ԲՀԿ-ի որոշումը կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ որոշ պարզություն մտցրեց, թեև չտվեց բոլոր հարցերի պատասխանը: Մասնավորապես` առաջիկա ընթացքները ցույց կտան, թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է հանգրվանելու ԲՀԿ-ն, որը դեռևս ընդդիմություն լինելու փորձ չունի, արդյո՞ք նրա ներկայիս դիրքրոշումը պահպանվելու է` նաև նախագահական ընտրությունների հետ կապված, արդյոք իշխանությունը սովորության համաձայն կդիմի՞ ԲՀԿ-ին վարչական ու կոմպրոմատային լծակներով ճզմելու քինախնդրության և այլն:
Պարզ է արդեն, որ, չնայած ՕԵԿ-ի հետ կոալիցիա ձևավորելուն, ՀՀԿ-ն իշխանության համար դե ֆակտո միակ պատասխանատուից վերածվում է միակ դե յուրե պատասխանատուի: Գոնե առաջիկայում չենք լինելու քաղաքական մեծամասնության գործունեության անարդյունավետության համար պատասխանատվությունն իրար վրա բարդելու, դրանից խուսափելու երևույթի ականատեսը:
Պարզ է նաև, որ չնայած փոխելու` հռչակած կարգախոսին, ՀՀԿ-ն ներքին, բովանդակային փոփոխության չի գնալու և սոցիալական, տնտեսական, մշակութային ու կրթական ոլորտներում պահպանվելու է նույն, իրեն սպառած քաղաքական կուրսը:
Ստեղծվում է նոր իրավիճակ, ի հայտ է գալիս նոր օրակարգ. ուժեղ հակակշռման կենտրոն ձևավորելու և դրա նկատմամբ հանրային վստահությունը նվաճելու կոնկրետ հրամայականով, ինչը խորհրդարանական ընդդիմությունից պահանջում է համապատասխան մարտավարության որդեգրում և խաղի կանոնների հստակեցում:
Կարդացեք նաև
«Երկիր»