Այսօր՝ մայիսի 23 –ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց մեկ ամիս առաջ «Առավոտ երիտասարդականի» հայտարարած «Իմ գիրքը» խորագրով լուսանկարների մրցույթը: Այն նվիրված էր Գրքի և հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային օրվան, որը նշվում է ապրիլի 23-ին: Մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարները ապրիլի 23-ից ցուցադրվել են ՀԵՀ երիտասարդական կենտրոնում:
Շուրջ մեկ ամիս շարունակ բոլոր 20 մասնակիցները հնարավորություն ունեին օն-լայն տարբերակով հավաքել դիտումներ, առավելագույն դիտում ունեցած լուսանկարների հեղինակները կհամարվեին հաղթողներ: Եվ այդ առավելագույն միավորները հաջողվեց հավաքել երեք մասնակիցների: Առաջին տեղը զբաղեցրել է Արթուր Օրդոյանը, երկրորդ տեղում Զարուհի Ալեքսանյանն է, իսկ երրորդում՝ Արսեն Սարգսյանը:
«Մրցույթի շնորհիվ պարզ դարձավ, թե երիտասարդները որքանով են հետաքրքրված ընթերցանությամբ: Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, մանավանդ որ այս տարի Երևանը հռչակվել է գրքի համաշխարահային մայրաքաղաք», – ասաց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, և ավելացրեց՝ գրքի և ընթերցանության հետ կապված ծրագրեր ունենալու դեպքում կարող եք դիմել հիմնադրամին, մենք կօգնենք իրականացնել այդ մտահղացումները: Պարոն Ավագյանը «Առավոտ երիտասարդականի» պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանի հետ միասին հաղթողներին հանձնեց հավատարմագրեր և լուսանկարչական գիտելիքներն ամրապնդող գրքեր, որոնք կօգնեն էլ ավելի կատարելագործել մասնագիտական հմտությունները:
Տիգրանուհի Թասլակյան
Հ.Գ. Մրցույթի հաղթողների, նրանց նախասիրությունների մասին կիմանաք հետագայում` կարդալով «Առավոտ երիտասարդական»: