Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանի «Երգող այբուբեն» գրքի շնորհանդեսը: Այն հիմնականում նախատեսված է հանրակրթական դպրոցների երեխաների համար եւ հայոց այբուբենի տառերը ներկայացնում է դրանց գործառնական նշանակություններով, իսկ բանաստեղծություններն ուսումնական են եւ համեմված հումորով:
Բացման խոսքում Իսահակյան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը նշեց, որ հանդիպումն առավել հիշարժան է դարձնում Վաչագան Սարգսյանի ծննդյան նախօրեն. «Նա հավատարիմ է մնացել գրողի իր կոչմանը: Երբ իր գրքերի շնորհանդեսն էինք պատրաստում, հուզվեցի, երբ նա ասաց՝ ե՞րբ եմ հասցրել այսքանն անել»:
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը նշեց, որ երկու օր առաջ է ձեռք բերել գիրքը, որի սկավառակն արդեն հանգիստ չունի. «Մեր տան փոքրիկները դեռեւս կարդալ չգիտեն, բայց ուրախություններին չափ ու սահման չկա: «Զ» տառի երգը լսելով՝ անդադար բզզում-դզզում են»: Այվազյանը հավելեց, որ «Երգող այբուբենը» գիտելիքի աղբյուր է, ի տարբերություն ներկայիս գրքերի մեծամասնության: Քիմիկոսը վերջիններս խոտան որակեց:
«Երգող այբուբենի» խմբագիր Լիպարիտ Սարգսյանը նշեց, որ Վաչագան Սարգսյանը լավ է ճանաչում մանուկների աշխարհը. «Այնքան խորն է ուսումնասիրել, որ գիրքը կարելի է նույնիսկ ազգային կոչել»: Ազգային գրադարանի տնօրեն Ռաֆիկ Սարգսյանն էլ հավելեց, որ հեղինակի համար մեծագույն երջանկությունն է իր ստեղծագործությունը լսել երեխաների շուրթերից:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ելույթներ ունեցան «Հրաշք Մեղեդի» երգչախումը եւ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի առաջին դասարանցիները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ