Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանցիների հետաքրքրությունը սահմանափակվում է միայն ժամանցայի՞ն հաղորդումներով

Մայիս 25,2012 13:29

Ապրիլ ամսվա նախընտրական քարոզչության թոհուբոհի մեջ բոլորովին աննկատ մնաց հեռուստատեսության ոլորտում կատարված մի՝ առաջին հայացքից աննշան, փոփոխություն: Խոսքը «12» (նախկին «Հայ ԹիՎի») հեռուստաալիքը նոր՝ «Լայմ» անվանումով հեռուստաալիքի վերափոխմանն է վերաբերում: Իսկապես, առաջին հայացքից սա ինչ-որ աննշան բան է թվում, սակայն պետք է նկատել, որ խոսքը սոսկ անվան կամ լոգոյի փոփոխության մասին չէ, այլ՝ որ ազդարարվեց «ժամանցային նոր հեռուստաալիքի» մուտքը հայկական եթեր:

Իսկ ի՞նչ արտառոց բան կա դրանում՝ կհետաքրքրվի ընթերցողը, ի՞նչ վատ է ժամանցային ալիքի ծնունդը: Վատը՝ վատ չէ, բայց…

«Շարկ» ՍՊԸ-ն, որ հիմնադիրն է այդ հեռուստաալիքի, մասնակցել է 2010 թվականի հուլիս-դեկտեմբերին անցկացված թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու 25 մրցույթներից թիվ 15-ին, որի անվանումն է «Ընդհանուր ուղղվածություն, մայրաքաղաքային սփռում»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի («Թվային հեռարձակման ցանցը») 7-րդ մասում ասվում է. «Թվային հեռարձակման ցանցի միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում եւ Երեւան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող (ընդգծումն իմն է- Մ. Հ.) մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն»: 2010 թվականի հուլիսին հայտարարված 15-րդ մրցույթը հենց սրան էր վերաբերում. հաղթողը՝ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման լիցենզիա ստացողը, պետք է ունենար ընդհանուր ուղղվածություն եւ բավարարեր տվյալ տարածքի (այս դեպքում՝ մայրաքաղաքի) բնակչության հետաքրքրությունները: Այսինքն՝ անդրադառնար տեղական (մայրաքաղաքային) խնդիրներին: Մինչդեռ հայտարարելով նոր ժամանցային ալիքի մուտքը՝ լիցենզավորված անձը, ըստ էության, խախտում է լիցենզիայի պայմանները, այն էլ անթաքույց:

Ահա թե ինչ է ասել «Մեդիամաքս»-ի թղթակցին հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Բագրատ Գրիգորյանը: «Մեր հեռուստաընկերությունն ունի ընդհանուր ուղղվածություն, որի մեջ մտնում են ժամանցը, երաժշտությունը, սպորտը, կինոն, լրատվությունը՝ կապված շոու-բիզնեսի հետ: Քաղաքական լուրեր եւ հաղորդումներ չենք ունենալու»: Իսկ մայրաքաղաքային խնդիրներին անդրադառնալու մասին՝ ոչ մի խոսք: Ստացվում է, որ օրենքով սահմանված «տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող» արտահայտությունը հեռուստաընկերության ղեկավարությունը հասկացել է յուրովի. երեւանցիների հետաքրքրությունը սահմանափակվում է միայն ժամանցային հաղորդումներով, իսկ լրատվությունից նրանք ուզում են լսել միայն շոու-բիզնեսի նորություններ: Հասկացա՞ք, իսկ տարածքի (այս դեպքում՝ Երեւանի) խնդիրների լուսաբանումը, որ տարածքային սփռման բոլոր 11 ալիքների հիմնական ուղղություններից պիտի լինի, այս հեռուստաընկերությանը չի հետաքրքրում: Այս ՀԸ ղեկավարությանը հիշեցնենք, որ մայրաքաղաքային սփռման ժամանցային ուղղվածության էր նույն ժամանակաշրջանում անցկացված թիվ 7 մրցույթը, որին մասնակցել եւ հաղթել է «Ա-ԹիՎի» ՍՊԸ-ն, եւ եթե մտադիր էիք ժամանցային ալիք լինել՝ մասնակցեիք այդ մրցույթին, մրցակցությունն ավելի հետաքրքիր կլիներ:

Դե, իսկ հիմա եկեք պատկերացնենք, որ մյուս տեղական (մարզային) սփռման ընդհանուր ուղղվածություն ունեցող հեռուստաընկերություններն էլ հանկարծ որոշեն միայն ժամանցային լինել…

Ինչեւէ: Մեր համոզմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է մոնիթորինգի ենթարկի այս ալիքը՝ պարզելու համար, թե իր ուղղվածության փոփոխությամբ այն չի՞ խախտել, արդյոք, մրցույթի եւ լիցենզիայի պայմանները:

Հիշեցնում ենք նաեւ, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածը նախատեսում է. «Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման (ընդգծումն իմն է- Մ. Հ.) դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաեւ պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու եւ դրանց մասին Ազգային հանձնաժողովին գրավոր տեղեկացնելու դեպքում Ազգային հանձնաժողովը կիրառում է հետեւյալ վարչական տույժերը. 1) գրավոր նախազգուշացում, 2) տուգանք»:

Սպասենք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի արձագանքին:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Հոդվածին կից ներկայացնում եմ «Լայմի»՝ Մյասնիկյան պողոտայում տեղադրված գովազդային պաստառի լուսանկարը, որպեսզի հեռուստաընկերության ղեկավարները հետո չասեն, թե չեն հայտարարել ժամանցային ալիք լինելը: Լուսանկարը, տողերիս հեղինակի խնդրանքով, արել է Գագիկ Շամշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031