Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, ես էլ կդառնամ հայ առաջին տիեզերագնացը»

Մայիս 25,2012 11:12

Գրող Լեւոն Ջավախյանն ափսոսում է, որ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել, իսկ այն դիտարկմանը, թե ինչ կտար այդ կոալիցիան, այսպես է պատասխանում. «Դա կտար քաղաքական անդորր, ուժերի համախմբում, զերծ կպահեր հանրապետությունը ջլատումից, ժողովուրդը կեղծ ընդդիմությունից հեռու կմնար, իսկ հիմա ամեն ինչ խառնվում է իրար, եթե ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին կամ Դաշնակցությանը, ես այդ ընդդիմությանը չեմ հավատա, նման աջաբսանդալը ժողովրդի ախորժակով չէ»։ Գրողը ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու քայլը համարում է նախագահի աթոռի համար մղվող պայքարում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մեկնարկը. «Այստեղ ավելի շատ մտածելու տեղ ունի ԲՀԿ-և, քան Հանրապետականը։ Ընդհանուր առմւսմբ, ԲՀԿ-ն, որպես կուսակցություն, արհեստածին կուսակցություն է, նա գաղափարական հենքի վրա ստեղծված չէ, Քոչարյանի ծրագրի իրականացումն էր, որն ինտրիգային նպատակներ է հետապնդում։ «Բարգավաճը» կոալիցիա չկազմելով ոչ թե ընդդիմություն կդառնա, այլ կքանդվի, քանի որ ամուր գաղափարական հիմքեր չունի, ավելին՝ չեմ բացառում ԲՀԿ-ից հնարավոր առնետավազքը։ Ինձ թվում է՝ այդ ամենի մեջ ոչ միայն «Բարգավաճն» է զոհ գնում, այլ նաեւ Ծառուկյանին են զոհ տալիս։ Եթե Ծառուկյանը կարողանար ինքնուրույն քաղաքական կուրս վարել, ապա նման բան տեղի չէր ունենա։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ, օլիգարխ լինելով, ինքը չի մտածում իր ժողովրդի, պետության մասին, բայց քանի որ գտնվում է քաղաքական ծուղակում՝ Ռոբերտ Քոչարյանի սարդոստայնում, ինքը չի կարողանում ինքնուրույն հարցեր լուծել։ Այդ քաղաքական թելադրանքի արդյունքը եղավ այն, ինչ եղավ, իսկ այդ իշխանավորները ոչ թե ժողովրդի մասին են մտածում, այլ աթոռի, բայց եթե այդ աթոռները չեն հերիքում իրենց, թող մի իշոտնուկ վերցնեն-նստեն»։ Իսկ ընդհանրապես, Ջավախյանը կարծում է, որ «ֆինանսի պայուտ ռամանսի, ա ինագդա ի ալյանսի…»։

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու մասին այսպես արտահայտվեց. «Կա հավատարիմ կենդանու մի տեսակ, որը տնից երբեմն փախչում է, բայց հետո պտտում ու նորից ետ է գալիս»։ Իսկ հնարավոր չէ՞, որ այդկերպ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալու հայտ է ներկայացրել: «Հենց ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, ես էլ կդառնամ հայ առաջին տիեզերագնացը: ԲՀԿ-ն  հերանց տուն դարձի է գնացել, վաղ թե ուշ ետ կգա»: Չարխչյանը  ԲՀԿ-ի այս քայլը ոչ թե բլեֆ է համարում, այլ իրավիճակային լուծում. «Պարզապես, ինչպես մեր գյուղում էին ասում, կարմիր կովը իր կաշին չի փոխի»: Ինչ վերաբերում է նրան, թե այս ամենի հետեւում Քոչարյանի ականջներն են երեւում, ապա. «Պարզ չէ, թե մարմնի որ մասն է այս պահին տեսանելի, բայց հաստատ մի բան երեւում է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031