Նորընտիր Ազգային ժողովի գումարման առաջին օրը «Բարգավաճ Հայաստանի» կառավարության անդամները վայր կդնեն իրենց պորտֆելները և ԲՀԿ-ն իր որոշումները չի փոխում: Այս մասին Tert.am–ին հայտնեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան այսօրվա մամուլում տեղ գտած այն հրապարակումների, թե երեկ «մերձ-ԲՀԿ-ական միջավայրում» խոսվում էր, որ ոչ բոլոր պորտֆելներն են հանձնելու: Ըստ այդմ՝ առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության նախարարությունների պորտֆելները, մնալու են, «որովհետև Գագիկ Ծառուկյանն ասել է` կիսատ գործեր կան այդ ոլորտներում»:
Մեկ այլ հրապարակման մեջ էլ Հրանտ Բագրատյանի և ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հարցազրույցը ներկայացված է «ԲՀԿ-ն վաղն էլ կարող է փոխել որոշումը» վերնագրի ներքո:
Նաիրա Զոհրաբյանը նաև հերքեց, թե ՀՀԿ-ի հետ չկայացած կոալիցիան առաջացրել է «բարգավաճական» որոշ գործարարների դժգոհությունն այն առումով, թե սրանով կվտանգվի իրենց բիզնես-գործունեությունը:
«Կանխատեսելով, որ տարբեր կենտրոններից համառորեն հրահրվող այս լուրերը լինելու են շարունակական, կրկին, և հույս ունեմ՝ վերջին անգամ, ասում եմ՝ «Բարգավաճ Հայաստանում» որևէ մեկը դժգոհ չէ կուսակցության կայացրած որոշումից: Որևէ մեկը կուսակցությունը չի լքելու՝ այդ որոշման հետ կապված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, ով նաև առաջարկում է ԲՀԿ-ն «չշփոթել որևէ այլ կուսակցության հետ»:
Կարդացեք նաև
Նշենք, որ երեկ «ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ չի հավատում «Բարգավաճի» անկեղծությանը, քանի որ սա խաղ է և ԲՀԿ-ն չի կարող գործել ընդդիմադիր դաշտում:
Պատասխանելով Ստեփան Սաֆարյանին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մենք չենք արել որևէ քայլ, որպեսզի մեզ հավատան «Ժառանգության» այս կամ այն կուսակցության ներկայացուցիչները: «ԲարգավաՃ Հայաստանն» իր հայտարարության մեջ հստակ ասել է, թե ինքը որ դաշտում է գործելու, իսկ ինչ վերաբերում է առհասարակ «ընդդիմություն» ձևակերպմանը, ապա ես խորհուրդ եմ տալիս նայել «ժառանգության» համամասնական ցուցակի մեկից հինգ համարը, առանց որևէ բացառության. մեկ, երկու, երեք, չորս, հինգ։ Եվ եթե այդ հնգյակից որևէ մեկին կարելի է համարել ընդդիմություն, ապա ես ձեռնպահ կմնամ ավելորդ մեկնբանություններից»:
Ի պատասխան մեր ճշտող հարցի, թե այդ թվում՝ և Րաֆֆի Հովհաննիսյանին ու Զարուհի Փոստանջյանի՞ն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝«առանց բացառության բոլորը»:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե, ի վերջո, ո՞ր՝ ընդդիմադիր դաշտում է լինելու ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը կրկնեց. ԲՀԿ-ն լինելու է կառուցողական դաշտում: Այսինքն՝ կուսակցությունը եթե տեսնի, որ այս կամ այն քաղաքական ուժի նախաձեռնությունը, անկախ նրանից, թե ում կողմից է, բխում է ժողովրդի շահից և կարող է օգտակար լինել երկրին,ավելի լավ Հայաստան ունենալուն, ապա կմիանան, իսկ եթե խնդիրներ տեսնեն տվյալ նախաձեռնություններում ու օրենքներում, չեն միանա: