Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրան – Ադրբեջան հարաբերություններում ճգնաժամը խորանում է

Մայիս 24,2012 11:23

Իրանից Ադրբեջան ժամանող բեռնատարներ, արխիվային լուսանկար

Իրանա – ադրբեջանական երկկողմ  հարաբերություններում առկա ճգնաժամը գնալով խորանում է: 

Ւնչպես հաղորդում է ադրբեջանական առաջատար հեռուստաընկերություններից մեկը` ANS-ը, իրանական կողմը մայիսի 21-ից խստացրել է իր տարածք ադրբեջանական բեռնատարների մուտքի կարգը, ինչի արդյունքում պետական սահմանի միայն մի անցակետում` «Բիլյասուվարում» հարյուրավոր մեքենաներ են կուտակվել:

Բեռնատարների վարորդներն արդեն մի քանի օր է ինչ գտնվում են սահմանին, եւ մեքենաների քանակն օրեցօր ավելանում է:

Լրագրողների հետ զրույցներում ադրբեջանցի վարորդները նշում են, որ որեւէ պաշտոնական տեղեկություն իրենց չեն տրամադրում: Նրանց խոսքով` Իրանի իշխանությունները կտրուկ կերպով եւ անսպասելիորեն ավելացրել են բեռնատարների ապահովագրման սակագինը: «Որոշ դեպքերում մեկ բեռնատարի դիմաց պահանջվող գումարը կարող է հասնել 20 հազար դոլարի», – նշում են վարորդները:

Իրավիճակը ադրբեջանական կողմի համար կրկնակի բարդանում է այն պատճառով, որ Նախիջեւանի ինքնավար հանրապետության եւ Ադրբեջանի կենտրոնական շրջանների միջեւ ցամաքային կապն իրականացվում է բացառապես Իրանի տարածքով: Փաստորեն, իրանական կողմի ձեռնարկած գործողությունների հետեւանքով Նախիջեւանն այս պահին արտաքին աշխարհի հետ կապ է պահպանում միմիայն Թուրքիայի միջոցով։ Հայաստանի հետ Նախիջեւանի սահմանը փաստացի ռազմաճակատի գծի է վերածվել դեռ 20 տարի առաջ:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը Ջուլֆայի սահմանային անցակետի աշխատակիցները հայտնել են, որ փաստացի արգելքի նախաձեռնողը իրանական կողմն է: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի կենտրոնական շրջանների եւ Նախիջեւանի միջեւ մարդատար տրանսպորտն անարգել է գործում:

Երկու երկրների սահմանին այս իրավիճակը ստեղծվել է պաշտոնական Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ծագած ճգնաժամի խորանալուն զուգահեռ։

Բառացիորեն երկու օր առաջ Իրանը հետ կանչեց Բաքվում իր դեսպանին։ Պատճառը Բաքվում իրանական դեսպանատան մոտ անցկացված ցույցերի ժամանակ արձանագրված միջադեպն էր. այդ բողոքի ակցիաների ժամանակ ադրբեջանցի ցուցարարները պատռել էին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարները: Իրանական կողմը դա բնութագրել էր որպես «կրոնական սրբությունների պղծում»` պատճառաբանելով, թե Խամենեին աշխարհի շիա մահմեդականների առաջնորդն է:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031