Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Բացառվում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա, իրենց ապահովագրում են»

Մայիս 24,2012 17:22

«Դե հիմա չի կազմում` չի կազմում: Դրանից ի՞նչ` քեզ թվում է Հանրապետականները տխրելո՞ւ են»,- այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը` մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ չմտնելով` փաստորեն ստացվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այնուամենայնիվ հաջողվեց սեպ խրել ԲՀԿ-ՀՀԿ-ի մեջ ու ազատվել կոալիցիայից: Պարոն Աբրահամյանի խոսքերով` «Բացարձակապես, որովհետեւ, ըստ իս, «Բարգավաճ Հայաստանն» ավելի շատ ձայն էր հավաքել, ինքը ոչ թե պիտի գնար, որ կառավարությանը հաջողություն մաղթեր, այլ ինքը պիտի կառավարությունը ձեւավորեր: Այ այդ ժամանակ կասեին, որ համարձակ ու գնահատելի քայլ է արված»:

Ըստ պարոն Աբրահամյանի, ՀՀԿ-ն սովորական շարունակելու է պատրաստվել նախագահական ընտրություններին:

Շատ է քննարկվում այն տարբերակը, որ ԲՀԿ-ի այս հայտարարությունից հետո այդ կուսակցությունը հանդես է գալու նախագահի իր թեկնածուով ու չի բացառվում, որ դա լինի հենց Ռոբերտ Քոչարյանը: Պարոն Աբրահամյանն այս առնչությամբ ասաց. «Կասկածում եմ: Եթե նա այդ հայտարարությունը չի արել, սեփական ձայներին տեր չի կանգնել, ընտրությունները չի բողոքարկել, ես չեմ կարողանում ուրիշ ճանապարհ տեսնել, որ նրանք կարող են հնարավորություն ունենալ Ռոբերտ Քոչարյանին բերել քաղաքական ասպարեզ: Դա շատ ցավալի հետեւանքներ կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար: Վարկանիշը մի կողմ` ցա-վա-լի, ոնց ուզում եք` մեկնաբանեք»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` կարծում եք, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելը ձեւակա՞ն բնույթ է կրում: Պարոն Աբրահամյանի մեկնաբանությամբ` «Միանգամից այդ հարցին պատասխանելը մի քիչ դժվար է: Այդ բոլորը մարսել է պետք, որովհետեւ շատ շատերիս համար անսպասելի էր, այդ թվում նաեւ` ինձ համար: Գոնե այսպես փոքրիկ քայլ է էլի: Բնականաբար, մենակ կուսակցության ցանկությունը չի, այլ ինչ-որ…նաեւ…չեմ ուզում շատ բաներ ասել, համենայնդեպս, ինչ-որ երրորդ ուժի առկայության պարագաներում, միգուցե Քոչարյանի ֆակտորը, չեմ իմանում, այսօր շատ դժվար է կոնկրետ մի բան ասել»:

«Հանրապետություն» կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու որոշման հիմնավորումներից մեկը կապված էր հենց ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության հետ: Այս առնչությամբ մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ն փաստորեն ընդդիմության դաշտում է այս քայլով իրեն տեսնում` Սուրեն Աբրահամյանը չհամաձայնեց. «Ո՞րն է ընդդիմության դաշտում: Քայլը ո՞րն է, լսեք, դա բացառվում է, այդքան դյուրահավատ մի’ եղեք: Բացառվում է, որ իրենք ընդդիմություն դառնան: Հասկանում են ապագա դժվարությունները հանրապետության գլխին կանգնած, դրա համար իրենք իրենց ապահովագրում են ընդամենը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031