Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխող քաղաքական վերնախավը առանձնապես լուրջ քաղաքական բարեփոխումներ չի կատարել»

Մայիս 23,2012 21:29

Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտն իր բյուլետենում հրապարակել է փորձագետ Քոնրադ Զասթաութի վերլուծությունը, որտեղ նա՝ անդրադառնալով մայիսի 6-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններին նկատում է. « Իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում մատնանշում է այն, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կշարունակվեն ՀՀ-ի արտաքին քաղաքական խնդիրները դիտվել որպես առաջնահերթություն: Սակայն ակնհայտ է նաև այն, որ Հայաստանի իշխող քաղաքական վերնախավը առանձնապես լուրջ քաղաքական բարեփոխումներ չի կատարել: Ուստի հայաստանյան ժողովրդավարության ապահովման ևս մեկ փորձ կարող են լինել 2013-ի ՀՀ նախագահական ընտրությունները»:

Լեհ փորձագետի դիտարկմամբ՝ չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություների արդյունքում բարելավել է իր դիրքերը, սակայն հնարավոր է նաև մուտք չգործի նոր կառավարություն, քանի որ «Հանրապետական կուսակցությունն այսօր ի վիճակի է կառավարել առանց կոալիցիոն գործընկերոջ»:

Ք. Զասթաութը, վկայակոչելով ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին միջազգային կազմակերպությունների դրական եզրակացությունները, շեշտում է, որ տեղական դիտորդական կազմակերություններրը գրանցել են ընտրակաշառքի, ընտրախախտումների բազում դեպքեր:

Լեհ փորձագետի դիտարկմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունները հավասարապես առանձնապես մեծ հեղինակություն և սեր չեն վայելում հասարակության շրջանում: Փորձագետը նշում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կոնգրեսը, երբ որոշում կայացրեց մուտք գործել խորհրդարան՝ ինչ-որ առումով արժեզրկվեց հանրության մեծամասնության աչքերում»:

Լեհ փորձագետը ՀՀ-ում նկատում է քաղաքական համակարգի ժողովրդավարացման դանդաղ տեմպեր և պատճառաբանում. «Խորհրդարանական ընտրությունների՝ ժամանակակից չափանիշներով անցկացման հնարավորությունները սահմանափակ էին: Պատճառը քաղաքականության մեջ օլիգարխների ներգրավվածությունն ու նրանց՝ ՀՀ քաղաքական էլիտայի մաս կազմելն էր»:

Դառնալով ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակներում ՌԴ-ի հետ ունեցած հարաբերություններին՝ Ք. Զասթաութը նկատում է, որ չնայած ձայների մեծ քանակ ստացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկություն ունի խորացնել տնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ, սակայն նա այս ուղղությամբ առանձնապես մեծ դերակատարություն չի ունենա: Լեհ փորձագետը եկել է այն եզրակացության, որ իշխող քաղաքական կուսակցության հզորացումը կհանգեցնի ՀՀ-ում պրո-եվրոպական քաղաքական ուղղության խորացմանը, թեկուզ զուտ հռչակագրային մակարդակով, քանի որ իրական եվրոպական արժեքերին դավանելն ու համապատասխանելը երկար ժամանակ է պահանջում: Փորձագետը շեշտում է. «Այդ արժեքներին հնարավոր է դավանել՝ զարգացնելով կրթական համակարգը, եվրոպական երկրներում ուսանողների փոխանակությունը, համագործակցությունը եվրոպական ՀԿ-ների և կառավարական մարմինների հետ: Սա պետք է վերաբերի ոչ միայն մայրաքաղաքային, այլև մարզերին»:

Նա նաև շեշտում է, որ դեռ երկար կպահպանվի ՀՀ՝ գոյություն ունեցող դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ բխելով ղարաբաղյան հիմնախնդրից: Փորձագետն այս կապակցությամբ նշում է. «ԵՄ-ի շահագրգռվածությունը ՀՀ-ի ժողովրդավարացման ուղղությամբ կխթանի ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Միևնույն ժամանակ ԵՄ-ն պետք է շարունակի մասնակցությունը խաղաղության ապահովման գործում, որպեսզի նվազեցնի հակամարտության սրացման ռիսկերը: Այդուհանդերձ, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան պայմանավորված է Հայաստանի քաղաքական առաջնորդների՝ երկիրը ժողովրդավարական ճանապարհներով տանելու իրական ցանկությամբ և գործունեությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031