Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գեւորգյանը իր եւ Յան Գիլանի համագործակցության «չուզողին». Մի հոգի կա՝ անունը չեմ ուզում հոլովել (Տեսանյութ)

Մայիս 24,2012 16:26

Ճանաչված երգահան Արա Գեւորգյանը նոր նախագծի շուրջ համագործակցել է լեգենդար Deep Purple ռոք խմբի մենակատար Յան Գիլանի հետ։ Աստղը Արա Գեւորգյանին առաջարկել է խմբի ամենահայտնի ստեղծագործություններից մեկին՝ «Holly water»-ին հայկական ելեւէջներ հաղորդել եւ այժմ հայկական «համուհոտով» «Holly water»-ը պատրաստ է, դուդուկի պարտիան էլ կատարում է Արշակ Սահակյանը:

Վաճառքից գոյացած ողջ հասույթը ուղղվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը:

Deep Purple-ը հայազգի երգահանին մեծ հոնորար է առաջարկել, սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարոն Գեւորգյանը, ինքը հրաժարվել է գումարից՝ քանի որ Գիլանի հետ 20 տարվա ընկերներ են, իսկ նա համարվում է մեր երկրի բարեկամ: «Ես հոնորարից հրաժարվեցի՝ հաշվի առնելով բավական երկար բարեկամությունը, նաեւ այն, որ երկրաշարժի զոհերի հիշատակի առիթով ու աղետի գոտում իրենք մեծ գործ են արել, երաժշտական դպրոց հիմնադրել, դրամական օգնություն են ցույց տալիս դպրոցին: Յան Գիլանն ու իր ընկերները՝ աշխարհի ամենահայտնի նվագախմբերից, միասին կատարում են մի ստեղծագործություն, որը կոչվում է Smoke on the Water, որի ողջ հոնորարը ուղղվել է աղետի գոտի եւ այսօր էլ նույն նախագիծը 20 տարի անց թարմացվել է՝ ժամանակակից շնչով ու կրկին վաճառվում է եւ այդ գումարով հոգում են Գյումրիի դպրոցի ծախսերը»,-ասաց Արա Գեւորգյանը:

Խնդրեցինք, որ պատմի, թե ինչպես է կայացել իր եւ Յան Գիլանի առաջին հանդիպումը: «1989 թվականն էր, երբ ինքը եկավ Հայաստան՝ իր նվագախմբով, երկրաշարժից հետո: Ցանկություն ունեի, որ հենց օդանավակայանում դիմավորեմ նրան, բայց չէի մտածում, որ պիտի մեկ շաբաթ ամբողջ օրը լինեմ իր հետ եւ նույնիսկ նույն բեմահարթակում նվագեմ իր համերգի մեջ: Ի դեպ, այն ժամանակ դուդուկահար Արսեն Գրիգորյանի հետ Յան Գիլանի երգին կպցրեցինք «Սեւ մութ ամպեր» ստեղծագործությունը ու փաստորեն բեմի վրա միասին հանդես եկանք»,- հիշեց երգահանը:

Արա Գեւորգյանին հարցրինք՝ իր կարծիքով Հայաստանի երաժշտաշխարհի մարդիկ ոգեւորվա՞ծ են Գիլանի հետ իր համագործակցությունից, թե՞ խանդում կամ նախանձում են: «Ես գլուխս կախ՝ իմ սիրելի գործով եմ զբաղված, բայց կլինեն էդպիսի մարդիկ…ավելի շուտ մի հոգի կա, որն ասում է՝ քո երաժշտութունը չեմ սիրում, հայտնի մարդ է, ուղղակի անունը չեմ էլ ուզում հոլովել…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031