Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը մի ցանկություն ունի, որ որդին արու զավակ ունենա

Մայիս 24,2012 22:01

Aravot.am-ի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում շրջանառվող այն լուրերը, թե՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին իրենց հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկել է ձեզ ԱԺ նախագահ կամ վարչապետ նշանակել, իսկ Սերժ Սարգսյանը հրաժարվել է, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չի  համապատասխանում իրականությանը, եւ ես ճիշտ չեմ համարում, բոլոր առումներով, որ  որեւէ կուսակցություն ինձ որեւէ պաշտոնում առաջարկի: Դա ոչ միայն կոռեկտ չէ, այլ նաեւ քաղաքական առումով ճիշտ չէ: Ես իմ կուսակցությունում այնքան հնարավորություններ ունեմ, որ որեւէ մեկի կարիքը չկա, որ ինձ որեւէ պաշտոնում առաջարկի՝ անկախ նրանից, թե ով է առաջարկում: Եթե այդպիսի բան լինի էլ՝ ես դա չեմ ընդունի»:

Այնուհետեւ լրագրողների հետ կարճ առանձնազրույցում հարցին, թե  ի՞նչ ցանկություն ունի ինքը՝ ԱԺ նախագա՞հ, թե՞ վարչապետ դառնալու, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, թե ցանկանում է, որ իր որդին արու զավակ ունենա: Երբ լրագրողները հստակեցրին, որ խոսքը քաղաքական ցանկությունների մասին է՝ ձեզ գործադիրո՞ւմ եք տեսնում, թե՞ օրենսդիրում, Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց սպասել, եւ կոռեկտ չհամարեց որեւէ հայտարարություն անել՝ ասելով, թե կուսակցությունում կքննարկեն եւ մինչեւ մայիսի 29-30-ը որոշումներ կկայացնեն, որոնց մասին կտեղեկացվի նաեւ հանրությունը:

Հարցին՝ իսկ իրեն ո՞ր դաշտում է տեսնում՝  օրենսդի՞ր, թե՞ գործադիր, Աբրահամյանը պատասխանեց՝ օրենսդիրում, իսկ ճշտող հարցին՝  ԱԺ նախագահի՞ պաշտոնում, ասաց. «Կուսակցությունը չի որոշել, ո՞նց ասեմ, ճիշտ չի լինի»: Քննարկվե՞լ է, թե՞ ոչ իրեն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրելու հարցին էլ  Հովիկ Աբրահամյանը հումորով պատասխանեց. «Այնքան բան ենք քննարկել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ի՞նչ է տեղի ունեցել, որ ԲՀԿ-ն նեղացած հայտարարեց կոալիցիայից հրաժարվելու մասին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց, թե ինքը հանդիպման մանրամասներին տեղյակ չէ, բայց նաեւ ԲՀԿ-ի հայտարարությունից նեղացածություն չի զգացել: Պատասխանելով հարցին, թե  հնարավո՞ր է, որ 2013-ին ԲՀԿ-ն  հանդես գա նախագահի սեփական թեկնածուով, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքն այդպես չի կարծում, իսկ թե ԲՀԿ-ն կսատարի՞  Սերժ Սարգսյանին՝ հավելեց. «Կապրենք, կտեսնենք»: Նա նաեւ ասաց, թե մամուլի համար պետք է կարեւոր լինի, որ ընտրությունները ընթացել են ազատ, արդար եւ թափանցիկ, իսկ թե ով մեկ նախարար կամ մեկ պորտֆել ավել կամ պակաս կունենա, ըստ նրա,  այդքան էլ էական չէ:

Հարցին, թե իր դիտարկմամբ,  ԲՀԿ-ն այլեւս ընդդիմադի՞ր  է, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ինքն այդպես չի կարծում եւ հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ խոսվում էր կառուցողական լինելու մասին: Իսկ թե ԲՀԿ-ն նոր ձեւավորվելիք կառավարությունում, այնուամենայնիվ,  պորտֆելներ կունենա՞, թե՞ ոչ՝ Աբրահամյանն ասաց. «Կապրենք, կտեսնենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031