Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանման անձնակազմի հետ: Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական police.am կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է, այլեւ ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով հավաստելը: Ոստիկանության պետը նշել է, որ ստորաբաժանումն առանձնանում է հատուկ պատրաստականությամբ. անձնակազմը տիրապետում է օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, առաջին բուժօգնության հմտություններին եւ այլն: Սակայն, շեշտել է Վլադիմիր Գասպարյանը, անհրաժեշտ է մշտական ինքնադաստիարակություն եւ ինքնակատարելագործում` ոստիկանության մարտունակությունը մշտապես բարձր պահելու եւ ժամանակին համաքայլ ընթանալու համար:
Վլադիմիր Գասպարյանը երիտասարդ իրավապահներին կոչ է արել միշտ հիշել, որ իրենց առաքելությունն անմնացորդ ծառայությունն է հասարակությանը, ծառայողական պարտականությունների լիարժեք ու նորովի կատարումը, քաղաքացու ոչ միայն պահապանը, այլեւ հարազատն ու մերձավորը լինելու պատրաստակամությունը: Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցնելով, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում` ընդգծել է ստորաբաժանման` հենց այդ օրը ծառայության անցնելու խորհրդանշական իմաստը:
Հանդիպման ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանման աշխատակիցներին շնորհավորել է ծառայության անցնելու կապակցությամբ եւ մաղթել, որ հավատարիմ լինեն իրենց երդմանը ոչ միայն որպես զինակիցներ, այլեւ մեկ ընտանիքի անդամներ, որոնց վարքն ու գործը պիտի օրինակելի դառնան: