Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան. երկրաշարժից տուժածներին ժամանակին օգնություն չի հասնում

Մայիս 24,2012 11:26

Կառավարությունը խոստանում է վերականգնել երկրաշարժից վնասված տները, սակայն տուժածերին անգամ վրանները չեն բավականացնում:

Սեւինջ Թելմանգըզի, Կովկաս 

Կովկասյան լրատու # 642

18-ը մայիսի, 2012թ.   

Ադրբեջանի հյուսիսարեւմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ավերված 5 գյուղերի բնակիչներն այժմ վրաններում են ապրում եւ անհանգստանում իրենց անորոշ ապագայի համար:

Մայիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը Զաքաթալայի շրջանն էր: Զոհեր չեն եղել, սակայն տասնյակից ավելի վիրավորներ կան, այդ թվում`երեխաներ:

Պաշտոնական տվյալներով`երկրաշարժի հետեւանքով 3 000 բնակելի տներ ու 100 հասարակական շինություններ են փլուզվել կամ վնասվել:

Անօթեւան մնացած բնակիչները գաղափար անգամ չունեն, թե որքան ժամանակ ստիպված կլինեն վրաններում ապրել, քանի որ հետերկրաշարժային ցնցումները շարունակվել են`թույլ չտալով փրկարար ծառայություններին մուտք գործել եւ զննել բնակիչների տները:

«Սկզբում մեզ անգամ վրաններ չհասան: Շատերն էին անտուն մնացել, բայց վրանները բավականացնում էին միայն փոքրաթիվ մարդկանց: Վեց անդամից բաղկացած մեր ընտանիքը ստիպված էր դրսում գիշերել, եւ ոչ ոք մեր մասին հոգ չտարավ: Մեզ վրան հատկացրեցին միայն այն ժամանակ, երբ մի քանի օր հետո հեռուստաալիքներից մեկով բողոքեցի տեղական իշխանությունների անտարբերությունից», – ասում է Գիմիր գյուղի բնակչուհի Գյուլնարա Գոզալովան:

Նրա համագյուղացի Նամիգ Իսմայիլովը նշում է, որ երկրաշարժից տուժածներին սկսեցին օգնություն տրամադրել միայն այն ժամանակ, երբ այստեղ հայտնվեցին լրագրողները, բայց միեւնույն է, բավականաչափ վրաններ չկան:

«Յուրաքանչյուր վրանում երկու-երեք ընտանիք է քնում: Դեռ որքա՞ն պետք է այս նեղության մեջ ապրենք: Մարդկանց համար փաստացիորեն քնելու տեղ չկա: Չեմ հասկանում`հնարավոր չէ՞ լուծել վրանների խնդիրը», – դժգոհում է Իսմայիլովը:

Գոզբարախ գյուղի բնակչուհի Մարյամ Ազիզովան ասում է, որ իրենց վրանում 19 մարդ է բնակվում: Նրա խոսքերով`մեկ վրանում 4-5 ընտանիքներ են ապրում:

«Մեզ շատ քիչ սնունդ է հասնում: Փող ունեցողներն իրենց համար հավելյալ ուտելիք են գնում, բայց նրանք, ում չի հաջողվել իրենց տներից գումար վերցնել, ստիպված են այդպես գոյատեւել», – ասում է նա:

Գոզբարախում բնակվող Նիգյար Աբրահիմովայի ընտանիքը ստիպված էր ապաստան գտնել բեռնատարի թափքում: Այժմ նա այնտեղ է ապրում իր ամուսնու, չորս թոռների եւ երկու հարսերի հետ:

«Ես ընտանիքիս համար վրան եմ խնդրում, բայց ինձ ասում են, որ վրան այլեւս չկա», – ասում է նա:

Պատկերը նույնն է նաեւ երկրաշարժից տուժած այլ գյուղերում:

«Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը դեռ մեր գյուղեր չի հասել: Բնակիչների միայն 30 տոկոսն է վրաններ ստացել, բայց դրանք փոքր են եւ չեն կարող միաժամանակ մի քանի ընտանիք տեղավորել: Պարենը եւս չի բավականացնում… մարդիկ ավտոմեքենաներում ու փողոցներում են քնում», – պատմում է Ալեսկեր գյուղի բնակիչ Աբդուլլա Աֆենդին:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովը պնդում է, որ տուժածներին հնարավորինս արագ են տրամադրվել բոլոր եղած վրանները:

«Ամենից առաջինը կանանց եւ երեխաներին է օգնություն տրամադրվել, երեխաներն ապահովվել են սննդով: Մեզ հատկացված 20 միլիոն մանաթը (25 միլիոն դոլար), թույլ կտա մեզ վերլուծել իրադրությունը եւ անմիջապես աջակցություն տրամադրել: Ենթադրում եմ, որ հավելյալ գումար կհատկացվի տներ եւ այլ շինություններ կառուցելու համար», – ասում է նա:

Մայիսի 9-ին կայացած արտահերթ ժողովի ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը հրահանգեց արտակարգ իրավիճակների նախարարությանը հիմնավոր, որակյալ տներ կառուցել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների համար: Հենց այս աշխատանքների իրականացման նպատակով, ոչ թե աղետից տուժածներին անմիջապես օգնություն տրամադրելու համար արդեն իսկ 20 միլիոն մանաթ էր հատկացվել:

Երկրաշարժից տուժածները, սակայն, թերահավատորեն են տրամադրված իրենց տրվող խոստումներին:

«Ասում են`մեր ավերված տների փոխարեն մեզ համար բնակարաններ են կառուցելու, որտեղ յուրաքանչյուր անձին 12 քառակուսի մետր տարածք է հատկացվելու: Բայց իմ տան մակերեսը 150 քառակուսի մետր է եղել: Նշանակում է`ամեն ինչ նորից ենք սկսելու, եւ դեռ շատ տարիներ կանցնեն, մինչեւ վերադառնանք նախկին վիճակին», – կանխագուշակում է Իսմայիլովը:

Մայիսի 7-ի աղետն արթնացրեց 2010-ի գարնանը Քուռ գետի վարարման պատճառով տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի մասին հիշողությունները, երբ 20 հազար տներ ջրի տակ անցան: Այդ ժամանակ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ տեղական իշխանությունները հատուկ հանձնաժողով ստեղծեցին տուժած շրջանի վերականգնման նպատակով, իսկ նախագահ Իլհամ Ալիեւի հրահանգով այստեղ պետք է նոր տներ կառուցվեին:

Ջրհեղեղի ավերածություններից տուժած տարածքների վերականգնման համար ավելի քան 300 միլիոն մանաթ (380 միլիոն դոլար) է հատկացվել: Երկու տարի է անցել ջրհեղեղից, սակայն տուժածները դեռ սպասում են իրենց նոր տներին, եւ այս կապակցությամբ 100-ից ավելի դատական գործեր են հարուցվել:

2010 թվականի ջրհեղեղների հետեւանքների վերացման ուղղությամբ կատարվող պետական ծախսերը վերահսկող «Քուռ» նախաձեռնող խմբի ղեկավար Մեհման Ալիեւը մտահոգվում է, որ հատկացված գումարների մի մասը ժամանակին յուրացվել է: Ալիեւի կանխագուշակմամբ`նույնը կարող է պատահել Զաքաթալայի երկրաշարժի հետեւանքների վերացման համար տրամադրված միջոցների հետ:

«Առաջին փուլի համար 20 միլիոն մանաթ է հատկացվել, սակայն պարզ չէ, թե որտեղից են այս գումարը հայթայթել: Քանի՞ տուն են նրանք ծրագրում վերականգնել կամ կառուցել այս գումարով: Եթե հաշվի առնենք պաշտոնյաների ագահությունը, ապա այս գումարի մի մասն անպայման յուրացվելու է: Ամենամեծ խնդիրը գործընթացի թափանցիկության բացակայությունն է», – ասում է Ալիեւը:

«Գուզարան» հետազոտական կենտրոնի տնօրեն Գադիր Իբրահիմլիի խոսքերով`կառավարությունը պետք է 2010-ի ջրհեղեղների եւ երկրաշարժի գոտու վերականգնման անարդյունավետ միջոցառումներից դաս քաղած լիներ:

«Լավ կլիներ, եթե հանրության հարգանքը վայելող մարդկանց ու տեղական ավագանու անդամներից բաղկացած հանձնաժողով ստեղծվեր, որը կվերահսկի օգնության բաշխման գործընթացը: Մինչեւ գործընթացի թափանցիկություն չապահովվի, Զաքաթալայում բողոքի ցույցեր կլինեն», – եզրակացնում է Իբրահիմլին:

Սեւինջ Թելմանգըզին «Ենի Մուսավաթ» թերթի թղթակիցն է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031