Հատված «Ժառանգության» նախկին քարտուղար Կարինե Հակոբյանի հետ հարցազրույցից:
– Փաստորեն, Դուք եւս հակված եք այն կարծիքին, որ «Ժառանգությունը» միայնակ է վաստակել ընտրաձայների 5 տոկոսը։
– Գիտեք, «Ժառանգությունը» կարող էր ոչ միայն 5 տոկոսի շեմը հաղթահարել, այլեւ ավելի մեծ արդյունքների հասնել, եթե շատ ավելի վաղուց (ես նկատի չունեմ նախընտրական շրջանը) իր դիրքորոշման մեջ հստակ լիներ, իր ուղեգծին հավատարիմ լիներ եւ կարողանար զանազանել եւ կարեւորեր այն հարցը, թե ովքեր պետք է լինեին իր պատգամավորները, մարդու ո՞ր տեսակը եւ գիտելիքների ինչպիսի՞ պաշարով։ Իսկ այդ ամենն ընդհանրապես անտեսված էր, դրա համար էլ արդյունքն այսպես եղավ։
– Իսկ ո՞ր տեսակին էր Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակը կազմելիս նախապատվություն տալիս։
Կարդացեք նաև
– Ես որեւէ սկզբունք չեմ տեսնում, եւ դա է ինձ համար անհասկանալի։ Ընդհանրապես գիտելիք ունեցող, լայնախոհ մարդիկ կարծես թե չէին կարեւորվում որպես պատգամավոր։
– Իսկ այդ ժամանակ Ստյոպա Սաֆարյանը կամ Անահիտ Բախշյանը որեւէ անհամաձայնություն հայտնե՞լ են ցուցակի կազմման վերաբերյալ։
– Երբեք, երբեք։ Նրանցից ոչ մեկը անհամաձայնության թեթեւ ակնարկ չի արել։ Ինչեւէ, այդ հարցերն այլեւս անցյալում են, եւ հիմա կարծում եմ՝ «Ժառանգությունը» ճիշտ կանի, որ խոսի ոչ թե իր ցուցակի մասին, այլ ընդհանուր քաղաքական խնդիրների մասին եւ իր դիրքորոշումն արտահայտի կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու շուրջ, որովհետեւ Հայաստանի ապագան է լուծվում, եւ ես շատ ցավում եմ, որ «Ժառանգության»
դիրքորոշումը չեմ տեսնում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»