նախագահել էր նույն տարածքի դատավոր Արմեն Խաչատրյանը, ապա՝ դատավոր Մխիթար Պապոյանը:

Երեկ մի քանի միջնորդությունների հետ կապված դատարանի դիրքորոշումը լսելուց հետո՝ Վահրամ Քերոբյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների միության անդամ Լուսինե Սահակյանը, չթաքցնելով իր ափսոսանքը, բացարկ հայտնեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: «Հայաստանի Հանրապետությունում նշվում էին մի քանի դատավորներ, որոնք համարվում էին օբյեկտիվ: Դուք նշվում էիք այդ դատավորներից մեկը: Ցավով եմ նշում, որ գործի ընթացքում, մինչ մեր ներգրավվածությունը, դուք անկողմնակալ չեք եղել: Վստահ եմ, դա կապված չէ եղել Ձեր դեպքում Քրեական դատավարության օրենսգրքի վատ իմացությամբ: Դուք տիրապետում եք օրենսդրությանը, ցավոք, թույլ եք տալիս խախտումներ:

Մեր պաշտպանյալները գտնվում են ակնհայտ անազատության մեջ, վաղուց լրացել է նրանց կալանքի ժամկետը (201թ. փետրվարի 6-ից- Ռ. Մ.): Սակայն դատարանը պետք է հայտներ ոչ թե կալանքից, անազատությունից զրկելու մասին իր կարծիքը, այլ այն որոշման, որով նրանց կալանել են»:

Ճանաչված փաստաբանն անդրադարձավ ինքնաբացարկի ինստիտուտին, մասնավորապես՝ հղում անելով ամերիկյան իրավաբանների ընկերակցության փորձագետներին: Ըստ վերջինների, Հայաստանում բացարկի հարցը լուծում է դատավորն ինքն իր հետ: Ամերիկացիները գտնում են, որ «դատավորը չպետք է ինքն իրեն դատավոր լինի», ընդսմին, ըստ նրանց, նույնիսկ ամենաազնիվ դատավորը մեն- մենակ մնալով խորհրդակցական սենյակում, չի կարող պահպանել «օբյեկտիվ կանխակալության սկզբունքը»: Լուսինե Սահակյանը միեւնույն ժամանակ չժխտեց, որ նախորդ դատական նիստերի ժամանակ իրենց միջնորդությունները բավարարվել են:

Նա ակնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության մասին, ասելով. «Եթե Եվրոպական դատարան ընդունվելու լինի այս գործը, արդեն իսկ լուրջ խնդիր կծագի, եթե պարզվի, որ բացարկի հարցը լուծել եք դուք»:

Ստեփան Հովակիմյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Սաֆարյանը հանդես եկավ մի քանի միջնորդություններով: Նա պահանջում էր, որպեսզի դատարանն ապացույց ճանաչի իրենց իսկ կողմից ներկայացված մի քանի փաստաթղթերը: Խոսքը ոստիկանության Կենտրոնի բաժնում 2010թ. փետրվարի 19-ին բերման ենթարկելու, փաստաբան չունենալու, Ստեփան Հովակիմյանի մեկուսարանի խցի ընկերների հայտարարությունների մասին էր: Խցի 3 ընկերները հայտարարել էին, որ կարող են գալ դատարան եւ պնդել, որ Ստեփանը ոտքերի, մեջքի ցավերից է դժգոհել եւ ասել, որ իրեն դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության բաժնում, ինչի հետեւանքով նա տվել է ինքնազրպարտչական բնույթի ցուցմունք:

Պաշտպանական կողմը միջնորդեց նաեւ, որպեսզի իրենց տրամադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի քաղաքային եւ փոխտնօրենի բջջային հեռախոսների վերծանումները՝ 2010թ. հունվարի 11-ից մինչ փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար, որպեսզի պարզվի, թե, արդյոք, կինոթատրոնը տեղյա՞կ է եղել գողության մասին, դիմե՞լ է ոստիկանություն:

Հեռախոսային վերծանումների հետ կապված՝ դատարանը նախորդ անգամ մերժել էր այս միջնորդությունը, գտնելով՝ այդ հեռախոսները ոչ կասկածյալներինն են, ոչ մեղադրյալներինը: Իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ շատ հանցագործություններ են բացահայտվել «այլ անձի հեռախոսային վերծանումների արդյունքում»:

Սակայն դատախազ Սամվել Հարությունյանն առարկեց, ասելով, թե պարզ չի ապացույցների ձեռքբերման, ծագման պատմությունը, հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքին, ասաց, թե գոյություն ունի ապացույցների ձեռքբերման ընթացակարգ:

Դատախազն առարկեց նաեւ այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետ Նինոյանին՝ որպես վկա: Այս փորձագետը տվել էր եզրակացություն կինոթատրոնի տեսագրության հետ կապված. «նկարագրված էր մի տղամարդ, որը պտտվում է տարածքում»:

Իրավաբանական մի առանձին վեճ էլ ծավալվեց այս հարցի շուրջ. Լուսինե Սահակյանը գտնում էր, որ դատարանը պարտավոր է ապահովել կողմերի հավասար մրցակցության իրավունքը: Եթե դատարանը հիմք է ընդունում նախաքննության մարմնի կողմից ձեռքբերված ապացույցները, ապա նույն տրամաբանությամբ պետք է ընդունի իրենց կողմից տրված փաստաթղթերը, դրանք ճանաչի որպես ապացույց, որպեսզի պաշտպանական կողմը հնարավորություն ունենա  պաշտպանական ճառի ժամանակ հղում անել դատարանի կողմից ճանաչված ապացույցին: Դատարանը դրանք կցեց գործին, խոստանալով, թե գնահատականը կտա դատական ակտի ժամանակ:

Մի բան, որ կհստակեցվի ինքնաբացարկի հարցը լուծվելուց հետո միայն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031