Մայիսի 23-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարները:
Գյուղապետերի վկայությամբ` իրենք խորհրդակցությունում մտահոգություն են հայտնել, որ 2012թ. ապրիլի 28-ից ուժի մեջ մտած «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքը հողի հարկի հավաքագրման համար խնդիրներ է ստեղծել:
Գյուղապետերը «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ բարեխիղճ կերպով հողի հարկը մուծած գյուղացիներն իրենց զգում են խաբվածի` «հարիֆի» վիճակում:
Վաչե Տերտերյանն ի պատասխան գյուղապետերի մտահոգությունների՝ ասել է, որ հողի հարկի պարտքի այն գումարները, որոնք ներվել են գյուղացիներին, գյուղապետարաններն օրենքով սահմանված կարգով չէին կարող գանձել գյուղացիներից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքով չեղյալ են համարվել մինչեւ 2008թվականի հողի պարտքի պարտքի գումարները եւ դրանց տույժ- տուգանքները, իսկ դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար` միայն տույժ-տուգանքները: Գյուղապետերն ասացին, որ հողի հարկի գումարների մեծ մասը հավաքագրվում է աշնանը, բերքի իրացումից հետո: Աշնանը կերեւա, թե վերոհիշյալ օրենքի կիրարկումը հողի հարկի հավաքագրման առումով որքանով է արդյունավետ եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ