Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ձախողվեց ԲՀԿ-ի կապիտուլյացիայի պլանը

Մայիս 25,2012 10:50

Երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ նախարարական ողջ «փաղանգի» հետ միասին ցուցակից ինքնաբացարկ է հայտնել նաև ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզ դարձավ, որ նախագահը վերջինիս անպայման պահելու է, և կառավարությունում լուրջ կադրային վերանայումներ չի անելու: Այս ուղերձն ուղղված էր ԲՀԿ-ին, որը պահանջում էր վարչապետի պորտֆելը, դրա անհնարինության դեպքում` գոնե այդ պաշտոնում նաև իր համար նախընտրելի ֆիգուրի նշանակում:

Այս պահանջն ուներ լուրջ քաղաքական ենթատեքստ: Բանն այն է, որ ԲՀԿ-ն կարող էր կոալիցիային միանալու իր որոշումը բացատրել վարչապետի փոփոխության իր պահանջը կատարված համարելով: Դա ոչ թե Տիգրան Սարգսյանի անձի փոխարինում էր նշանակելու, այլ հրաժարում վարվող, ըստ էության, իրեն ձախողած և բացարձակապես հանրային աջակցություն չունեցող սոցիալական, տնտեսական քաղաքականությունից:

Գագիկ Ծառուկյանն իր երեկվա հայտարարության մեջ պատահականորեն չի հիշեցնում ԲՀԿ 6-րդ համագումարի ելույթների առանցքը` «էական փոփոխություններ երկրում եւ ժողովրդի կյանքում»: Իսկ դա կարող էր իրականացնել միայն առնվազն նախընտրելի վարչապետի և կոնսենսուսային կառավարության միջոցով: Բայց քանի որ կոալիցիային միանալու միակ տրամաբանական հիմնավորումն ներկայացնելու` ԲՀԿ-ի համար ամենասկզբունքային հարցում ՀՀԿ-ն զիջման չգնաց, Գագիկ Ծառուկյանին կառչելու ոչ մի կռվան այլևս չթողնվեց: Ըստ էության, նրա առջև դրվեց կապիտուլյացիայի հստակ պահանջ, ¨ Ծառուկյանը դրան չգնաց` նախընտրելով առայժմ անորոշ «խիստ կառուցողական, հավասարակշռող» դիրքը քաղաքական դաշտում:

Այս իրավիճակում հետաքրքրական է երկու իրողություն: Նախ` որ Սերժ Սարգսյանի համար գործող ձախողված կառավարությունը պահելն այնքան սկզբունքային է, որ դրա դիմաց պատրաստ է զոհաբերել անգամ իրեն անհրաժեշտ ներքաղաքական կայունության ապահովման միջոց հանդիսացող կոալիցիան: Սա կարող է մեկ բացատրություն ունենալ. իշխանության համար գործնականում միակ խնդիրը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին բոլոր հնարավոր պոտենցիալ մրցակիցներից ձերբազատելն եւ, այդպիսով, նրա վերընտրությունը կազմակերպելն է:

Երկրորդ` եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսպիսի անկում չապահովեր, ո՛չ ՀՀԿ-ն խնդիր կունենար, ո՛չ էլ ԲՀԿ-ն կարող էր նոր վարչապետացուի պահանջ ներկայացնել: Հետևաբար վարչապետն անձնական պատասխանատվություն է կրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և սեփական կուսակցության ղեկավարին, երկրի նախագահին նման փաստի առջև կանգնեցնելու, նրա առջև գալիք ընտրություններում հնարավոր նոր խոչընդոտներ հարուցելու համար:

Ցանկացած նորմալ երկրում նման դեպքերում վարչապետը տասը անգամ արդեն ինքնակամ հրաժարական տված կլիներ: Որովհետև ձախողման ավելի լուրջ ազդակ, քան կառավարության գործունեության անարդյունավետության պատճառով իշխանության տրոհումը, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Սակայն որքանո՞վ էր պատրաստ Տիգրան Սարգսյանը հրաժարականի, մի կողմից նրա անձնական ու մարդկային համարձակության, իրավիճակն ադեկվատ գնահատելու կարողության, մյուս կողմից` քաղաքական մեծամասնության… պնդաճակատության խնդիր է:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031