Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է հնարավոր ուշադրություն շեղել մի թեմայից, որի մասին լռում են

Մայիս 24,2012 00:30

Ինչ ջանադրաբար էր «ուշադրություն շեղում» ոստիկանը

Քանի օր է՝ տարբեր կոչեր եմ կարդում, թե կուտը մի կերեք, եւ մի արձագանքեք «Բազմազանության շքերթի» ժամանակ կատարվածին՝ սա ընտրախախտումներից ուշադրություն շեղելու փորձ է եւ այլն:

Մեկն էլ կմտածի՝ մինչ այդ այնպես էին կենտրոնացել ու խոսում ընտրախախտումների մասին…. Լրագրողական ողջ գործունեությանս ընթացքում չեմ հիշում նման որեւէ քվեարկություն, որի հաջորդող օրերին գրեթե բոլոր մասնակից քաղաքական ուժերը գերազանցապես լռեին, ու լրագրողները զոռով, ասես «աքցանով» իրենցից գնահատականներ կորզեին կայացած ընտրությունների մասին: Չեմ հիշում որեւէ նախադեպ, երբ այսքան քիչ լինեին վերահաշվարկի մասին դիմումները, բողոքները դատարաններ, ԿԸՀ էլ գերազանցապես մի հոգի դիմեր:

Իսկ հիմա պարզվում է, որ «առանձին լրատվամիջոցներ», ու հաստատ իշխանական թելադրանքով՝  փորձում են ուշադրություն շեղել այդ թեմայից: Երեւի ակումբ հրկիզողներին ու «գոմիկ, հեռացիր» վանկարկողներին էլ էին հենց այդ չարանենգ ԶԼՄ-ները գործուղել դեպքի վայր՝ հեռագնա «շեղիչ» նպատակներով:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Հա, առիթն օգտագործելով, որ էլի այս թեմայի մասին գրեցի, մի փոքրիկ խնդրի էլ եմ ուզում անդրադառնալ: Aravot.am-ի Youtube-ի էջում տեղադրված «Բողոքողները երգում էին դաշնակցական երգեր» տեսանյութի ներքո անընդհատ կոչեր են հնչեցվում, թե մենք կուսակցականացնում ենք, դրանք դաշնակցական երգեր չեն, այլ ազգային ու հայրենասիրական, ամոթանք են մեզ տալիս եւ այլն:  Սակայն չարժե հերքել անհերքելին՝ «Բազմազանության շքերթը» խոչընդոտող երիտասարդների շարքերում եղել են դաշնակցականներ: Եվ որպես ապացույց՝ մեջբերում եմ մեկ այլ լրատվամիջոցի`Panorama.am-ի նկարահանած տեսանյութը, որտեղ այդ խումբը երգում է «Զարկեց ճակտին, փռեց գետնին, ընկեր ջան, գինի լից»: Թե՞ նրանք էլ էին ուշադրություն շեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031