«Պարզ է, քաղաքական սակարկությունները մտան փակուղի եւ այլընտրանք չկար հենց այդ հանգուցալուծման: Բայց հետագան պետք է ցույց տա, թե ԲՀԿ-ն, որը մինչեւ հիմա գործել է` տիրապետելով վարչական ռեսուրսին, այսուհետեւ գործելով առանց այդ ռեսուրսի ի՞նչ արդյունքների կհասնի: Ես այդ հարցում ցանկանում եմ հաջողություն եւ պատրաստ եմ նպաստել եւ օգնել, որպես քաղաքագետ, ՔԳՄ նախագահ»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ ինքնաբացարկի դիմում գրեցիք, այն պարագայում, երբ իրադարձությունները զարգացան Ձեր նախընտրած ուղով` ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիան կառավարությունից, ասաց ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած Հմայակ Հովհաննիսյանը:
Ինքնաբացարկի իր քայլը, քաղաքագետը նաեւ պատճառաբանում է առաջիկա նախագահական ընտրություններով. «Ես որպես քաղաքագետ, քաղաքագետների միության նախագահ, պետք է փորձեմ անկողմնակալ, ինքնուրույն դիրքերից, անաչառ վերլուծել այդ ամենը: Քանի որ նախագահական ընտրությունները շատ ավելի կարեւոր են երկրի ապագայի համար, քան խորհրդարանական ընտրությունները իմ հիմնավորումներում եւ մոտեցումներում՝ ես չեմ կարող կաշկանդված լինել կուսակցական, թիմային տեսակետով»:
Հարցին` երբ ընդգրկվում էիք ԲՀԿ համամասնական ցուցակ` այդ ամենն արդեն պարզ էր, հետեւաբար, ո՞րն էր իմաստը ԲՀԿ ցուցակում տեղ զբաղեցնելու` հետո մասնագիտական անկողմնակալության պատճառաբանությամբ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու, Հմայակ Հովհաննիսյանն , ըստ էության, չպատասխանեց: Դարձյալ սկսեց խոսել այն մասին, որ ստեղծված քաղաքական իրավիճակը խորհրդարանի ներսում դինամիկ քաղաքական գործընթացների համար քիչ հնարավորություններ են ստեղծում եւ որոշողը, միեւնույն է ՀՀԿ-ն է իր բացարձակ մեծամասնությամբ: Որ, անկախ ամեն ինչից ԲՀԿ-ի հետագա անկեղծ գործունեությունը կարող է ճահիճը տեղաշարժելու նախապայմաններ ստեղծել եւ կյանքը ցույց կտա, թե որքանո՞վ արդյունավետ կօգտագործվեն այդ հնարավորությունները եւ այլն:
Կարդացեք նաև
Քաղաքագետը ԲՀԿ-ին խորհուրդ է տալիս, այնուհանդերձ, հաշվի առնել ՕԵԿ-ի, ՀԺԿ-ի փորձերը, որոնք ժամանակին դուրս եկան կոալիցիաներից եւ հայտնվեցին որոշակի պայմաններում` զրկվելով վարչական ռեսուրսից:
Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանը վարչապետին փոփոխելու ԲՀԿ-ի առաջարկի հարցում իր կոշտ դիրքորոշմամբ հատուկ է բանակցությունները փակուղի մտցրել, ԲՀԿ-ին սադրել այդ քայլին, որ մինչեւ նախագահական ընտրություններ ԲՀԿ-ին զրկի վարչական ռեսուրսից եւ հնարավորություններ չթողնի ԲՀԿ-ին` տնօրինելու վարչական ռեսուրսի մի մասը:
Քաղաքագետը մտորում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն օգտվելով վարչական ռեսուրսից, այնուհանդերձ, շփումների մեջ մտավ արմատական ընդդիմության հետ, դա չի կարող Սարգսյանի մոտ կասկած չառաջացնել, որ ԲՀԿ-ն նույնը կարող է անել նաեւ նախագահական ընտրությունների ընթացքում:
Aravot.am-ի հարցին` իր կարծիքով, այնուհանդերձ, ԲՀԿ-ի երեկվա քայլն անկե՞ղծ էր, թե՞ փակուղուց դուրս գալու միակ տարբերակը, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե հաշվի առնենք, որ այդ հայտարարությունն արվեց ոչ թե ընտրություններից հետո, այլ ՀՀԿ-ականների հետ մի շարք հանդիպումներից, շփումներից հետո…Այսինքն, սկզբից ԲՀԿ-ն դուռը բաց էր պահել կոալիցիոն ձեւաչափի հնարավորությունը քննարկելու համար, բայց այդ քննարկումների մի քանի փուլից հետո արեց այդպիսի հայտարարություն: Կարելի է ենթադրել, որ, այո, այն առաջարկությունները, որոնք այդ շփումների ընթացքում ներկայացրել է ԲՀԿ-ն, չեն ընդունվել: Եվ ՀՀԿ-ի այդ կոշտ մոտեցումը բերեց նման հանգուցալուծման»:
Հմայակ Հովհաննիսյանի մոտ թերահավատություն է առաջացնում նաեւ այն, որ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարության մեջ խոսք չկա նախագահական ընտրությունների մասին: Նա տրամաբանական է համարում, որ հայտարարության մեջ ասվեր, որ ԲՀԿ-ն 2013-ի ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով: իսկ քանի որ առանցքային հարցը մնում է բաց, քաղաքագետը չի բացառում, որ ի թիվս այլ տարբերակների, ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես չգա եւ սատարի ՀՀԿ-ի թեկնածուին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ