Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Հայաստանում իմ մնալով վնաս եմ պատճառում, ցավ եմ պատճառում ժողովրդին»

Մայիս 24,2012 10:55

Հատվածներ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ հարցազրույցից:

Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը եւ արդյունքը։

– Իմ գնահատականն այն է, որ Հայաստանում ընտրություն չի եղել, այն, ինչ եղել է, ընտրություն չէր։ Եթե ժամանակին կոմունիստները ժողովրդի ձեռքից հավատը վերցրեցին, ապա հիմա իշխանությունները խլեցին արժանապատվությունը։ Ժողովուրդն ամբողջովին գնված էր։ Ես նեղացած չեմ ժողովրդից, ես ցավակցում եմ ժողովրդին այսպիսի անարժանապատիվ վիճակում գտնվելու համար, որին նրան հասցրեց իշխանությունը։ Ո՞նց կարող է մարդն անցնել իմ կողքով, մոտենալ-ասել՝ պարոն Կարապետյան, ես Ձեզ եմ ընտրելու, եւ գնա ու ձայնը փողով վաճառի իշխանությանը։ Բայց, միեւնույն է, դրանից հետո ես սկսեցի ավելի շատ սիրել ժողովրդին։

Ինչո՞ւ եք ավելի շատ սիրում, եթե ասում եք, որ վաճառեց իր արժանապատվությունը։

– Մեկ է՝ ավելի շատ եմ սիրում, քանի որ այս խղճուկ վիճակին

նրանց հասցրեց իշխանությունը։ Ինչպես ժամանակին թուրքն այնպես արեց, որ մարդիկ լքեն իրենց տները, հիմա էլ մարդիկ կորցրեցին իրենց արժանապատվությունը։ Ինչու եմ ասում, որ կորցրեցին արժանապատվությունը. ժողովրդի 60 տոկոսը մի տեղից չէր փող վերցնում, վերցնում էր 2 կամ 3 տեղից։ Փաստորեն, վերցնում էին եւ ՀՀԿ-ից, եւ ԲՀԿ-ից, եւ «Օրինացից»։ Մարդն ինչքան էլ կարողանա տակից դուրս գալ, հարցը դա չի, նա խաբում է երեք տեղ։ Վերցնելուց ասում է՝ ես ձեզ ձայն կտամ, բայց չի տալիս։ Գուցե այդ մարդկանց արժե խաբել, դա չէ խնդիրը, բայց չէ՞ որ նա սովորում է խաբել։ Մի գյուղում, որտեղ ես 11 տարվա ներդրում ունեի, որտեղից ակնկալում էի ամենաշատ ձայները, ամենաքիչ ձայնը ստացա։ Դա է արժանապատվության կորուստը։

Ո՞րն է այդ գյուղը, եւ ի՞նչ էիք արել 11 տարվա ընթացքում այդ գյուղի կամ գյուղացիների համար։

– Խոսքը Դվինի մասին է։ Այդ գյուղին ինչով կարողացել՝ օգնել եմ։ Չեմ ուզում մանրամասն ասել, թե ինչ եմ արել, ինչ չեմ արել, ես երեսով տվող չեմ, իրենք գիտեն։ Բայց իշխանությունն ավելի շատ ուշադրություն դարձրեց այն գյուղերի վրա, որտեղ ես ուժեղ էի, եւ բոլորին գնեցին փողով։ Բացի այդ, մարզպետը գյուղապետին սպառնում էր, որ եթե պարտվի, իրեն կնստացնի, գյուղացիներն էլ հանդես էին գալիս գյուղապետի փրկչի դերում։ Կամ վերցնում են այնպիսի բաներ, որը հեչ սազական չէ։ «Օրինաց երկիրը» հեռախոսներ էր բաժանում, որ լայեղ չէիր անի ձեռքդ վերցնել, բայց մարդը վերցնում է, մտածում է՝ գոնե սա վերցնեմ, վերցնեմ այն, ինչ տալիս են։ Սա ցավալի վիճակ է։ Հետո, կուսակցություններն էլ են խաբում. «Բարգավաճը» գալիս՝ ասում է՝ մենք մեծամասնական թեկնածու չունենք, դու քո կողմնակիցներին ասա՝ քվեարկեն մեր օգտին, մենք մեր կողմնակիցներին կասենք քեզ ընտրեն։ Դու քո ժողովրդին տալիս ես նրանց, իրանք խաբում են։ Հետո գիտեք ինձ ինչը շատ վշտացրեց շատ փիս. բոլորը փող են ուզում, վստահված անձը փող է ուզում, դիտորդը փող է ուզում, ընտրողը փող է ուզում։ Ոնց որ մալի բազար լիներ, առաջարկներ կային, թե այսքան ձայն կա, կառնես, մեկը մեկին տալիս է, առնում է։ Մի գյուղում 1700 ընտրող կար. ՀՀԿ-ն ասում է՝ ես առել եմ 1400 ձայն, ԲՀԿ-ն ասում է՝ 700 ձայն եմ առել, ո՞նց կարող է նման բան լինի։ Որովհետեւ համատարած կաշառակերություն էր։

Դուք խոսել էիք երկրից, քաղաքականությունից հեռանալու մասին, հաստատակա՞մ եք Ձեր որոշման մեջ։

– Ես դեռ որոշում չեմ ընդունել։ Մտածում եմ քաղաքականությունից հեռանալու մասին, բայց դեռ չեմ որոշել։ Ես համարում եմ, որ իմ մնալով վնաս եմ պատճառում, ցավ եմ պատճառում ժողովրդին։ Իրենք ուզում են ինձ ձայն տան, բայց փողը վերցնում-ուրիշին են ընտրում։ Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ կա ազնիվ ու արդար մարդկանց մի մեծ տոկոս, որովհետեւ մարդիկ զանգում են, ասում են, որ ստիպված են եղել, որ իրենց գլխին կանգնել են, որ իրենք քվեարկեն։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031