Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որն իր աշխատանքներն ամփոփեց նույն օրը հրավիրված մամուլի ասուլիսով:
ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը, Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կապիշինը միաձայն ընտրվել է խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, որոշվել է ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը:
Արեգ Ղուկասյանը նշեց, որ հաստատվել է վեհաժողովի հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերի մեծ մասը: Որոշվել է Բյուրոյի եւ Կոմիտեի նիստերում չընդունված հարցերը նորից մտցնել աշխատանքային խմբի օրակարգ: Կանոնակարգի համաձայն` Վեհաժողովում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին. խորհրդանշական մուրճը Արեգ Ղուկասյանը հանձնեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւին:
Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին՝ Վեհաժողովի աշխատանքները լավ կազմակերպելու եւ բարձր մակարդակի ընդունելության համար:
Կարդացեք նաև
Ասուլիսին մասնակից ազգային պատվիրակությունների ղեկավարները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:
ՍԾՏՀ ԽՎ աշնանային` 40-րդ նիստը կգումարվի այս տարվա նոյեմբերի 21-22-ին, Բաքվում: