Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը՝ Գոհար Գասպարյանի եւ իր մատենաշարի մասին
Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը 2000թ. հիմնեց «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը, որի 10-րդ գիրքը լույս է տեսել օրերս՝ նվիրված անվանի գուսան Շերամի ծննդյան 155-ամյակին: Ինչպես նախորդ աշխատությունները՝ նվիրված Գոհար Գասպարյանին, Կարպ Խաչվանքյանին, Սվետլանա Գրիգորյանին, Բաբկեն Ներսիսյանին, Օֆելյա Համբարձումյանին, Երվանդ Ղազանչյանին, Գալյա Նովենցին եւ այլոց, «Շերամը» նույնպես ծավալուն, վավերագրություններով հարուստ, պատկերազարդ, անտիպ գործերի, շուրջ 40 երգերի ձեռագիր նոտագրությունների հավաքածու է:
«Առավոտը» Սերգեյ Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ժամանակին Սիլվա Կապուտիկյանի՝ արվեստաբանի այս ձեռնարկի առիթով ասված խոսքը՝ «Մատենաշարի յուրաքանչյուր հատորը հայ թատրոնի տարեգրությունը հարստացնող արժեքավոր մատենագիտություն է…»: Մեր զրուցակիցն էլ իր հերթին հիշեց անվանի բանաստեղծուհու հետեւյալ խոսքերը. «Սերգեյ ջան, շա՞տ թանկ հաճույք է այս հրաշալիքը…»:
Կարդացեք նաև
Մեզ էլ հետաքրքրեց մեր օրերում հրատարակվող տպագրական բարձրորակ գրքերի արժեքը (մատենաշարը տպագրվում է «Զանգակ-97» հրատարակչությունում): Այս առիթով մեր զրուցակիցը նախ նշեց, թե տարբեր «ճանապարհներով» են հրատարակվում, հետո էլ փոքր-ինչ մանրամասնեց. «Որոշ գրքեր տպագրվում են մշակույթի նախարարության աջակցությամբ, որոշներն էլ հրատարակվել են դերասանների ընտանիքների օգնությամբ: Իսկ, օրինակ, «Շերամի» տպագրության ծախսերը հոգացել է գուսանի հայրենակից Գյումրիի քաղաքապետը: Ի դեպ, նա խոստացել է աջակցել նաեւ հաջորդ գրքի հրատարակմանը՝ նվիրված դարձյալ իր հայրենակից, անվանի երգչուհի Արաքսի Գյուլզադյանին»:
Սերգեյ Առաքելյանը հաստատելով այն, որ մատենաշարի գրքերը վաճառքի չեն հանվում, ասաց. «Դրանք նվիրվում են հայաստանյան գրադարաններին, մասնագիտական բուհերին, մշակութային օջախներին»: Իսկ չի՞ պատրաստվում, օրինակ, աշխատություններ նվիրել Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի 90 եւ Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի, ինչպես նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնների 70 եւ 80-ամյակներին: Վերջինս լրանում է 2013թ.: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Սունդուկյանի եւ Պարոնյանի անվան թատրոնների գիրք-ալբոմները պատրաստ են հրատարակության. «Ինչ վերաբերում է Օպերային թատրոնին, վերջինիս տնօրինության հետ պատրաստվում ենք հաջորդ տարի կազմակերպել թանգարանային ցուցադրություն: Կներկայացվեն 1933-ից մինչ օրս բեմադրված ներկայացումների լուսանկարներ, վավերագրեր, հայտագրեր, մեր մեծերի՝ Հայկանուշ Դանիելյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Շարա Տալյանի, Գոհար Գասպարյանի, Ավագ Պետրոսյանի, Միհրան Երկաթի ու մյուսների՝ որոշ ներկայացումներից պահպանված զգեստները, աքսեսուարները եւ այլն»:
Մեր զրուցակցին խնդրեցինք որեւէ հետաքրքիր դրվագ պատմել՝ կապված մատենաշարի հերոսների հետ: «Հազարավոր տպավորություններ կարող եմ փոխանցել: Նրանք բոլորը համեստ են, մի տեսակ քչով բավարարվող, շքեղ դղյակների, կահ-կարասիների հավակնություններ չունեն, ինչպես այսօրվա «աստղերը»… Երբ 1984թ. Գոհար Գասպարյանը խորհրդային երկրի նշանավոր երգչուհիներից առաջինն արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման եւ Լենինի շքանշանի, Երեւանի օպերային թատրոնում պատրաստվում էին մեծարման երեկոյի: Գոհարն ինձ ասաց՝ Սերգո ջան, գնա տես աֆիշում ի՞նչ են գրել: Եկա ասացի, թե նշված են իր բոլոր կոչումները, տիտղոսները, շքանշանները՝ մինչեւ անգամ Երեւանի պատվավոր քաղաքացի: Զարմացած նայեց վրաս ու ասաց՝ Կուկլա ջան, անոնք ապուշ են՝ գրել են, բա դո՞ւ… Գնա ասա՝ բոլորը ջնջեն, թողնեն միայն՝ երգում է Գոհար Գասպարյանը, բոլոր էդ կոչումները անունիս մե՞ջ չեն…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ