Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդունելության քննությունների ձեւաչափն արդյունավետ չէ

Մայիս 24,2012 13:26

Ժամանակն է գործել արեւմտյան երկրների նման

Ընդունելության քննությունները նորից հայտնվեցին հասարակության ուշադրության կիզակետում: Մի կողմից՝ շուրջ 18 000 դիմորդներ գերլարված իրենց վերջին պարապմունքներ են անցկացնում, մյուս կողմից՝ կրկնուսույցները ջանք ու եռանդ չեն խնայում արդարացնելու վճարունակ դիմորդների ծնողների հյուսերը, եւ վերջապես, մասնավոր բուհերն էլ սրտատրոփ սպասում են, թե այս տարվա նորամուծության արդյունքում դիմորդ կունենա՞ն, թե՝ ոչ:

Չեմ կարծում, որ այս «գերշիկացած» մթնոլորտն իրոք նպաստում է արդյունավետ ընդունելության քննությունների կայացմանը, ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ տնտեսական առումով: Բազմիցս նշել եմ, որ կրկնուսույցների ինստիտուտն արդարացված չէ: Ձեւավորվել է ընդունելության քննությունների մի այնպիսի մեխանիզմ, որտեղ կրկնուսույցները լուրջ դերակատարում ունեն: Իսկ դա նշանակում է՝ դիսկրիմինացիա սոցիալապես ապահով եւ անապահով դիմորդների միջեւ, որովհետեւ կրկնուսույցների ծառայություններից օգտվելը լուրջ գումարներ է պահանջում: Բացի այդ, անհավասար պայմաններում են հայտնվում մայրաքաղաքային եւ մարզերի շրջանավարտները, քանի որ «որակյալ կրկնուսույցների» խիստ պակաս կա հանրապետության հեռավոր գյուղերում:

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հանրապետությունը դարձել է Բոլոնյան համաձայնագրի անդամ, սակայն, չգիտես ինչու, ընդունելության քննությունների հարցում կարծես շրջանցվում են արեւմտյան սկզբունքները: Իսկ համաձայն այդ սկզբունքների, բուհերը չափազանց մեծ վստահությամբ են վերաբերվում հանրակրթության համակարգի գնահատականներին, եւ դիմորդը պարզապես ընդունելության քննությունների այդ հուզական եւ գերլարված գործընթացից ձերբազատվում է: Բացի այդ, արեւմտյան համալսարանները մեծ վստահություն են ցուցաբերում միջին մասնագիտական կրթօջախներից դիմորդի վաստակած ակադեմիական կրեդիտներին, որոնք հիմք են հանդիսանում առանց ընդունելության քննությունների քոլեջների շրջանավարտների բուհ ընդունվելուն: Արդեն իսկ քոլեջներում միջին մասնագիտական կրթություն ստացած ուսանողները որոշում են կայացնում՝ արժե՞ շարունակել ուսումը բուհերում, կատարվե՞լ է, արդյոք, մասնագիտության ճիշտ ընտրություն, թե՞ պետք է վերաորակավորում ստանալ համալսարաններում, բակալավրիատում սովորելով ոչ թե չորս, այլ ընդամենը երկու տարի: Այս ճանապարհով անկասկած կատարվում է ոչ միայն մասնագիտական ճիշտ կողմնորոշում, այլեւ համալսարանական բարձր կրթավճարների խնայողություն: Մի խոսքով, ամեն ինչ արվում է՝ կիրառելու ընդունելության քննությունների ճկուն, համեմատաբար էժան եւ ոչ սթրեսային մեխանիզմներ, որը չէի ասի, թե նկատվում է մեր երկրում:

Ընդունելության քննությունների գործող ձեւաչափը արդյունավետ չեմ համարում նաեւ դիմորդի կողմից մասնագիտությունների ընտրության առումով: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ աշակերտական նստարանին հենց նոր հրաժեշտ տված դիմորդների մեծ մասը մասնագիտություն ընտրելիս առաջնորդվում է «մոդայով», եւ ոչ թե հիմնավոր կողմնորոշումներով: Եվ արդյունքում՝ բուհում սովորելու առաջին իսկ տարիներին ուսանողության զգալի հատվածի մոտ ձեւավորվում է «հիասթափություն» իրենց իսկ կողմից կատարած մասնագիտության ընտրության առումով:

Եթե անկեղծանանք, այստեղ առավելապես մեղքի բաժինը ունեն հենց բուհերը, որոնք իրենց ապագա դիմորդների հետ դպրոցներում լրջագույն աշխատանք չեն կատարում: Առավել արդյունավետ կլիներ բուհական ծրագրերով ավագ դպրոցներում մասնագիտական ներածության դասավանդումը եւ հենց այդ գնահատականներով ընդունելության կազմակերպումը: Այն մի կողմից կողմնորոշիչ դեր կկատարեր ապագա դիմորդի մասնագիտության ընտրության հարցում, մյուս կողմից՝ կբարձրացներ բուհական ուսումնառության արդյունավետությունը, քանի որ համալսարանները հենց իրենք կընտրեին ապագա ուսանողներին, եւ ոչ թե այդ գործը կվստահեին կենտրոնացված ընդունելության հանձնաժողովներին, որոնք այնպիսի առարկաներով են ընդունելություն կազմակերպում, որոնք, մեղմ ասած, հաճախ այնքան էլ սերտորեն չեն առնչվում դիմորդի մասնագիտության հետ:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031