Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ միանգամից մեծացավ դոլարի պահանջարկը

Մայիս 24,2012 11:12

Վերջին օրերին Հայաստանի արժութային շուկայում անհասկանալի բաներ են կատարվում։ Կտրուկ ավելացել է դոլարի պահանջարկը, որը ոչ մի կերպ կարծես հնարավոր չի լինում բավարարել։ Այդ երեւույթը նկատվեց խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, սակայն աստիճանաբար խորացավ։
Որքան էլ Կենտրոնական բանկը փորձում է տարադրամային ներարկումների միջոցով հանդարտեցնել շուկան, այնուհանդերձ այստեղ ճնշումը չի թուլանում։ Պատահական չէ, որ դոլարը շարունակում է թանկանալ անգամ Կենտրոնական բանկի մեծածավալ ինտերվենցիաներից հետո։
Անցած երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթի ուժեղացումը դրամի նկատմամբ կազմեց շուրջ 10 նիշ։ Սա էական փոփոխություն է։ Տեւական ժամանակ է, ինչ արժութային շուկայում այդպիսի կարճ ժամանակահատվածում փոխարժեքների նման կտրուկ տատանում չէր եղել։
Դոլարի գինը արժութային բորսայում հասավ մինչեւ 402 դրամի։ Ամերիկյան արժույթի նման փոխարժեք արձանագրվել էր երկու տարի առաջ։ 2010թ. ապրիլին դոլարի գինը մի պահ անցավ 405 դրամի սահմանագիծը։ Բայց դա երկար չպահպանվեց։ Կենտրոնական բանկի միջամտությունից հետո ամերիկյան արժույթը աստիճանաբար էժանացավ եւ հասավ 365-370 դրամի սահմանագծին։
Այժմ շուկան հանդարտեցնելու Կենտրոնական դրամատան փորձերը կարծես արդյունք չեն տալիս։ Այս ամսվա ընթացքում արդեն իրականացվել է առնվազն 30 մլն դոլարի ներարկում։ Ընդ որում, մեծ մասը` մայիսի 22-ին։ Սակայն անգամ այդպիսի մեծածավալ ներարկումը շուկայում էական տեղաշարժ չառաջացրեց։ Գործարքների ավարտին դոլարը թուլացավ ընդամենը մի քանի լումայով՝ շուկան մեկնարկեց 402-ով, փակվեց՝ 401,95-ով։ Համեմատության համար ասենք, որ մինչեւ մայիս ԿԲ-ն բորսայում վաճառել էր 52 մլն դոլար։
Թե վերջին շրջանում ինչ է կատարվում Հայաստանի արժութային շուկայում, որեւէ պաշտոնական բացատրություն չի տրվում։ Մի բան, որ մեծացնում է լարվածությունը, հետեւաբար նաեւ ուժեղացնում ճնշումը շուկայի վրա։
Մինչ Կենտրոնական բանկը խուսափում է մեկնաբանել շուկայում կատարվող զարգացումները, ի հայտ են գալիս նոր երեւույթներ։ Որոշ տեղեկություններով, Հայաստանից դոլարի մեծածավալ արտահոսք է սկսվել։
Այդպե՞ս է, թե՞ ոչ, դժվար է ասել։ Ամեն դեպքում կան որոշակի տվյալներ, որոնք նման ենթադրությունների տեղիք են տալիս։ Որքան էլ տարօրինակ է, անցած շաբաթ արտարժույթի ներբանկային շուկայում արձանագրվել է եվրոյի առք ու վաճառքի աննախադեպ բարձր ցուցանիշ։ Բանկերը գնել են ավելի քան 145,7 մլն եվրո։ Եվրոյի վաճառքը գերազանցել է 152 միլիոնը։
Սա տարօրինակ է այնքանով, որ սովորաբար եվրոպական արժույթի շրջանառությունը Հայաստանի բանկային համակարգում այնքան էլ մեծ չէ։ Պատահական չէ, որ արժութային բորսայում եվրոյով գործարքներ մեծ մասամբ չեն կատարվում։ Այդ արժույթը շրջանառվում է հիմնականում ներբանկային շուկայում, այն էլ քիչ քանակով։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքը ինչ ծավալների մասին է, բերենք մի քանի տվյալներ. այսպես, մայիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում ներբանկային շուկայում բանկերը գնել էին ընդամենը 4 միլիոն եւ վաճառել 12 մլն եվրո։ Դրան նախորդող շաբաթվա ընթացքում գնվել էր 4,2 միլիոն, վաճառվել՝ 10,3 միլիոն եվրո։
Ակնհայտ է, որ անցած շաբաթ ներբանկային շուկայում բանկերի կողմից եվրոյով իրականացված գործարքները կտրուկ ավելացել են։ Թե դա ինչի հետեւանք է, հայտնի չէ։
Այնուհանդերձ չի բացառվում, որ իսկապես տեղի է ունեցել եվրոյի փոխարկում դոլարի հետ, ինչն էլ հանգեցրել է նրա պահանջարկի ավելացմանը։ Սա տրամաբանական կարող է լինել այն համատեքստում, որ միջազգային շուկաներում վերջին մի քանի ամիսներին արձանագրվում է ամերիկյան արժույթի ուժեղացում եվրոյի նկատմամբ։ Ճիշտ է, վերջին օրերին այստեղ դոլարի որոշ թուլացում է նկատվում, բայց հայաստանյան շուկան դրա հետ որեւէ կապ չունի։
Ինչեւէ, շուկայում դոլարային ճնշումը թուլացնելու համար Կենտրոնական բանկի իրականացրած ներարկումները հիմք են տալիս ասելու, որ այդ խնդիրը սկսել է անհանգստացնել նաեւ նրան։ Այդ է վկայում նաեւ անցած օրը արժութային բորսայում տեղի ունեցած գործարքների մեծ ծավալը՝ 20 մլն դոլար, որը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, իրացրել է Կենտրոնական բանկը։
Մյուս կողմից՝ նկատելի է դրամի զանգվածի կրճատում. վերջին 10 օրվա ընթացքում կանխիկի շրջանառությունը նվազել է շուրջ 10 մլրդ դրամով։
Սակայն անգամ այսպիսի ձեռնարկումների պայմաններում շուկան առայժմ չի հանդարտվում։ Այդ է վկայում նաեւ փոխանակման կետերում դոլարի առք ու վաճառքի տարբերությունը. դոլարը գնվում է հիմնականում 402 եւ վաճառվում 404 դրամով։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031