Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արտահոսք կլինի՞ ԲՀԿ-ից։ Ամենայն հավանականությամբ՝ այո՛»

Մայիս 25,2012 11:59

«Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որեւէ անձնական շահ»,- հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։ Հավատում ենք։ Բայց կարո՞ղ է նա նույն բանը ասել իր շուրջը հավաքված կուսակիցների մասին։ Հայտարարել կարող է, բայց ո՞վ կհավատա։
ԲՀԿ վերնախավի կուսակիցները դեռ մի կողմ, ի վերջո, այս օրերին Գագիկ Ծառուկյանն իր համար կպարզի, թե ովքեր էին «խալաթի կուսակիցներ»։ Բայց գաղտնիք չէ, որ շատ-շատերն անդամագրվել են ԲՀԿ-ին հենց միայն այն պատճառով, որ այն իշխանության մեջ գտնվող ու բարձրաստիճան ղեկավարության հետ անմիջական շփումների հնարավորությամբ ղեկավար ունեցող կազմակերպություն է։ Եվ այդ շատ-շատերի ԲՀԿ-ական դառնալու հավելյալ ակնկալիքներից մեկն էլ նման խոշոր գործարարի ու իշխանական լծակներ ունեցող ուժի հովանավորության ներքո գտնվելն էր։
Մի խոսքով, արտահոսք կլինի՞ ԲՀԿ-ից։ Ամենայն հավանականությամբ՝ այո՛։ Հատկապես, եթե նկատի առնենք վերը նշված հանգամանքներն ու գործոնները։
Չմոռանանք նաեւ, որ ներկայիս ԲՀԿ-ի կազմում քիչ չեն նաեւ այնպիսի գործիչները, որոնք ժամանակին դուրս եկան ՕԵԿ-ից, երբ վերջինս անցավ ընդդիմության ճամբար։ Եվ այդ նախկին ՕԵԿ-ականները հանգրվանեցին ԲՀԿ-ում։
Հարցն այն է, թե որքանո՞վ նկատելի կլինեն այդ կորուստները ԲՀԿ կազմակերպչական ու մարդկային կարողությունների ընդհանուր խորապատկերում։ Թույլ տանք մեզ ենթադրել, որ դրանք նկատելի կլինեն։ Նման ենթադրությունը լրացուցիչ հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ հենց այս օրերին, կոալիցիայի կազմ մտնել-չմտնելու քննարկումների հողի վրա ներքին լուրջ տարաձայնություններ են ծագել «Բարգավաճ Հայաստանում»։
Եվ, այս առումով, Գագիկ Ծառուկյանի խորհրդատուների ընդունած որոշման հաշվարկները, ըստ ամենայնի, սխալ են կառուցված։ Կամ էլ՝ նրանք ամեն ինչ հաշվարկել են ու համարել՝ որ «խաղագումարը մոմերից ավելին արժե», ուստի մոմերը՝ ոչինչ։ Պարզ ասած՝ նկատի են առել հնարավոր կորուստները եւ հանգել հետեւության, որ այդ «գինը» կարելի է վճարել։ Համենայն դեպս Գ.Ծառուկյանը երեկ հիշեցրել է իր այն հայտարարությունը, որ պատրաստ է ունենալ կորուստներ։
Ցանկացած պարագայում, ԲՀԿ ղեկավարի երեկվա հայտարարության դրական կողմն էլ կա. իրավիճակի մեջ հստակություն մտավ, իսկ մեծ խմբակցություն ունեցող ընդդիմադիր ուժը լավ հակակշիռ կարող է լինել, խթանելով կառավարության աշխատանքը։ Հարցն այն է, թե ԲՀԿ-ն ինքնուրո՞ւյն գործունեություն կծավալի։ Թե՞ կհայտնվի որեւէ այլ ուժի ազդեցության ու քաղաքական խաղի տիրույթում։

Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031