Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացա` ինչքան եմ ես նրան սիրել, ու ինչքան անդառնալի է իմ կորուստը»

Մայիս 24,2012 18:31

«Ժպտացի, առաջին հայացքից խորթ թվացող զգացողությունը շարունակեց ինձ հետ մնալ  մի քանի ժամ: Հասկացա, նա ինձ դուր էր գալիս, հաճելի էր նրա հետ շփումը, բայց ինչու՞ չէի կարողանում ազատ շփվել. Ամուսնացած է, ի՞նչ կմտածեն իմ մասին կողքից նայողները, երբ տեսնեն՝ առանձնացել ենք աշխատասենյակում, միասին զրուցում ենք»:

Ալինային շարունակում էր անհանգստացնել Նարեկի տարօրինակ վերաբերմունքը իր նկատմամբ, ավելի անկաշկանդ էր նրա կոլեգայի հետ, երբ դեռ ամուսնացած չէր, հիմա ամեն ինչ մի տեսակ փոխվել էր. «Նարեկը չի՜ փոխվել, ոչինչ չի փոխվել, բայց չէ, մի բան փոխվել է. անընդհատ վերլուծում էի ես, հետո հասկանում՝ ես էի փոխվել, փորձում էի ինձ նախկին Ալինայի պես պահել, բայց շատ  արհեստական էի ինձ թվում»,- պատմում է Ալինան:

Թե ինչու՞  էր այդքան շատ մտածում իր եւ Նարեկի հարաբերությունների մասին, Ալինան չէր ուզում հասկանալ, միայն փորձում էր մոռանալ, թե ինչ հիասթափություն եւ խորը ցավ զգաց, երբ իմացավ, որ Նարեկը պատրաստվում է ամուսնանալ: Իսկ մինչ այդ աշխատավայրում ինչքան էին քննարկում՝ «Նարեկն ու Ալինան» տանն են մնացել, վերջում ամուսնացնենք , թող գնան»:

«Իսկ Նարեկն արդեն ամուսնացել էր, շատ հանկարծակի, հասկացա, որ ինձ միշտ թվացել էր՝ ե՜ս պետք է ամուսանամ Նարեկի հետ, ու հիմա..,»,- տխրում է Ալինան: Հիշում է՝ սովորական աշխատանքային մի օր, երբ կրկին խուսափում էր Նարեկից, կոլեգաները որոշեցին մի տեղ գնալ. «Ինձ անընդհատ համոզում էին, ես չէի ուզում, հետո Նարեկը եկավ, սկսեց ինձ երեսով տալ, որ քիչ եմ շփվում, «խոզ եմ» եւ այլն, գլուխս կախ համաձայնվեցի, բայց ինչ-որ վատ նախազգացում ունեի»,- ասում է Ալինան:

Երեւանյան ռեստորաններից մեկը Ալինայի, Նարեկի եւ նրանց ընկերների համար ուրախ ժամանց անցկացնելու վայրը պիտի լիներ: Պարում էին բոլորը, ուրախանում, բացի Ալինայից. «Եա աղմկոտ տեղեր չեմ սիրում, երբեք չեմ պարում, չեմ ուրախանում, բոլորն էին նախատում էին՝ ինչի՞ եմ պասիվ, ես դրանից ավելի էի նեղվում,- պատմում է Ալինան,- հետո Նարեկը մոտեցավ, ես աչքերս թեքեցի այլ կողմ, նա համարյա բղավեց՝ ինչի՞ ես քեզ տարօրինակ պահում, աչքերս լցվեցին, նա ձեռքս բռնեց, ետ ետ հրեցի նրան, ասաց. «Դու մի տեսակ ես ինձ հետ, ինչի՞ ես փոխել վերաբերմունքդ իմ նկատմամբ»: Միայն ասի՝ քեզ թվում է ու աթոռից վեր կացա, դուրս եկա սրահից: Հետո զղջացի պահվածքիս համար, հասկացա՝ մատնել եմ ինձ, բայց այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէր,ինձ համոզեցի՝ հետ դառնալ սրահ, վերցնել պայուսակը ու հրաժեշտ տալ բոլորին»: Ալինան, արդեն հուզմունքը փոքր-ինչ պահած, սրահում կանգնած է, ընկերները զարմանում են նրա պահվածքի վրա, միայն Նարեկն է, որ ըմռնող եւ կարեկցող հայացքով է նրան նայում: «Քիչ էր մնում՝  գոռայի նրա վրա՝ ինձ պետք չի իր կարեկցանքը, բայց հազիվ կարողացա արցուքներս պահել»,- ժպտում է Ալինան: Ռեստորանից դուրս գալիս էլ  նկատում է` Նարեկը վազում է հետեւից. «Կանգնի, ես քեզ կտանեմ»: Բղավում էր իմ հետեւից», ես էլ, առանց նրա կողմ նայելու, բարձր ասում էի՝ տաքսին արդեն եկել  է, գնում եմ: Թեւիցս քաշեց, կանգնացրեց, հետո մեղմ ժպտաց. «ախր ի՞նչ ա քո հետ կատարվում», ոչինչ՝ պատասխանեցի ես: Ինչի՞ ես էսքան տարօրինակ քեզ պահում, ո՞վ ա քեզ նեղացնում, որ դու միշտ տխուր ես, կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ եմ ես քեզ արել, որ ինձ հետ էլ այլեւս չես շփվում. այս հարցերով ինձ «խեղդում էր»  նա: Ես էլ արդեն չդիմացա, արցունքներս գնում էին, մեկ էլ գրկեց ինձ, քարացա…»: Ալինան պատմում է, իսկ արցունքներն արդեն աչքերում են, միայն կյանքից այդ պահը կուզեր պահել, դրանից հետո եղածը ջնջեր. «Հասկացա` ինչքան եմ ես նրան սիրել, ու ինչքան անդառնալի է իմ կորուստը: Բայց այդ զգացմունքին խառնվեց ամոթը, վախը, զզվանքը իմ նկատմամբ, երբ նկատեցի՝ ռեստորանից դուրս եկած իմ կոլեգաներին, նրանք նայում էին մեզ, ինչ-որ բան խոսում… չհասկացա ինչպես հայտնվեցի տաքսիի մեջ »:

Ալինայի հետ պատահածը երեք տարի առաջ է եղել, հիմա թախիծով է հիշում՝  հաջորդ օրը նա չգնաց աշխատանքի, դրան հաջորդող մի քանի օրերը եւս, հետո բոլորի աչքից հեռու աշխատանքից ազատման դիմում գրեց, փոխեց հեռախոսահամարը: Նարեկի հետ հանդիպեց մի անգամ, երբ գնացել էր աշխատանքից ազատման թղթերը վերցնելու, նույնիսկ չբարեւեց էլ, ուղղակի փախչեց նրանից էլ, նրա հայացքից էլ:

«Երբեք չէի մտածել՝ Նարեկի նկատմամբ նման զգացմունք ունեմ: Սիրահարվել  էի անկախ ինձանից, առանց իմ իմացության. սերս էլ զգացել էի, երբ արդեն կորցրել էի: Իսկ զգացածս էլ մեղք էի համարում ու այդպես տանջվում: Բայց անցավ, ուրախ ու հպարտ եմ ինձանով, հաղթահարեցի ամեն բան, հիմա էլ երջանիկ եմ, կողքիս մեկն է, ով ինձ է սիրում, ես էլ նրան, բայց հանցավոր «մեղքիս» մասին պատմել նրան դեռ ամաչում եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031