Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանը անձրեւի տակ

Մայիս 25,2012 13:32

Եթե օրենքը համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է, ապա ընտրությունները պետք է, որ ստույգ պատկերը լինի համընդհանուր կամքի: Ինչը որ, կարծես թե, մենք տեսանք մայիս ամսվա սկզբին:

Տրյումֆ սրճարանում մի գավաթ գարեջրի դիմաց նստած, ինքս ինձ այդպես մտածում էի: Եվ կամքիցս անկախ լսում էի կողքի սեղանին նստած իմ մտավորական ընկերների բարձրաձայն բանավեճը՝ թե մի քանի օր հետո ով կդառնա երկրի վարչապետ եւ ով կդառնա Ազգային Ժողովի նախագահ: Նրանք մտահոգված մարդիկ էին եւ սիրում էին մեր երկիրը: Գիտնականներից մեկը գտնում էր, որ վատ է, որ չկայացավ խորհրդարանական մեծ դաշնությունը (կոալիցիա): Մյուսները պնդում էին, որ այդպես ավելի ճիշտ է, երբ մեկն է վերցնում երկրի պատասխանատվությունը եւ ինքն էլ շարունակում:- Բայց մյուս կուսակցությունները մեծ հավակնություն ու ցանկություն ունեին գործադիր իշխանությանը տիրանալու,-շարունակում էր երկրորդը:

Ես ականջի տակով լսում էի իմ ընկերներին եւ պատուհանից տեսնում, թե ինչպես է մայիսյան անձրեւը հեղեղում քաղաքը, եւ ինչպես են անցորդները պատսպարվում անձրեւից համատարած: Ես լսում էի նրանց ու հանկարծ հասկացա, որ մայիս չքնաղ ամիսը ավարտվում է, այսինքն թե՝ ավարտվում է գարունը նաեւ…

Եվ զբաղված ընտրություններով, այդպես էլ չնկատեցինք, թե երբ մի գարուն էլ անցավ մեր կյանքից: Նստած մտածում էի այդպես ու անսպասելի հիշեցի, թե ինչպես իմ մանկության արդեն հեռու տարիներին, բաց դաշտում կայծակը սպանել էր կթվորուհի Աշխենին: Եվ կանաչ, թաց դաշտի մեջ նրա սեւացած կոշիկներից կծու ծուխ էր ելնում: Դա զարմանալիորեն հենց նույն օրն էր, երբ մահացավ մեր գյուղի բոլորիս սիրելի փոստատարը: Հավաքվել էր գյուղը եւ լսում էին, թե ինչպես է ողբում նրա կինը.

– Ես քո բոյին մեռնեմ, քո խելքին մեռնեմ, քո բերած նվերներին մեռնեմ,- լալիս էր կինը եւ նրա հետ ներդաշնակ լաց էին լինում գյուղի կանայք: Մինչեւ այն պահը, երբ կինն ասաց.- Քո բուխար փափախին մեռնեմ: Եվ նրա կողքին նստած հարեւանուհին ընդհատելով իր լացը, շատ սթափ ու բոլորին լսելի ձայնով հարցրեց՝ինչո՞ւ, ինքը բուխար փափախ էլ ուներ: Եվ փոստատարի կնոջ ողբը եռապատկվեց՝չէ, չուներ, բայց միտք ուներ առնելու:

Մայիս էր, անցավ… Հիմա էլ է անցնում: Ու մտածում եմ՝ ինչ հետաքրքիր է կյանքը. տալիս են՝ չենք ուզում, ուզում ենք՝ չեն տալիս: Եվ այս անձրեւոտ օրվա մեջ հասկանում եմ պարզ մի բան, որ ուզելուց քո չափով պիտի ուզել: Եվ եթե տալիս են, հավատա, որ քո չափով է: Քանզի ափսոսում եմ մեր գյուղի փոստատարին, որ ուզում էր բուխար փափախ ունենալ եւ այդպես էլ չունեցավ:

Ընկերներս շարունակում էին վիճել, իսկ իմ գարեջրի գավաթը արդեն դատարկվել էր: Բայց անձրեւը շարունակվում էր Երեւանի վրա՝ որպես համընդհանուր կամք:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031