«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը, որը հավատարմագրային կառավարման ենք հանձնել ռուսներին, 3 տարիների ընթացքում իրականացրել է 72,1 միլիարդ դրամի ներդրում: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ըստ նրա, այդ գումարները ծախսվել են Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման համար: Վիկտոր Ռեբեցի տվյալներով՝ վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ, փոխվել են մոտ 260 հազար փայտե կոճղ, 7,7 հազար երկաթբետոնե կոճղ: Վերանորոգվում են նաեւ երկաթուղու կայարանները: Բացի Երեւանի, Արմավիրի, Մասիսի, Գյումրիի եւ Վանաձորի խոշոր կայարաններից, վերականգնված են Շահալի ու Փամբակ կայարանները, իսկ մինչեւ տարեվերջ կվերանորոգվի եւս 18 կառամատույց:
Այս տարի ընկերությունը նախատեսել է 1 միլիարդ 150,7 միլիոն ռուբլու չափով ներդրում, որը նույնպես կուղղվի ենթակառուցվածքի վերանորոգմանը: 2012-ին կապիտալ կվերանորոգվի 20 կմ գիծ: Գլխավոր տնօրենի խոսքերով, ՀԵԿ-ի աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմում է 157087 դրամ:
Մի շարք ցուցանիշներով, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, թե’ բեռնափոխադրումների ծավալը, թե’ արտահանման եւ թե’ ներմուծման մասով ավելացել է:
Նույն ժամանակահատվածում երկաթուղու ծառայությունից օգտվել է 144,4 հազար ուղեւոր: Այս պահին վերանորոգվում են Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի եւ ներպետական էլեկտրագնացքների վագոնները: Վրաստանում հանգստանալու մեկնել ցանկացողների համար, պարոն Ռեբեցը հայտնեց, որ «Արմենիայի» առաջին չվերթը կկայանա հունիսի 15-ին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի ասուլիսը ռուսերեն լեզվով էր եւ չէր ուղեկցվում հայերեն թարգմանությամբ, ինչը «Լեզվի մասին» օրենքի խախտում է:
Կարդացեք նաև