Լրահոս
Օրվա լրահոսը

Տնակը ոնց տեղադրեցին, այնպես էլ ապամոնտաժեցին

Մայիս 25,2012 13:36

Կենտրոնի բնակիչների աչքը վախեցած է՝ մի հատ «բուդկա» են տեսնում, բողոքի ալիք են բարձրացնում 

«Բուդկան» ապամոնտաժելուց հետո այգեգործական գործիքները նորից հայտնվեցին այգում:

Երեկ Մոսկովյան 8 հասցեի եւ «Պապլավոկ» սրճարանին հարակից օղակաձեւ այգու միջեւ պլաստիկատե տնակ էր տեղադրվել, ինչը հարուցել էր հարակից շենքերի բնակիչների զայրույթը: «Առավոտի» հետ զրույցում բնակիչները դժգոհեցին, որ տնակը խեղաթյուրում է քաղաքի հին թաղամասերից մեկի տեսքը, նաեւ անհանգստություն է պատճառում շենքի բնակիչներին. «Զբոսանքի մի հատ փոքրիկ տարածք ունենք, դա էլ փակում են իրենց  «բուդկաներով»: Ուզում ենք վայելել մեր բակը, բայց քթներիս տակ ինչ-որ տգեղ բաներ են տեղադրում: Այդքանից հետո մարդ ցանկություն էլ չի ունենում զբոսանքի դուրս գալու»:

Այս երեւույթն այնքան էր զայրացրել բնակիչներին, որ դիմել էին տնակի «պատասխանատուներին»՝ սպառնալով, որ եթե այդ «բուդկան» չհեռացնեն, ապա իրենք իրենց ուժերով դա կանեն. «Այնպես էի զայրացել, որ նույնիսկ ասացի՝ պատրաստ եմ պայթեցնել ձեր տնակը: Հոգնել ենք արդեն էդ Նուշիկյաններից ու Ալեքսանյաններից, որոնց պատկանում է «Պապլավոկը»: Այգին տնօրինում է Նուշիկյան ասոցիացիան, ու իրենց աշխատողների համար է այս տնակը տեղադրվել»:

Տնակի հայտնվելուց կարճ ժամանակ անց բնակիչներն անմիջապես դիմել են Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ եւ ներկայացրել իրենց դժգոհությունները: Քաղաքապետարանն էլ օպերատիվ կերպով արձագանքել է: Երեկ,  երբ «Առավոտն» այցելեց տարածք, տնակն արդեն ապամոնտաժման փուլում էր: Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետ Կարեն Վանյանն էլ հաստատեց, որ բնակիչների ահազանգի հետքերով են եկել տարածք եւ պարզել, որ տնակն այդտեղ տեղադրելու թույլտվություն չկա. «Հայտնաբերեցինք, տնակը չուներ տեղադրման համապատասխան թույլտվություն, եւ միջոցառումներ ձեռնարկվեցին, ու այս պահին այգու տնօրինությունն իր ուժերով ապամոնտաժեց այն»:

«Առավոտի» հետ զրույցում այգու տնօրեն Ղուկաս Հարությունյանը, որը նաեւ Նուշիկյան ասոցիացիայի վարչատնտեսական ծառայության պետն է, ասաց, որ այդ տնակը նախատեսված էր այգեգործական գործիքների պահեստ լինելու համար, ոչ թե որպես այգու աշխատակիցների հանդերձարան. «Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք հանձնաժողով էր եկել այգի, որը նկատեց, որ գործիքները ուղղակի բաց-բաց տեղադրված են այգու մի հատվածում՝ ծառի տակ: Ասացին, որ այդպես շատ տգեղ է, եւ հենց իրենք էլ խորհուրդ տվեցինի փողոցի այս հատվածում տեղադրել մի տնակ, որտեղ կպահվեն բահը, քլունգը, սերմերն ու լճի համար նախատեսված քլորը եւ այլ բաներ: Տնակը թեթեւ կոնստրուկցիայով հավաքված բան էր՝ ծառայելու էր որպես «սարայ»: Ուղղակի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք, մենք էլ, քանի որ չէինք ուզում գազոնի վրա տեղադրել, բերեցինք ու հենց այստեղ էլ դրեցինք»:

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը դժգոհեց, որ «Պապլավոկի» այգին տնօրինությունը աչքաթող է արել եւ ոչ մի սիզամարգ էլ չի մշակում. «Մենակ փող են աշխատում՝ էդ ապարատները դրել են ու միայն իրենց եկամուտներն են ապահովում»: Այս առնչությամբ էլ այգու տնօրենը վստահեցրեց, որ Նուշիկյան ասոցիացիան վարձակալությամբ է վերցրել այգու տարածքը, որի շրջանակում պարտավորվածություն ունի այն խնամելու, ինչպես նաեւ քաղաքապետարանից թույլտվություն ունեն տարածքում ապարատներ տեղադրելու եւ մյուսներին վարձակալությամբ տարածք տալու, սննդի փոքրիկ առեւտրի կետեր տեղադրելու. «Այգու տարածքը 1.3 հեկտար է, որի վրա ամսական 1-1.5 միլիոն դրամ ենք ծախսում: Հո մեր գրպանների՞ց չենք տալու, բնական է, որ այգին ինչ-որ տեղից պետք է եկամուտ ունենա, որպեսզի կարողանա ծախսերը փակել»:

Հանուն արդարության նշենք, որ մեր այցելության ժամանակ, որը շատ պատահական էր, այգու աշխատակիցները պարբերաբար հավաքում էին քաղաքացիների կողմից գետնին թափված աղբը՝ դատարկ շշեր, «պոպ-կորն», պաղպաղակի թղթեր եւ այլն: Բացի այդ, սրճարանին հարակից ջրավազանն էլ, որը կրկին այգու տնօրինության տակ է, բավականին մաքուր եւ զուլալ ջրով էր լցված:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031