Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական սելիտրան վերջացել է

Մայիս 24,2012 11:08

Խորհրդարանական ընտրությունները արդեն սարերի ետեւում են, եւ Հայաստանի բնակիչները, հատկապես մարզերում, սկսել են վերադառնալ դառն իրականության գիրկը։

ԱԺ ընտրությունների քվեարկության հաջորդ օրն իսկ մարզերի գյուղական համայնքների բնակիչներն արձանագրել են, որ վաճառակետերից անհետացել է «էժան» ազոտական պարարտանյութը։ Եթե մինչեւ քվեարկության օրը գյուղացիները կարողացել էին պարարտանյութի մեկ պարկը ձեռք բերել 7 հազար դրամով, ապա մայիսի 7-ից սկսած՝ պարարտանյութի գինը վաճառակետերում դարձել է 9-10 հազար դրամ։ Ինչպես հայտնի է, դեռեւս անցած տարվա վերջին ՀՀ կառավարությունը հայտարարեց 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ ներկրելու եւ էժան գնով գյուղացիներին հատկացնելու մասին։ Պաշտոնապես այդ պարարտանյութը գյուղացիներին պետք է հատկացվեր մեկ պարկը 6 հազար դրամով։ Սակայն, գյուղացիները դեռեւս ապրիլին պատմում էին, որ պարարտանյութի մեկ պարկի համար իրենք 6 հազար 500 դրամ են վճարում։ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներն, իհարկե, հերքում էին՝ պնդելով, որ կառավարության որոշմամբ ներկրված պարարտանյութը վաճառվում է 6 հազար դրամով, եւ վե՛րջ։ Ամեն դեպքում, քանի դեռ այդ պարարտանյութը կար, գյուղացիները քիչ թե շատ գոհ էին. 6 հազար 500 դրամի եւ 9-10 հազար դրամի տարբերությունը քիչ չէ։ Մեղմ ասած։

Արդեն մի քանի օր է՝ տարբեր մարզերից ահազանգեր ենք ստանում այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրվանից պարարտանյութի գինը կտրուկ բարձրացել է։ Երեւանի խանութներում եւս պարարտանյութի մեկ պարկն այժմ վաճառվում է 9-10 հազար դրամով (գնային տատանումը պայմանավորված է մեծածախ եւ մանրածախ գների տարբերությամբ):

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշմամբ գյուղացիներին ցածր գնով պարարտանյութ հատկացնելու ծրագիրն արդեն գրեթե ավարտվել է։ «Այսօրվա դրությամբ բոլոր մարզերն իրենց հասանելիք պարարտանյութը ստացել են, մնացել է, որպեսզի 15 տոննա Տավուշի մարզ գնա եւ 17 տոննա էլ՝ Արագածոտն։ 25 հազար տոննան կառավարության կողմից հաստատված քվոտաներով հատկացվել է մարզերին»,- ասաց Գալստյանը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031