Երևան քաղաքի Արցախյան-59 շենքի մոտակայքում ՀՀ ոստիկանության կողմից տեղադրված արագաչափը կիրակի՝ 20-ը մայիսի, երեկոյան ժամը 19:00-19:30-ի միջակայքում, ֆիքսեց սահմանված արագությունը գերազանցող 001 00 01 պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և նրան ընկերակցող՝ մեքենայի խախտումը: Խախտումը կատարվեց իմ աչքի առջև՝ մեր ավտոմեքենային վազանց կատարելուց վայրկյաններ հետո: Նույն օրերին հրապարակվեց նաև 007 00 01 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկող մեկ այլ պետական չինովնիկի ավտովթարի մասին լուրը, որի մեղավորի մասին դեռևս ոստիկանության եզրակացությունը չի հրապարակվել և 01 vv 111 պետհամարանիշի ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի հաղորդագրությունը:
ՀՀ պետական բարձրաստիճան այրերի հայտարարություններով և հորդորներով հանդերձ, դեռևս մեծ թիվ են կազմում Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող պետական ծառայողական ավտոմեքենաների վարորդները: Նրանք հիմնականում հովանավորվում են իրենց «շեֆերի» կողմից և խուսափում են պատասխանատվությունից:
Քաղաքացիների հանդեպ արդար և հավասար մոտեցումը փաստելու և ոստիկանության աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար, ՀՀ ոստիկանությանն առաջարկում եմ, որ Արցախյան-59 շենքի դիմաց իմ վկայակոչած խախտումի վարչական վարույթի վերաբերյալ հանրային իրազեկում տրվի:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ