Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն հարգում է ԲՀԿ-ի որոշումը

Մայիս 24,2012 20:48

Ինչպես հաղորդում է Aravot.am-ի թղթակիցը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն այսօր մեկնարկել էր նախատեսվածից մեկ ժամ շուտ, քիչ առաջ ավարտվել է:  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու նպատակահարմարության մասին այսօր արած հայտարարությանը, ասաց, որ դա ԲՀԿ-ի որոշելիքն է, իրենց իրավունքն է, եւ ՀՀԿ-ում հարգում են իրենց գործընկերոջ այդ իրավունքը:

Շարմազանովը նաեւ հայտարարեց, որ 2013թ. նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Լրագրողներից մեկի հարցին՝ այդ դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում 2008թ.-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի այն կետին, որով կոալիցիա կազմած ուժերը հայտարարել էին նաեւ  2013-ին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը  պաշտպանելու մասին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, թե այդ հարցը պետք է ԲՀԿ-ականներին  ուղղել:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության անակնկալ լինել-չլինելու մասին հարցադրմանը, ապա Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում: Պետք է բոլոր սցենարներն էլ հաշվարկվեն, անակնկալը քաղաքական կատեգորիա չէ»:

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում ԱԺ-ին եւ Կառավարությանը վերաբերող կադրային որոշումներ չեն կայացվել: ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը լրագրողներին միայն ասաց, որ ՀՀԿ-ն կստանձնի  երկրի կառավարումը, կհամագործակցի նաեւ ՕԵԿ-ի հետ, քանի որ վերջինն արդեն հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իր պատրաստականությունը: Խոսնակը շեշտեց նաեւ, թե անկախ դրանից, ՀՀԿ-ն շարունակելու է համերաշխությանն ու համագործակցությանն ուղղված իր քաղաքականությունը եւ պատրաստ է քննարկելու բոլոր այն առողջ առաջարկները՝ անկախ այն բանից, թե դրանք որ ճամբարից կհնչեն: ՀՀԿ-ն նաեւ շնորհակալություն հայտնեց ժողովրդին եւ քաղաքական ուժերին՝ քաղաքակիրթ ընտրապայքարի համար, եւ իր համար հպարտություն համարեց, որ  ՀՀԿ-ն այդ ընտրություններում մեծամասնություն ստացավ:

Ակնկալվում է, որ մոտ մեկ ժամից ՀՀԿ-ն հանդես կգա ավելի ընդգրկուն հայտարարությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031