Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անցումային» առասպելը

Մայիս 24,2012 13:17

90-ականների սկզբին Արեւմուտքը մեր նկատմամբ կիրառում էր «անցումային շրջանի երկրներ (հասարակություններ)» բնորոշումը, որն, ըստ էության, ճիշտ էր, բայց իր մեջ մի տեսակ նվաստացուցիչ տարր էր պարունակում: Այսինքն՝ դուք գտնվում եք կապիկի եւ մարդու էվոլյուցիայի կեսճանապարհին, պարզ չէ, թե ինչ է ձեզնից դուրս գալու, եւ այդ պատճառով մենք ձեզ վերաբերվում ենք մեր բարձունքից եկող ներողամտությամբ: 21-րդ դարից սկսած՝ այդ եզրը վերաբերվում է հիմնականում տնտեսությանը (transition economy): Մենք էլ ենք, բնականաբար, այդ շարքում: Բայց դա ավելի նեղ մասնագիտական հասկացություն է, առնչվում է ավելի շուտ միջազգային ֆինանսական կազմակերպությունների գործունեությանը, եւ, իհարկե, հասարակական ինստիտուտների զարգացման աստիճանը ցուցիչը չէ:

Բայց եթե «դրսից» մեր երկիրն այլեւս «անցումային» չեն համարում, ապա մեր իշխանությունները ու որոշ իշխանամետ շրջանակներ դեռեւս կառչած են այդ գաղափարից, բնականաբար՝ իրենց շահերը հետապնդելով: «Չէ, դա չի լինի, մեր ժողովուրդը դեռ չի հասունացել, այս անցումային փուլում դա վտանգավոր է»՝ այդ փաստարկը բերվում է, երբ խոսք է գնում ժողովրդավարության, տնտեսական, խոսքի ազատությունների մասին, մասնավորապես՝ ազատ ընտրություններին: Իհարկե, պաշտոնյաները նման բան ուղիղ տեքստով չեն ասում՝ այդ մտքերն արտաբերվում են ոչ պաշտոնական խոսակցությունների ժամանակ, ինչպես նաեւ իշխանությանը համակրող գործիչների կողմից: Բոլոր դեպքերում, մեր քաղաքացիների «անցումային» բնույթի մասին թեզը լայն շրջանառություն ունի: Բայց ո՞վ է որոշում, թե ինչի համար է ժողովուրդը հասունացել, իսկ ինչի համար՝ ոչ: Ովքե՞ր են այն իմաստունները, որոնք իրենց վրա վերցրել են ժողովրդի մակարդակը չափելու առաքելությունը:

Բերեմ պարզ օրինակ. եթե 10 տարի առաջ «Ա1+»-ը չեթերազրկվեր, եւ եթե այս 10 տարվա ընթացքում եթերում լինեին «վերեւի զանգերից չվախեցող» մի քանի հեռուստաընկերություն (գուցե «Ա1+»-ից լավը), դա կնպաստեր քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հասարակությանը հուզող խնդիրների ակտիվ ու անկաշկանդ քննարկմանը: Բայց 10 տարի առաջ իշխանությունը որոշեց եւ մինչեւ հիմա էլ կարծում է, որ անցումային փուլում գտնվող ժողովուրդը այդ աստիճանի ազատությանը պատրաստ չէ: Հեռուստաընկերությունը փակած հանձնաժողովականներից մեկը մասնավոր զրույցում լրջորեն բացատրում էր, որ «Ա1+»-ը պիտի եթերում չլինի, որովհետեւ մենք Ղարաբաղի խնդիր ունենք: Իշխանության նման «պետական» մտահոգությունը իրականում զուտ անձնական է՝ հանկարծ եթերում ավել-պակաս չխոսեն:

Հիմա էլ պարզվում է, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ մշակութային բազմազանությանը, որովհետեւ իբր դա հայերի կողմից ընկալվում է որպես միասեռականության քարոզ: Իսկ այդ քարոզը, ասում են, ուղղակի հարվածում է մեր ազգային անվտանգությանը: Եվս մի «պետական» մտահոգություն, որը նույնքան կեղծ է: Տվեք մեր քաղաքացիներին բավականաչափ տեղեկատվություն, եւ թող նրանք ինքնուրույն դատեն, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Թե չէ՝ միտումնավոր պահել մարդկանց խավարի մեջ, իսկ հետո բողոքել նրանց խավարամտությունից՝ դա բարոյականության ամենաբարձր դրսեւորումը չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031