Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավորների դեմ բողոքել է նախկին բռնցքամարտիկը

Մայիս 24,2012 15:44

Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ և վերաքննիչ դատարանների դատավորներ Վարուժան Աբելյանը և Լյովա Գրիգորյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարցաքննվել են մի քաղաքացու դիմումի շրջանակներում:Դատավորներից մեկը՝ Վարուժան Աբելյանը, Panorama.am-ին տված հարցազրույցում այստեղ տեսել էր դատավորներին վարկաբեկելու միտում:

Ինչպես հաջողվել է պարզել «ՓաստԻնֆո» գործակալությանը՝ դատավորների դեմ ԱԱԾ-ում հայտարարություն է ներկայացրել Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը՝ պնդելով, որ դատավորներն իր օգտին քաղաքացիական վճիռներ կայացնելու համար պահանջել են վիճելի բնակարանի 20 տոկոսը՝ որպես կաշառք:

Ըստ Խալոյանի՝ ինքը հրաժարվել է գումարը տալուց, ինչի արդյունքում էլ, իբր, դատավորները վճիռը կայացրել են ի վնաս իրեն: Դատավորները ԱԱԾ են հրավիրվել եւ հարցաքննվել որպես վկաներ ու հերքել քաղաքացու ներկայացրած մեղադրանքները: Բացառված չէ, որ տեղի ունենան նաեւ առերես հարցաքննություններ: «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ա.Խալոյանը ԱԱԾ հաղորդում էր ներկայացրել նաեւ Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Վահե Մանուկյանի դեմ՝ պնդելով, որ վերջինս իրենից խաբեությամբ վերցրել է 2000 ԱՄՆ դոլար՝ դատական ատյաններում իր օգտին գործողություններ կատարելու պատրվակով: Այս դեպքը բացահայտվել է ազգային անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում: Վ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, քանզի, ԱԺ գլխավոր մասնագետի լիազորությունների մեջ չի եղել դատական ատյաններում հօգուտ որեւէ քաղաքացու դատական ակտի կայացումը: Ավելին՝ նախաքննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել, նաեւ այնպիսի ապացույցներ, տվյալներ, որոնք կվկայեին, որ Մանուկյանը փորձել է դատավորներից որեւէ մեկի հետ բանակցել Խալոյանի օգտին դատական ակտ կայացնելու համար, ուստիեւ նրա գործողությունները որակվել են որպես խարդախություն:

Մեր տեղեկություններով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2012թ. փետրվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետի հատկանիշներով եւ նախաքննությունը շարունակվում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031