Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռահաս աղջիկների ծեծկռտուքի տեսանյութի հետքերով. ովքե՞ր են «հերոսները» եւ մեղավորները

Մայիս 24,2012 10:16

NEWS.am-ի թղթակիցն այցելել է Երեւանի թիվ 102 դպրոց, որտեղ տեղի էր ունեցել իրար դաժանաբար ծեծող եւ հայհոյող աշակերտուհիների հետ կապված միջադեպը եւ որի տեսահոլովակը արդեն մի քանի օր է` համացանցում մեծ քննարկումների առիթ է հանդիսացել: Աջափնյակի թիվ 102 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմեց, որ նման միջադեպեր ընդհանրապես այս դպրոցում չեն եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել հավանաբար մեկ տարի առաջ, որի մասին ինքը տեղեկացել է երկու օր առաջ, երբ տարածվել է այդ տեսանյութը:

Տեսանյութում ծեծող աղջիկը` Մ. Ե-ն այդ դպրոցի աշակերտուհիներից է, իսկ ծեծվողը` Ք.Պ.-ն, ավարտել է նույն դպրոցը: Տնօրենը երկու սաներին էլ ճանաչում է եւ պնդում, որ նրանք երբեւէ կոնֆլիկտ չեն ունեցել: «Նա ուսման հանդեպ անտարբեր էր, ձգտում չուներ, չէր գալիս դպրոց,  հետաքրքրություններն այլ էր, դպրոցը չի էլ ավարտել, վկայական չի ստացել, 17 տարին լրացել է, 2011թ սեպտեմբերի առաջին շաբաթը ծնողների դիմումի հիման վրա ազատվել է դպրոցից, տեղեկություն չունեմ, թե հիմա ինչով է զբաղվում»,- բնութագրելով ծեծվող աղջկան` Ք.Պ.-ին` ասաց նա:

Միջադեպին «թամաշա» անող տղաներն էլ դպրոցի արդեն նախկին սաներից են, ծեծվողի դասընկերները, ովքեր նկարահանում էին կռիվը եւ կրակի վրա յուղ լցնում:

Իսկ ծեծող աղջիկը` Մ. Ե-ն, այս տարի է ավարտում դպրոցը, սովորում է 9-րդ դասարանում: «Մեզ համար անակնկալ էր նման տեսանյութը, որովհետեւ նրան ճանաչելով` բացարձակապես այդ կարծիքը չունենք նրա մասին: Դպրոցում նա իրեն շատ լավ է պահում, շատ նորմալ, շնորհքով, դասերից գրեթե չի բացակայում, վատ չի սովորում, միջին կարողությունների տեր աշակերտուհի է, պահվածքն էլ նորմալ, ապշած եմ, որ դա այդ աղջիկն է»,- ասաց նա:

Տնօրենը տեղեկացրեց, որ այս երեխան տատիկի հոգածության ներքո է, ով շատ հետեւողական է, պարբերաբար գալիս, գնում է դպրոց, հետաքրքրվում է նրանով եւ այս միջադեպի հետ կապված բավականին բարկացել է եւ ասել, որ կպատժի թոռնուհուն: Իսկ նրա ծնողներն ամուսնալուծված են:

Ռուզաննա Հայրապետյանը նշեց, որ նախկինում այդ աշակերտուհու հետ կապված որեւէ միջադեպ չի գրանցվել, վարքի շեղումներ չի նկատել: Տեսանյութի տարածումից հետո նա դպրոց չի հաճախել, երեկ տարել են ոստիկանություն, իսկ այսօր առավոտյան հանդիպել է տնօրենի հետ եւ զրուցել են: «Ես հարցրեցի, թե ինչից սկսվեց վեճը, ինքն էլ պատմեց, որ անհեթեթ պատճառներից ելնելով, մայրիկին հայհոյելու, տղայի հետ կապված խնդիր չի եղել: Միջանցքով քայլել են դպրոցում, մեկը մեկին հրել է, սա խոսքով ասել է նորմալ քեզ պահիր, գնացել է տուն, դասերից հետո այդ աղջիկը զանգել, կանչել է, թե արի պարզաբանենք, տեսնենք ինչ է եղել, դպրոցի հետեւում այդ վիճաբանությունը սկսվել է»,- ասաց նա` հավելելով, որ վիճաբանությունը եղել է անտեսանելի վայրում, դասերից հետո, երբ դպրոցում արդեն մարդ չկար:

Տնօրենը զրուցել է աշակերտուհու հետ, հավատացել է նրա պատմածներին, չի նախատել, քանի որ երեխան ծանր վիճակի մեջ է եղել:

Նրա փոխանցմամբ` աշակերտուհին իր արարքից դժգոհ էր, զղջացել էր եւ հաջորդ անգամ եթե իրեն վիրավորեն, հաստատ այդպես չի պատասխանի: Նա կարեւորեց երեխային չքարկոծելը, այդ վիճակից հանելը, նրան կոլեկտիվում ընդգրկելը:

Միջադեպի հետ կապված Ռուզաննա Հայրապետյանը զրուցել է մանկավարժների հետ, այդ դասարանի դասղեկի հետ վերլուծել են միջադեպը, եւ որոշել են, որ այսպես ասած` որպես պատիժ` աշակերտուհին չի մասնակցի ավարտական միջոցառմանը, կմասնակցի քննություններին եւ կավարտի դպրոցը: Երեխայի մասին կարծիքը չի փոխվել:

«Մանկավարժները միաբերան ասում են, որ չէին սպասում, որ նա կարող է նման վարք դրսեւորել, նա երբեւէ իրեն այդպես չի պահել: Չես հասկանում, թե այդ ագրեսիան որտեղից է առաջացել»,- ասաց տնօրենը` հավելելով, որ այդ դասարանի դասղեկն ընդամենն իմացել է, որ ինչ-որ վիճաբանություն է եղել, բայց ով կմտածեր, որ դա այդպես զարգացում է ունեցել:

Միջադեպի հետ կապված տնօրենը մանկավարժների թերացումը կամ սխալը հիմնականում չի տեսնում: Իսկ թե ինչն է  նման միջադեպի պատճառը, ով է թերացել, կամ ով է մեղավոր, Ռուզաննա Հայրապետյանը կարծում է, որ ավելի շատ հրապարակելուց է, քան ուրիշ բանից: «Կարծում եմ, որ այդ տեսանյութի հրապարակման պատճառն առաջին տեսանյութն էր, որը տարածվեց եւ մեծ արձագանք եղավ, եւ երիտասարդները մտածեցին արկածախնդրություն է, ու իրենք էլ փորձեցին: Ձեզ թվում է այն ժամանակ չի՞ եղել այսպիսի բաներ, կոծկել են, իսկ հիմա հանում փռում են աշխարհով մեկ: Եթե դա եղած լինի գոնե մի շաբաթ առաջ, կասեինք հա, բայց որ էսքան աղմուկ բարձրացավ մեկ տարի առաջ եղածի համար: 10 տարի առաջ նման միջադեպեր գուցե եղել են, մենք տեղյակ չէինք, գուցե ավելի փոքր մասշտաբի են եղել»,- ասաց տնօրենը:

Նա կարծում է, որ այսպիսի բախումների պատճառը երեխաների անցումային տարիքում գտնվելու եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներն են, մասնավորապես` կայանալու, «ես»-ի խնդիր եւ այլն: Նա հավատացած է, որ դպրոցները ոչ մի ձեւով չեն փոխվել եւ իրենց սկզբունքներին հավատարիմ են:

NEWS.am-ի թղթակցի այցելության ժամանակ դպրոց էր ժամանել նաեւ Երեւանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով զրուցեց այդ դասարանի աշակերտների հետ:

Ծեծող աղջկա համադասարանցիները բավական լավ են արտահայտվում նրա մասին` նրան բնութագրելով ընկերասեր, բարի, կարգապահ անձնավորություն: Գայանե Սողոմոնյանը աշակերտներից հետաքրքրվեց ինչպես այդ երեխայի վարքի մասին, այնպես էլ միջադեպի հետ կապված մանրամասներով: Համադասարանցիների համար եւս զարմանալի էր նման տեսանյութը, բայց նրանք պատրատասկամություն հայտնեցին օգնության ձեռք մեկնելու իրենց ընկերուհուն: Երեխաները նշեցին, որ աղջիկը շատ սկզբունքային է եւ տաքարյուն, եթե ինչ-որ բան իր ընտանիքին եւ մետրիմներին է վերաբերում:

Նրա համադասարանցի Խաչիկը նշեց, որ իրենց համար շատ դժվար է, որ համադասարանցին այդպիսի քայլի կարող է գնալ եւ իրենք պետք է նրան օգնեն, որ այլեւս չկրկնվի: «Ինքը շատ ամաչում է եւ զղջում դրա համար»,- ասաց Խաչիկը: Իսկ Արտաշեսը կարեւորեց, որ կռվին ներկա տղաները չպետք է թույլ տային, որ նման բան լիներ: Աշակերտները  չբացառեցին, որ աղջիկների վիճաբանության պատճառը ընտանիքի հասցեին հնչած վիրավորանքը կարող էր լինել:

Այլ մանրամասներն առաջարկում ենք դիտել տեսանյութում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն երրորդ անգամ տեսանյութ է տարածվում, որտեղ դեռահաս աղջիկները դաժանաբար ծեծում են իրար եւ հայհոյում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031