Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեփականատերը պնդում է վտարման իր պահանջը

Մայիս 24,2012 13:31

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, շարունակվում է «Ռան օյլ» բենզալցակայանի տնօրեն Ռոբերտ Գալուստյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ «Նելլի Միքայել» ՍՊԸ տնօրեն, «BELLA» հյուրանոցի տնօրեն Նելլի Ավետիսյանի:

Ե. Քոչարի 6 հասցեի սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը դատարանով պահանջում է լուծել հյուրանոցի հետ այս տարվա հունվարի 24-ին  կնքած վարձակալության պայմանագիրը եւ տարածքից վտարելու հարց է բարձրացրել: Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքված էր մինչեւ 2015թ. համար:

Նախորդ դատական նիստի ժամանակ, դատարանը, որը հեռացել էր խորհրդակցական սենյակ, պատասխանողի ինքնաբացարկի հարցով, վերադարձավ եւ մերժեց այդ միջնորդությունը եւս:

Պատասխանող-հյուրանոցի ներկայացուցիչը հայտարարեց, որ հակընդդեմ հայցով դիմել է այս նույն դատարանին, սակայն դատարանը այն չի ընդունել: Դատավոր Գագիկ Խանդանյանի եւ պատասխանողի միջեւ սկսվեց լեզվակռիվ, դատավորն ասում էր, որ հակընդդեմ հայցը մերժվել է, իսկ պատասխանողը պահանջում էր հակընդդեմ հայցի մերժման որոշումը: Նա ասաց, որ քանի դեռ այդ որոշումը չկա, ապա անհնար է, իր մարտավարությունից ելնելով, դատական նիստը շարունակել:

Մենք տեղեկացրել ենք վարձակալ հյուրանոցի դիրքորոշումը. կողմը պնդում է նաեւ մինչ օրս: ՍՊԸ-ն գտնում է, որ որեւէ պատճառ չկար վաղաժամկետ լուծարելու պայմանագիրը, հյուրանոցի տնօրեն Նելլի Ավետիսյանը նշում է նաեւ, որ տուրիստական ընկերությունների հետ կնքված մի շարք պայմանավորվածություններ խախտվել են, եւ ինքը կրել է զգալի վնաս:

Ռոբերտ Գալուստյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ կողմը չի կատարել իր վարձակալության պայմանագիրը, երեք ամսվա վարձավճարը չի մուծել, իսկ հյուրանոցն էլ չի գործել ըստ նշանակության.

«Այնտեղ ապրել են նաեւ այլ մարդիկ»: Հյուրանոցի ամսական վարձը կազմել է 80 000 ՀՀ դրամ, որը պետք է վճարվեր յուրաքանչյուր ամսվա 9-ին:

«Պատասխանողն իր գործողություններով խախտել է պայմանագրի էական պայմանը, որը հանգեցնում է մյուս կողմի՝ Ռոբերտ Գալուստյանի համար այնպիսի վնասի, որը հայցվորին զրկել է այն բանից, ինչը նա ակնկալել է պայմանագիրը կնքելիս, այսինքն՝ ստանալ վարձակալությամբ տրված գույքի դիմաց պայմանագրով սահմանված վարձավճարը»,- ասում է Ռ.Գալուստյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Դավթյանը:

Ի դեպ, երբ դատական նիստի ժամանակ պատասխանող-հյուրանոցն ասաց, որ միայն մի պայմանավորվածությունից ինքը կորցրել է 16 500 դոլարին համարժեք գումար, փաստաբանը հարցրեց, թե ինչպես կարող է սեփականատերը 80 000 դրամի դիմաց հանդուրժի նման օգուտ, երբ ինքը կարող էր դա ստանալ:

Ռ. Գալուստյանը նաեւ ասաց, որ պայմանագրային պարտավորվածության խախտման համար զգուշացրել է վարձակալին՝ գրություն է ուղարկել «Նելլի Միքայել» ՍՊԸ. «Առաջարկեցի 5-օրյա ժամկետում ազատել տարածքը, սակայն նրանք շարունակում են իմ սեփականությունը հանդիսացող տարածքում գործունեություն ծավալել»:

Մեր այն հարցին, թե պայմանագիրը կնքված է մինչեւ 2015-ը, եւ ինչ իրավական հիմքերով է սեփականատերը վտարելու պահանջ ներկայացնում, պարոն Գալուստյանն ասաց. «Հունվարի 24-ի թիվ 274 պայմանագրի 4.4 կետի «բ» ենթակետի համաձայն, իրավունք ունեմ միակողմանի վաղաժամկետ լուծել պայմանագիրը»: Ի դեպ, դատարան ներկայացված հայցապահանջի հիմքերից մեկն էլ դա է:

Հայցվոր կողմը հղումներ է անում նաեւ գործող Քաղաքացիական օրենսգրքին, մասնավորապես՝ 469 հոդվածի 5-րդ մասին. «Եթե պայմանագրի կամ լուծման համար հիմք է ծառայել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի էական խախտումը, մյուս կողմն էլ իրավունք ունի պահանջել հատուցելու պայմանագրի փոփոխմամբ կամ լուծմամբ պատճառված վնասները»:

Ռոբերտ Գալուստյանը մեզ հետ զրույցի ժամանակ նաեւ տեղեկացրեց, որ եղել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, քանի որ հյուրանոց-կողմեր վեճն առնչվել է իրանական գործարարի շահերի հետ էլ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031