Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի հոխորտալուց՝ մշակույթի նախարարությունը ոչ մի բանի ի վիճակի չէ»

Մայիս 24,2012 13:33

Քննադատում է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

Շիրակի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը 1906 թվականին հիմնված եկեղեցին վերանորոգելու ու գյուղացիների համար աղոթատեղի սարքելու պատճառով ընկել է Ախուրյանի շրջանի Բասեն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Համլետ Պետրոսյանի հետեւից: Բանը հասել է նրան, որ հավատացյալ գյուղապետի հարցերը լուծելու համար մշակույթի նախարարությունը դիմել էր Շիրակի մարզի դատախազություն, որտեղ, սակայն, քրեական գործ չէին հարուցել Համլետ Պետրոսյանի դեմ: Գյուղապետը մեզ հետ զրույցում դժգոհեց. «Ես Ռուսաստան եմ գնացել, այնտեղ աշխատող մեր համագյուղացիներից դրամահավաք եմ կազմակերպել, տարիներով կուտակված եկեղեցու աղբը մաքրել եմ, որպեսզի մի աղոթատեղի էլ մենք ունենանք, ինձ մոտ է գալիս Մելիք-Սարգսյան ազգանունով մեկը ու հոխորտալով փորձում է խոչընդոտել իմ նախաձեռնած Աստվածահաճո գործին: Նա սխալ ուղղություն է ցույց տալիս, ասում է՝ պիտի գնաս մարզպետարան, դիմում տաս, որ քեզ թույլ տան շինարարություն իրականացնելու, ես գնում եմ, դիմում եմ տալիս, մարզպետարանում զարմանում են, թե՝ ո՞ւր ես եկել, մշակույթի նախարարություն պիտի գնայիր: Որոշ ժամանակ անց մշակույթի նախարարությունն ինձ հրամցնում է դատախազությանը: Բա կարելի՞ է էս գործին այսպես խոչընդոտել: Հիմա էլ ուզում եմ համայնքային բյուջեից որոշակի ներդրում կատարել, բայց չկա մշակույթի նախարարության համաձայնությունը, այստեղից ասում են՝ փոխեք նախագիծը, մեկ կամարը՝ առանց սյուների, ընդունելի չէ, դարձրեք 3 կամար, սա էլ կրկնապատկում է մեր ծախսերը»: Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, որն ասաց. «Եկեղեցի կառուցելը բարդ չէ այնքան, բայց եկեղեցի վերակառուցելը բարդացնում են մշակույթի նախարարության աշխատակիցները: Կոնկրետ Բասենում այդպիսի մի իրավիճակ է ստեղծված, երբ Բասենի գյուղապետը կարող է, ի վիճակի է եկեղեցին վերակառուցել, բայց, չգիտես որտեղից, մշակույթի նախարարության որոշ աշխատակիցներ հուզվել են ու ինչ-որ դժվարություններ են հարուցում: Անշուշտ, այդ դժվարությունները դարձյալ լուծելի են, եւ գյուղապետը կարող է շրջանցել դրանք, ինչպես ուրիշ համայնքապետեր են շրջանցում, բայց մի քիչ երեւի ավելի մեղմ տղա է Բասենի գյուղապետը, ու դրանից օգտվելով՝ որոշ մարդիկ իրենց լավ են զգում ու փորձում են իրենց իշխանություն վերապահել: Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա, խնդիրը համայնքապետի չափից ավելի բարեպաշտ, ավելի բարի, համեստ մարդու մեջ է»: Սրբազանի ասելով՝ «Բասենի եկեղեցին իրենից պատմական-մշակութային արժեք չի ներկայացնում, որպես այդպիսին գրանցված չէ, սակայն որոշ մարդիկ՝ ցույց տալու համար, որ իրենք գործ են անում, կարեւորություն են ու անհրաժեշտություն այս երկրում, իրենց ավելորդ կարեւորություն են տալիս: Այս եկեղեցին 20 տարուց ավելի լքված էր, խոնարհված էր, աղբանոցի էր վերածված, նույնիսկ մեկ լուցկու հատիկ այստեղից մշակույթի նախարարությունը չի վերցրել, այդ եկեղեցին մաքրվել, տեսքի է բերվել մեր ջանքերով, քաղաքակիրթ ավերակի է վերածվել մեր ջանքերով, որից հետո էլ նաեւ մեր ցուցումով, հորդորով գյուղապետը նախաձեռնել է շինարարությունը, նախագիծը մենք ենք պատրաստել: Հենց որ գործը սկսվել է, հայտնվել են՝ ասելու համար, թե այս ի՞նչ եք անում առանց մեր թույլտվության. երբ որ ձեր թույլտվությամբ քանդվում էր, ո՞ւր էիք, երբ որ աղբանոցի էր վերածվում, ո՞ւր էիք, երբ որ անտերության էր մատնված, ո՞ւր էիք: Տեսնում են, որ դրամի հարց կա, մտածում են՝ ինչպե՞ս թե, մենք պիտի անենք նախագիծը, մենք պետք է տանք շինթույլտվություն, մեր շինարարները պիտի անեն, դրամի հոտ են առել»,- մեկնաբանում է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Ըստ սրբազանի՝ Շիրակի մարզում կան այլ համայնքներ, որտեղ ավելի կարեւոր պատմամշակութային արժեքներ են վերակառուցվում, եւ մշակույթի նախարարությունն ու այլ պատկան մարմիններ ծպտուն չեն հանում եւ չեն էլ կարող հանել, որովհետեւ վախենում ու սարսափում են տվյալ համայնքապետից: «Բասենի գյուղապետը մեղմ տղա է, ուրեմն նրա վրա կարելի է հարձակվել, բայց ես նրան ասել եմ, ասա՝ սրբազանն է անում, սրբազանն է հեղինակը, թող համարձակվեն գալ ինձ մոտ: Բա հիմարություն չէ՞ գյուղապետին դատախազություն տալը, աբսուրդ է. ոչ մի դատախազություն գործ չի հարուցի եկեղեցի կառուցելու համար»: Ըստ սրբազանի՝ մշակույթի նախարարությունը Շիրակի մարզում մատուռ կամ եկեղեցի վերանորոգելու առումով մատը մատին չի խփել, իսկ նրա ենթակայության տակ գտնվող հուշարձանների պահպանության վարչությունը «պորտաբույծ ու ձրիակեր կառույց է»: «Երբեմն շահագործում են Մարմաշենի պարագան, բայց Մարմաշենում իրենք չեն արել, արել է Գայանե Կազնատին, այդ կես-իտալացի, կես-հայ աղջիկը միջոցներ է հավաքել, բերել է՝ Մարմաշենի վրա իրականացրել է որոշ աշխատանքներ, այո՝ մշակույթի նախարարության գիտությամբ: Ուրեմն, եթե մենք ձեռքերս ծալեինք ու նստեինք, որ մշակույթի նախարարությունը եկեղեցի վերակառուցեր, եկեղեցի չէինք էլ ունենա»,- ասում է սրբազանը: Ըստ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդի՝ Բասենի եկեղեցին քարուքանդ է եղել հենց նախարարության մեղքով. «Մարմաշենում, Հառիճում, Ամենափրկիչում նորոգություն լինի, գան, ասեն՝ ի՞նչ եք անում, բայց 19-րդ դարի գյուղական ժամի վերակառուցման մեջ ի՞նչ գործ ունի մշակույթի նախարարությունը, որն առ այսօր ոչ մի գործ չի ունեցել, իր անփութության, անտարբերության, անգործության պատճառով է քարուքանդ եղել եկեղեցին: Ես Մելիք-Սարգսյանին չեմ տեսել, որ ասեմ՝ տղա ջան, ինչո՞վ ես զբաղված վերջիվերջո, ուրիշ գործ չունե՞ս անելու, գնա այն մյուս եկեղեցիները, որոնք ամեն օր ոտնձգության են ենթարկվում բնակիչների կողմից, աղբ է լցվում, քանդվում է, գնա դրանց վիճակով զբաղվիր: Քանի՞ եկեղեցի կա այսօր, որ, ասենք, գոմերը կպած են եկեղեցուն, պահպանման տարածքը խախտված է, եկեղեցի կա, որի պատին շնաբույն են դրել, շուն են պահում, գնա դրանով զբաղվիր: Օրինակը տամ. Աշոցքի շրջանի Մուսայելյան գյուղում 19-րդ դարի եկեղեցում կցակառույց կա, մեկը իր գոմն է այնտեղ կառուցել, շանն էլ կապել է իր գոմին, փորձեք գնալ ու մոտենալ, կացինով կգա ձեզ վրա: Դե, գնացեք, պետություն եք, մշակույթի նախարարություն եք, գնացեք, ես ի վիճակի չեմ էդ մարդու վրա գնալու, գնացեք էդ եկեղեցին ազատագրեք, հոխորտալուց բացի՝ ոչ մի բանի ի վճակի չեք»,- եզրափակեց Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031