Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին այսօրվահայտարարությունից հետո դա նշանակում է, որ Արթուր Գրիգորյանը չի շարունակի պաշտոնավարել կառավարությունում:
«Եթե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս է գալիս, եւ ես ԲՀԿ-ի անդամ եմ, ինչպե՞ս կարող եմ շարունակել [պաշտոնավարումը]: Չեմ պատրաստվում ԲՀԿ-ից դուրս գալ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Գրիգորյանը:
Կառավարությունում ԲՀԿ-ն ունի նախարարական չորս պորտֆել` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ական նախարարներին կառավարության այսօրվա նիստից հետո հանդիպել չհաջողվեց. նրանք հավանաբար դուրս էին եկել ետնամուտքից:
Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ ԲՀԿ-ն հրաժարվել է մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ասաց. – «Այս պահին կա կուսակցության կողմից արված հայտարարություն, ընդամենը հայտարարության շրջանակներում ինչ կա, դա է»:
ԲՀԿ-ական մյուս նախարարների հետ կապվել չհաջողվեց:
Հովհաննես Շողիկյան
«Ազատություն» ռադիոկայան