Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցությունը սրվում է

Մայիս 25,2012 13:23

ԲՀԿ-ն չմտավ կառավարական կոալիցիա, ինչպես որ կանխատեսում էին այս հարցում հոռետեսական տրամադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ նաեւ ես: Ինչո՞ւ հոռետեսական: Որովհետեւ անկախ նրանից, թե ինչու այդ կուսակցությունը գնաց այդ քայլին եւ ինչ է պատրաստվում անել հետագայում, զուտ պետության, պետական կարեւորագույն ինստիտուտի՝ ԱԺ-ի համար ԲՀԿ-ի՝ իշխանության հետ ամբողջությամբ չձուլվելը օգտակար է: Կարեւոր չէ, թե ով է լավը, ով վատը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն իրենց լուրջ արատները: Կարեւոր է, որ լինի մրցակցություն, տվյալ դեպքում՝ օրինագծերի, պետական խնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ: Այո, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն այս վիճակում էլ կարող են անցկացնել ցանկացած օրենք, բայց՝ ա/ մի բան է այն անցկացնել 66 ձայն կողմով, մեկ այլ բան՝ 100 կամ 100-ից ավելի ձայնով, բ/ իշխող կոալիցիան հնարավորություն չի ունենա խուսափելու վիճահարույց օրենքների մանրակրկիտ քննարկումից, գ/ 66 ձայնի համար անհրաժեշտ կլինի ապահովել բոլոր իշխանամետ պատգամավորների ներկայությունը, ինչը տեխնիկապես շատ դժվար կլինի, որովհետեւ հանրապետական պատգամավորների մի մասը (հատկապես՝ մեծամասնական) գերադասում է իր ժամանակն անցկացնել այլ վայրերում եւ ոչ խորհրդարանում: Այնպես որ՝ շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, եւ հիմա կարելի է արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքում ձեւավորվել է մի Ազգային ժողով, որը մի քիչ նման է օրենսդիր մարմնի:

ԲՀԿ-ի նման կեցվածքը նաեւ ավելի արդյունավետ կդարձնի խորհրդարանի աշխատանքը: Փոքրաթիվ ընդդիմությունը պարտադրված է խորհրդարանի ամբիոնն օգտագործել փողոցային պոպուլիզմի համար: Դրան պիտի հակադրվեն իշխանության թեւի ներկայացուցիչները, ասենք՝ Արտաշես Գեղամյանը կամ Հայկ Բաբուխանյանը՝ «բա որ դուք 1993 թվականին…» մոտիվներով: Այդ անպտուղ բանավեճում ԲՀԿ-ական պատգամավորները ստիպված կլինեին լռել, եթե կոալիցիայում լինեին: Հիմա նրանք, հուսով եմ, գործընկերների բուռն էներգիան կուղղեն կառուցողական հունով՝ ուշադրություն դարձնելով օրենքների, մեխանիզմների, թվերի, տոկոսների վրա:

Կրկնեմ, էական չէ՝  ճիշտ են ԲՀԿ-ի տեսակետները, թե սխալ: Էական է, որ դրանք գոնե որոշ չափով կարող են լինել այլընտրանքային, ինչը շատ կարեւոր է մեր հետագա զարգացման համար: Այնպես որ՝ «Բարգավաճի» այս քայլից շահում են բոլորը, նաեւ՝ հանրապետականները, որոնք այլեւս չեն կարողանա աշխատել «թուլացած ռեժիմով», հատկապես տնտեսության ոլորտում: Դա, ի վերջո, ձեռնտու է նաեւ նախագահին, որը խորհրդարանական ամբիոնից լսելով տարբեր տեսակետներ՝ կկարողանա ճշգրիտ որոշումներ ընդունել:

Չգիտեմ՝ որքանով կշահի կառավարությունը, որը չորս տարվա իր վատ աշխատանքը ներկայացնում է որպես լավ աշխատանք: Բայց նրանք էլ գուցե ինչ-որ բան կհասկանան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել