Դե ինչ, օրվա գլխավոր հարցի պատասխանն արդեն ունենք, կոալիցիա չի ձեւավորվում։ Ծառուկյանը որոշեց պահպանել իր դեմքը եւ մեծացնել քաղաքական ռեսուրսը։ Անկեղծ ասած, անսպասելի որոշում էր, մինչ օրս բազմաթիվ անգամներ համոզվել Էինք, որ այս թիմը նախընտրում է իշխանության թեւի տակ ծվարել։ Կարելի է ասել, որ հաճելիորեն զարմացած ենք։ Փաստորեն, այս քաղաքական ուժին եւ նրա ղեկավարին թերագնահատել էինք, նրանք իրենց դեմքը պահպանելու, իրենց հեղինակության ու իմիջի վրա աշխատելու ցանկություն ունեն։ Ինչ է նշանակում կոալիցիայի չգոյությունը։ Նախ, խորհրդարանն ավելի հետաքրքիր կլինի, այնտեղ կդառնա քաղաքական պայքարի թատերաբեմ։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ձեւավորվելիք ճահիճը չենք ունենա։ Նաեւ առաջիկա 6-8 ամիսներին քաղաքական պրոցեսները չեն մարի երկրում, եւ ՀՀ նախագահի պաշտոնի համար բուռն պայքար կընթանա։ Անգամ եթե այդ պայքարի մյուս կողմում կանգնած է լինելու Ռոբերտ Քոչարյանը, միեւնույնն է՝ նման պայքարը շատ ավելի օգտակար կլինի երկրին, քան նախապես որոշված թեկնածուի անարգել հաղթանակը։ Հաջորդը, մեզանում ռեալ ընդդիմություն ձեւավորվելու հեռանկար է բացվում։ Թե այդ ընդդիմությունն ինչ տեսք կունենա, ովքեր կմտնեն դրա մեջ եւ ինչքանով կկարողանան հասարակության վստահությունը շահել, այլ հարց է։ Բայց կոալիցիայի ձեւավորումը ուժեղ հարված կլիներ ընդդհմության դաշտին ու գաղափարին։
«Հրապարակ»