Այլեւս հայտնի է ԲՀԿ ղեկավարի որոշումը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի համարում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»: Ճիշտ է, կոալիցիայից հրաժարվելու Գագիկ Ծառուկյանի որոշման հիմնավորումները չափազանց տարակուսելի են, ինչը նա ներկայացրել է երեկվա պաշտոնական հայտարարության մեջ, բայց այլեւս փաստ է, որ ԲՀԿ-ն հեռանում է իշխանական ճամբարից:
Նկատենք, որ հատկապես տարակուսելի է հետեւյալ հիմնավորումը. «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն»:
Հենց կոալիցիային մաս կազմելու միջոցով ԲՀԿ-ն կկարողանար իր ծրագրերը իրականացնելու մեծ հնարավորություն ստանալ, ինչը նրան ընձեռվեց 2007-ին: Իսկ կոալիցիայից դուրս ուղղակի դժվար է պատկերացնել, թե ինչպես է այս ուժը փորձելու իրականացնել իր ծրագրերը, մանավանդ որ հետապնդում է «երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը»:
Ծառուկյանի հայտարարությունից հետո բոլորը բացականչեցին` «Քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել»: Այո, ներքաղաքական կյանքում իրավիճակը փոխվում է: Սակայն այդ նոր իրավիճակում ԲՀԿ-ի դիրքավորումը եւս դառնում է խնդրահարույց հենց իր` «Բարգավաճի» համար:
Նախ. այս կուսակցության ստեղծման օրվանից մինչեւ երեկ գրեթե բոլոր քաղաքագետներն ու փորձագետները միաբերան պնդում էին, որ ԲՀԿ-ն գաղափարախոսություն չունի, այն ոչ թե քաղաքական ուժ է, այլ բիզնես-ակումբ, ուր հիմնականում հավաքվել են «քաղաքականությունից բոբիկ» գործարարներ:
Երկրորդ. ապագաղափարական ուժ լինելուց բացի, ԲՀԿ-ն հանրության շրջանում միշտ էլ ընկալվել է որպես բարեգործական կազմակերպություն, որի գլխավոր անելիքը փող բաժանելն է: Եվ բացառապես այս հանգամանքն է, որ ստիպում է մարդկանց պտտվել այս ուժի շուրջ:
Երրորդ. ԲՀԿ-ն ծննդյան պահից քաղաքական մկրտությունն ստացել է իշխանական դաշտում, մշտապես գործել է այս հատվածում, ընդ որում՝ կուսակցության անդամների գերակշիռ մասը նրան սովոր է տեսնել միայն իշխանության մեջ:
Եվ հիմա նման «քաղաքական կապիտալ» ունեցող ուժը հանկարծ կտրուկ կերպարանափոխվում է, ինչը ընկալելի չի կարող լինել հենց կուսակցության շարքային անդամների, գուցեեւ առաջին հերթին` ԲՀԿ-ական պաշտոնյաների եւ կուսակցական վերնախավի անդամներից շատերի համար:
Այնպես որ չի կարելի բացառել, որ իր իսկ կատարած քայլով քաղաքական կյանքում նոր իրավիճակ «հրահրած» ԲՀԿ-ն կարող է հայտնվել ոչ թե շահեկան, այլ միանգամայն հակառակ դրության մեջ:
Մեկ օրում լքելով իշխանական ճամբարը եւ հայտնվելով ընդդիմադիր հատվածում, դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի այստեղ նրա հետագա քաղաքական կյանքը: Թեեւ Ծառուկյանը խոստանում է, թե ԲՀԿ-ն մշտապես լինելու է ժողովրդի կողքին, սակայն վստահ չենք, թե այդ հարցում նորաթուխ ընդդիմադրի հայտ ներկայացրած այս ուժը կարող է հաջողել: Մի ուժ, որը հրապարակային գործունեության փորձ չունի։ Իսկ ժողովուրդը ԲՀԿ-ից ընդամենը ակնկալում է մի բան` նյութական եւ ֆինանսական օժանդակություն ու աջակցություն:
Չի բացառվում նաեւ, որ իշխանությունից հեռանալուց անմիջապես հետո արտահոսք սկսվի ԲՀԿ-ից: Մինչեւ երեկ այս ուժն ուներ չորս նախարար, երկու մարզպետ, կառավարման համակարգում տարբեր տրամաչափի ԲՀԿ-ական բազմաթիվ չինովնիկներ: Շատ հնարավոր է, որ ԲՀԿ-ական չինովնիկական դասի մեծ մասի համար անընկալելի լինի կուսակցության որոշումը, եւ նրանք, որոնք իրենց հարազատ կուսակցությունը պատկերացրել են բացառապես իշխանության մեջ, որոշեն լքել կուսակցությունը:
Նկատենք նաեւ, որ հինգ տարի շարունակ ԲՀԿ-ն իր ձեռքում է պահել իշխանական ռեսուրսները, տիրապետել ֆինանսական հոսքերի, որպես իշխանական ուժ ունեցել է մեծ արտոնություններ: Եվ հիմա, երբ այս ամենը չկա, աստիճանաբար կսկսեն նվազել ֆինանսական եւ նյութական ռեսուրսները: Դրանց կորստով պայմանավորված՝ նաեւ աստիճանաբար կնոսրանան կուսակցության շարքերը: Եթե շահ չկա, ԲՀԿ-ից երես կթեքի համակիրների բանակը:
Ահա եւ «հաջորդ դասի» ողջ «հմայքը», որը, ավաղ, կարծես թե կարող է չափազանց տհաճ ընթացք ունենալ:
Անշուշտ, «Բարգավաճի» որոշումն իր ազդեցությունը կունենա 2013-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վրա: Այն առումով, որ 2013-ինը իր առճակատային-մրցակցային բնույթով կառանձնանա անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրություններից:
Թեկնածուների մասնակցության առումով առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն աննախադեպ: Աննախադեպ ոչ թե առաջադրված թեկնածուների քանակի առումով, այլ նրանով, որ մրցապայքարի մեջ են մտնելու հիմնականում առանցքային դեմքեր: Անցած 20 տարիներին նաեւ չի արձանագրվել դեպք, երբ նախագահական ընտրություններին իրենց թեկնածուներին առաջադրեն խորհրդարան մտած վեց քաղաքական ուժերից հինգը: Իսկ այժմ արդեն ակնհայտ է, որ նախագահի իրենց թեկնածուներն են առաջադրելու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»:
Եվ, իհարկե, սուր պայքար է սպասվում, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուների միջեւ: Եթե, իհարկե, ԲՀԿ-ն առաջիկա ամիսներին կարողանա պահպանել ներկա վարկանիշը, ինչի անկումը, կրկնում ենք, անխուսափելի է:
Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»