Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չնայած միջնորդում է վարույթը կարճել, սակայն ՍԴ-ն քննում է գործը

Մայիս 25,2012 12:19

ՀՀ սահմանադրական դատարանում սկսվել է Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը՝ կապված ԱԺ մայիսի 6-ի ընտրությունները համամասնական ընտրակարգով ԿԸՀ-ի 265 ա որոշման հետ: ՀԱկ-ը պահանջում է անվավեր ճանաչել նշված 265 ա որոշումը, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Պատասխանողներն են ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, հանձնաժողովի իրավաբանական բաժնի ղեկավար Նունե Հովհաննիսյանը:

Տիգրան Մուկուչյանը հանդես եկավ միջնորդությամբ, այն է՝ վարույթը կարճել: Նա ասաց, որ բովանդակային առումով ԿԸՀ-ն կապ չունի քննարկվող դիմումի հետ, գտնում է, որ դիմումատուն հղում չի արել, թե իրավական որ ակտերի հիման վրա, օրենսգրքի որ նորմերի պահանջներին է հակասել ԿԸՀ-ի մայիսի 13-ին ընդունված որոշումը: Տ. Մուկուչյանը տեղեկացրեց նաեւ, որ դիմող ՀԱԿ-ը մայիսի 11-ին ԿԸՀ էր ներկայացրել դիմում մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, որը մերժվել էր, քանի որ իրավական փաստարկների առումով դարձյալ չէր եղել որեւէ հղում:

Դատարանն անցնելով խորհրդակցական սենյակ՝ հրապարակեց իր դիրքորոշումը, հղում անելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 60 հոդվածին, համաձայն որի՝ գործի քննության ցանկացած փուլում վարույթը կարճելու հարցին կանդրադառնա:

Այս պահին սկսվել է գործի քննությունը: Դիմումատու կողմը ներկայցանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը եւ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վահե Գրիգորյանն անդրադարձավ նախընտրական քարոզչությանը, որին ակտիվ մասնակցություն էր ունեցել Հայաստանի գործադիր իշխանությունը՝ ՀՀ նախագահի եւ վարչապետի գլխավորությամբ: Նա բերեց օրինակներ ինչպես ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից, այնպես էլ ՀՀԿ պաշտոնական կայքէջից, ինչը, ըստ դիմումատուի, վկայում է անհավասար ընտրական մրցակցության, պաշտոնական դիրքի եւ լիազորությունների համատեղման մասին՝ ի շահ մեկ կուսակցության: Վ. Գրիգորյանն ասաց նաեւ, որ ՀՀԿ-ի կողմից համամասնական ցուցակում տեղ են զբաղեցրել գործադիրից 36%-ը: Գործադիր մարմնի ներկայացուցիչները վճարվել են, օգտվել արտոնություններից, սակայն ուղղակիորեն խրախուսվել են նախընտրական քարոզչության ժամանակ:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած զանգվածային խախտումներով, ինչն ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Նա անդրադարձավ պաշտոնական այն տեղեկատվությանը, համաձայն որի ընտրացուցակներում 2,5 մլն մարդ է եղել, մինչդեռ, ըստ նրա, այդ թիվն ուռճացված է եւ ավել է 700 հազար տվյալ:

Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ «չարաբաստիկ դրոշմակնիքների» պատմությանը, ասելով, որ արդեն առավոտյան ժամը 8-ին՝ ընտրությունները սկսվելուն պես, իրենք ունեցել են զանգեր, թե ներկը ցնդում է: Նա ասաց, որ առավոտյան ժամը 7.30-ին ընտրությունները դեռ չսկսած, տեղամասերում «աննախադեպ հավաքվածներ» են եղել: Լ. Զուրաբյանի կարծիքով, տասնյակ հազարավոր մարդիկ ստացել են «բազմակի քվեարկության իրավունք»: Դիմումատուն նաեւ հայտարարեց, թե ընտրատեղամասեր Ջավախքից ժողովուրդ է բերվել, նաեւ բանակից:

Ամփոփելով իր խոսքը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ «Հայաստանում ստեղծված է ամբողջատիրական համակարգ ընտրակաշառքներ բաժանելու համար»: Իսկ երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընդմիջեց նրան ասելով, թե «Ձեր խոսքը փաստերով հիմնավորեք», Լ. Զուրաբյանը բերեց օրինակ ինչպես է ոստիկանությունը իրենց վստահված անձին «մշակման ենթարկել», ինչի արդյունքում նա իրաժարվել է իր ասածներից: Բավական երկար նա խոսեց վստահված անձանց ճնշումների ենթարկելու մասին. «Հայաստանում տեղի է ունեցել պետականորեն կազմակերպված խախտումների գործընթաց, որի արդյունքում ձայներ են կեղծվել»:

Դատարանը կարճ ընդմիջում է հայտարարել, որից հետո դարձյալ ձայնը կտրվի Վահե Գրիգորյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031