Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավոր կառուցի շինարարության ստվերոտ կողմերը. սահմանամերձ Բերդում 150 հազար դոլար ինչպե՞ս է հանգանակվելու

Մայիս 25,2012 13:09

Մայիսի 20-ին Բերդ քաղաքում կատարվել է եկեղեցու հիմնարկեք: Դրա կառուցման նախաձեռնությունը պատկանում է «Տավուշի հոգևոր ծնունդ» հիմնադրամին: Արարողությանը ներկա է եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ օծվել են եկեղեցու 16 վեմ քարերը, որոնք մարզպետի եւ քարերի օծման կնքահայրը լինելու գործը ստանձնած մյուս պատվավոր հյուրերի ձեռով տեղադրվել են հոգեւոր կառույցի հիմքում: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը՝ «Բերդի եկեղեցու շինարարության ընդհանուր գումարը կազմում է 450 միլիոն դրամ , որի մի մեծ հատվածը հատկացնում է Մայր Աթոռը, այդ նպատակով հանգանակած 150 հազար դոլարը կհատկացնի Բերդի քաղաքապետարանը, իսկ մնացյալ տարբերությունը կլրացնի եկեղեցու շինարար Արամայիս Որսկանյանը»:

Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանից տեղեկացանք, որ եկեղեցին կոչվելու է Սուրբ Գեւորգ, որ 1680թ. Բերդում այդ անունով եկեղեցի է կառուցվել, որը հետագայում քանդվել է: Եկեղեցու շինարարության ֆինանսավորման վերաբերյալ տեր Արամն ասաց, որ Մայր Աթոռը տրամադրելու է 900 հազար դոլար, այդ գումարը նվիրաբերել է երջանկահիշատակ ամերիկահայ Ջոն Ստիվենսը: Տեր Արամը տեղյակ չէր, թե 900 հազար դոլարը ամերիկահայի նվիրաբերած ողջ գումա՞րն է, թե՞ ոչ:

Սուրբ Գեւորգ եկեղեցու ֆինանսավորման խնդրով զանգահարեցինք Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին: Նա ասաց, որ նոր է ստանձնել թեմի առաջնորդի պաշտոնը եւ այդ հարցին տեղյակ չէ: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանից տեղեկացանք, որ Բերդ քաղաքում եկեղեցու շինարարության համար դեռեւս գումարներ չեն հանգանակվել: Սահմանամերձ,հոգսաշատ Բերդում հեշտ չի լինելու 150 հազար դոլար հանգանակելը: Եթե գումարում ենք Մայր աթոռի տրամադրած 900 հազար դոլարը Բերդ քաղաքում հանգանակվելիք 150 հազար դոլարի հետ, գրեթե լրանում է եկեղեցու շինարարության համար անհրաժեշտ 450 միլիոն դրամը, ապա ի՞նչ գումարներ է նվիրաբերելու հոգեւոր կառույցի շինարարությունը կատարող, ծագումով Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղից Անդրանիկ Որսկանյանը:

Բերդի եկեղեցու ֆինանսավորման հետ կապված հետաքրքրությունը անտեղի չէ, քանզի Տավուշի մարզի մեկ այլ՝ Դիլիջան քաղաքում եկեղեցի կառուցելու համար արտերկրի բարերարի կողմից 2006թ. 1 միլիոն դոլար է նվիրաբերվել, բարերարն այս ընթացքում մահացել է, սակայն եկեղեցու շինարարությունը այդպես էլ չի սկսվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031