Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. «Այս խորհրդարանական ընտրությունները կարժանանան միջակ գնահատականի»

Մայիս 24,2012 13:47

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը խոսեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հայաստանյան ընտրությունների մասին կազմած զեկույցներից, որի վերաբերյալ ինքն անցկացրել է հետազոտություն:

«Հասարակությունը չունի ադեկվատ ընկալում, թե ընտրությունները դիտարկող կազմակերպություններն ինչպիսի դերակատարություն ունեն եւ հաճախ տարբեր տեսակի կազմակերպությունների զեկույցներ ճիշտ չեն մեկնաբանվում: Մյուս կողմից՝ ակնհայտորեն կա հետեւյալ միտումը՝ քաղաքական ուժերը վերցնելով դիտորդական կազմակերպությունների զեկույցների առանձին հատվածներ՝ օգտագործում են դրանք իրենց քաղաքական նպատակների համար: Հենց այս նկատառումներից ելնելով էլ փորձել եմ կատարել համապատասխան հետազոտություն»,- ասաց Վարդանյանը:

Իսկ թե ինչու է նա վերցրել հենց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցները ուսումնասիրել, պատասխանեց. « ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ընտրություններ դիտարկող ամենահեղինակավոր կազմակերպությունն է եւ առավել մանրամասն է կատարում դիտարկում: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցներին են հիմնականում հղում կատարում քաղաքական ուժերն ու եվրոպական կառույցները»:

Վարդանյանը նշեց, որ դիտարկել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցները: Դրանք հետազոտության եւ համեմատության ենթարկել ըստ ընդհանուր գնահատականների՝ ԶԼՄ-ներով քարոզչության լուսաբանումը, քվեարկության գործընթացը եւ ձայների հաշվարկը. «Այս մասերն եմ առանձնացրել, քանի որ դրանք ամենակարեւոր մասերն էին: Բացի այդ՝ հիմնականում այս բաղադրիչների վրա է կազմվում զեկույցն ու տրվում գնահատական»:

Վարդանյանը հավելեց, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը 1996 թվից սկսած դիտարկել է հայաստանյան ընտրություններն ու իր հետազոտության մեջ առկա են բոլորը, բացի վերջին խորհրդարանական ընտրությունները:

Վարդանյանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 1996 թվից սկսած՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հայաստանյան ընտրությունները չի դիտարկել իբրեւ ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ: Եվ ամենաբարձր ընդհանուր գնահատականը եղել է հետեւյալը. «Մեծ մասամբ համապատասխանել է միջազգային չափանիշներին»: Նրանք չեն ասել ամբողջությամբ, ասել են մեծ մասամբ, իսկ դա նշանակում է, որ եթե ամբողջությամբ չի համապատասխանել, ուրեմն մեր ընտրությունները ժողովրդավարական, ազատ եւ արդար չեն եղել: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը համեմատական մոտեցում է ցուցաբերել: Նա ցույց է տվել, որ ընդհանրապես կարող են չհամապատասխանել, կամ՝ մասամբ համապատասխանել. տարբերություն կա մասամբ եւ ընդհանրապես չհամապատասխանելու միջեւ: Ճիշտ է, երկու տարբերակում էլ դրանք ժողովրդավարական չեն համարվում, բայց կա որակական տարբերություն»:

Ըստ Վարդանյանի՝ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրությունները համեմատաբար ավելի բարձր գնահատականի են արժանացել, քան նախագահականը: Մասնավորապես՝ 1999 եւ 2007 թթ. խորհրդարանական ընտրությունները մնացած բոլորի համեմատ, ըստ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ամենալավն են եղել, իսկ ամենավատ գնահատականները տրվել են 2003 թ. նախագահական ընտրություններին, հատկապես ձայների հաշվարկի մասով: 2008 թ. նախագահական ընտրությունները բացասական գնահատականի առումով երկրորդն է: Մի քանի ընտրությունների տրվել է միանշանակ բացասական գնահատական, նշվելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. դրանք են՝ 1998 եւ 2003 թթ. նախագահական ընտրությունները: Իսկ 1999 եւ 2003 թթ. խորհրդարանականի մասով նշվել է առաջընթացի մասին:

Իսկ թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի 2012 թ. խորհրդարանական ընտրություններին տված գնահատականը՝ Վարդանյանն ասաց. «Իմ կարծիքով՝ այս ընտրությունները կարժանանան միջակ գնահատականի: Այսինքն՝ ոչ շատ լավ, ոչ էլ՝ վատ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031